Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահածոների» ժամանակն անցել է

Հոկտեմբեր 06,2015 10:04

Երեկ նշվեց ուսուցչի օրը: Հավուր պատշաճի շատ բաներ ասվեցին: Ուսուցիչներին գովեցին, ծաղիկներ նվիրեցին: Ինչ խոսք, նրանք արժանի են ամենաբարձր գովասանքների՝ նաեւ, իհարկե, ավելի բարձր աշխատավարձի: Բայց, ինչպես եւ ցանկացած միջոցառում, այն մեկ օրվա նշանակություն ունի եւ չի կարող ստվերել այն հանգամանքը, որ ուսուցչի դերն այսօր փոխվել է, եւ այնպես, ինչպես դաս էին տալիս ինձ, այլեւս հնարավոր չէ դաս տալ իմ երեխաներին եւ, մանավանդ, թոռներին: Եվ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Ամեն ինչ գալիս է այն նախապաշարումից, որ գիտելիք մի պահածո էր, որն ամեն օր ուսուցիչը բերում է իր հետ դասարան եւ հմտորեն բացում ու մատուցում է աշակերտներին: Ցանկացած աշակերտ կամ, առավել եւս, ուսանող հնարավորություն ունի օգտվելու այդ «պահածոյից» համացանցի միջոցով, եւ հաճախ դա կարող է անել ավելի արագ, քան նրա ուսուցիչը: Եթե դիմենք մի փոքր այլաբանության, ապա կարելի է ասել, որ ուսուցիչը նրա համար չէ, որ դասարանում հայտնի, թե որքան կլինի երկու անգամ երկուսը, այլ նրա համար, որպեսզի հուշի, թե ինչ բան է բազմապատկելը, ինչպես է դա արվում եւ ինչի համար է դա պետք: Youtub-ում բազմաթիվ ոգեւորիչ տեսանյութեր կան, թե, օրինակ, ինչպես են երեխաները սովորում ֆիզիկայի օրենքները ոչ թե թղթի վրա գրված բանաձեւեր սերտելով, այլ, ասենք, հեծանիվ հավաքելով: Ցավոք, աշխարհի ոչ մի դպրոցում նման մոտեցումն առօրյա չի դարձել:

Ջրի բանաձեւը կամ «Վարդանանքի» համառոտ շարադրանքը համացանցում կա՝ դրանք մտապահելու, անգիր սովորելու խնդիր աշակերտն այլեւս չունի: Համացանցում չկան գիտելիքի, տվյալ առարկայի կամ տվյալ գեղարվեստական ստեղծագործության «համն ու հոտը», սովորելու «հավեսը», մարդկային շփումների հաճույքը: Ինչպես երաժշտության մեջ կարեւոր են ոչ այնքան բուն հնչյունները, այլ այն էներգիան, որը դրանց միացնում է, այնպես էլ ուսուցման մեջ կարեւոր է այն մթնոլորտը, որն ուսուցիչը ստեղծում է աշակերտների հետ միասին: Եվ այսօր, երբ «պահածո» գիտելիք գտնելն այլեւս խնդիր չէ, անհատի, անձի դերը կրկնապատկվում եւ բազմապատկվում է: Աշակերտներին պետք է ոչ այնքան «ինչ»-ը, նույնիսկ՝ ոչ թե «ինչպես»-ը, այլ շատ ավելի արմատական հարց՝ ինչի համար, հանուն ինչի:
Այդ հարցին պատասխան ունեցող մարդը ինքն է, ի վերջո, դառնում միաժամանակ իր ուսուցիչը եւ իր աշակերտը՝ ողջ կյանքի ընթացքում: Այդ հավերժական ձգտումն է, որ պետք է սովորեցնի դպրոցը կամ գուցե նույնիսկ մանկապարտեզը: Նորմալ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք անընդհատ ներքին խթան ունեն փոխվելու եւ կատարելագործվելու: Դա չի նշանակում, որ չի կարող լինել մեկը, որն անհրաժեշտության դեպքում կարող է ինչ-որ բան հուշել: Բայց այդ «հուշողը» չպիտի լինի դատավորի, մեղադրողի, քննադատողի կամ պատժողի դերում: Այլ կերպ ասած՝ նա չպիտի լինի այն ուսուցիչը, որը դասավանդում էր 40 տարի առաջ: Այն տեսակը, որը, ցավոք, գերիշխում է առայսօր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Յուրաքանչյուր գիտություն, որը պարտադիր է այս կամ այն աստիճանի կրթված լինելու համար՝ անպայման պետք է իր մինիմալ թույլատրելի գիտելիքների չափով յուրացված լինի: Օրինակ՝ միայն ֆիզիկայի որոշակի օրենքներ բավարար իմացող երեխան կարող է հեծանիվ սարքելու պրոցեսում իր տեսական գիտելիքի գործնական կիրառումը տեսնել և ՀԱՍԿԱՆԱԼ արածի իմաստը: Հակառակ դեպքում դա ընդամենը հմտություն է՝ արհեստ, որը շատ լավ բան է, բայց կրթություն չի:
    Իսկ դուք ասում եք՝ պահածո ա էլի, թող երեխեն որն ուզում ա՝ ինքն էլ բացի և ուտի…
    Այ հենց այդ պատճառով էլ համացանցային ինչ որ էջերում օնլայն քննություն հանձնելով պրոֆեսորի կոչում ստացածներ կան, դեռ դռան վրա էլ ցուցանակը կպցրած:
    Այդպես հեռու չէ այն օրը, որ ամեն հեծանիվ սարքող կարող է իրեն ֆիզիկոս կարծի, կամ դասական երաժշտությունը երբեք կենդանի կատարմամբ չլսած մարդիկ երաժտագետ դառնան:
    Ի դեպ դպրոց չգնալ և համացանցով սովորելը նման է դասական երաժշտությունը այփադի ականջակալով լսելուն: Բոլորովին նույն բանը չէ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031