Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցով դիմել է Արդարադատության խորհուրդ

Հոկտեմբեր 07,2015 10:25

2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը: Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության: Ապա նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանը անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը՝ վճռել էր պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ:

Սրանով, սակայն, դատական վիճաբանությունները չեն ավարտվել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ է ընդունվել օրաթերթի հայցով մեկ այլ գործ: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Դատական նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացրած անտրամաբանական որոշմանն անդրադարձել է նաեւ Օմբուդսմենի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Պաշտպանը միջնորդել է դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնել:

Ըստ ՄԻ պաշտպանի՝ ուսումնասիրությունները պարզել են, որ դատավոր Ռ. Ներսիսյանը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում, որ դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվի: Օմբուդսմենի հիմնավորմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին: Պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը: Իսկ արատավորող արտահայտությունների արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը։ ՄԻՊ-ը հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասին՝ հայտնում է, որ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Հատկանշական է Օմբուդսմենի գրասենյակի հետեւյալ հիմնավորումը՝ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտության պատճառով պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ Օմբուդսմենը նկատում է, որ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել: Նշվածը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանը դատարանին չի ներկայացրել զրպարտության պատճառով իրեն պատճառված վնասը հստակորեն հիմնավորող փաստեր եւ համապատասխանաբար այդ փաստը հավաստող ապացույցներ, այլ պարզապես դատարանից պահանջել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող զրպարտչական տեղեկություններ տարածելու համար օրաթերթից բռնագանձել 2 մլն դրամ, իսկ վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելու համար՝ 1 մլն դրամ՝ որպես փոխհատուցում։

Այսինքն՝ որոշման մեջբերված դրույթներից բխում է, որ եթե հայցվոր կողմը օրենքով նախատեսված ոչ նյութական հատուցման պահանջներից բացի՝ ներկայացրել է նաեւ դրամական «փոխհատուցման» պահանջ, ապա պետք է ապացուցի նաեւ, թե ինչո՞ւ առաջինը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Իսկ դատարանի կայացրած վճիռը չի պարունակում դատարանի որեւէ եզրահանգում կամ կարծիք վերը նշվածի վերաբերյալ: Ստացվում է, որ դատավորը չի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածում եւ ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, չի կիրառել տվյալ գործով ՍԴՈ-997 որոշումը, ինչը համարվում է դատավարական իրավունքի նորմի խախտում: Իսկ սույն գործով ՍԴՈ-997 որոշումը չկիրառելն իր հերթին հանգեցրել է նյութական իրավունքի նորմի խախտման: Ի դեպ, ՄԻՊ-ը հայտնում է նաեւ, որ որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով չի կարող կասկածի տակ դրվել այն, որ դատավորը նախ պետք է ուսումնասիրեր հայցադիմումով բարձրացված խնդրի կարգավորմանն առնչվող ամբողջ իրավական դաշտը, որից հետո Վճռի պատճառաբանական մասում ամրագրեր իր եզրահանգումը կիրառելի իրավունքի վերաբերյալ:

ՄԻ պաշտպանը հղում է արել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ խոսքի ազատության իրավունքին, որը տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ ու չեզոք, այլեւ նրանց, որոնք կարող են վիրավորել, ցնցել կամ անհանգստություն պատճառել անձանց: Այդ շրջանակներն առավել լայն են լրագրողների մասնագիտական գործունեության դեպքում, ըստ որի՝ լրագրողական ազատությունը ներառում է որոշակի աստիճանի չափազանցության եւ նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն: Ամփոփելով խոսքը՝ Օմբուդսմենի գրասենյակը գտնում է, որ դատավոր Ռ. Ներսիսյանը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հիմա մնում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամները ընդառաջեն ՄԻՊ դիմումին: Մենք հետեւողական կլինենք խնդրին:

«Առավոտ» օրաթերթ
07.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031