Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրադարանավարն իր վերաբերմունքով կարող է ընթերցողին «բերել» գրադարան»

Հոկտեմբեր 07,2015 16:51

Արդեն տասը տարուց ավելի է, որ Հայաստանում հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004 թվականին:

Այն նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորելու գրադարանների և գրադարանավարների դերը հասարակության կյանքում:

Գրադարանավար Գոհար Ենոքյանը, որն արդեն քսան տարի է՝ աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում, համոզված է, որ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու գործում պակաս կարևոր չէ նաև գրադարանավարի դերը. «Վերջինս իր վերաբերմունքով, գիտելիքներով, դրանց մատուցման ձևով կարող է ընթերցողին «բերել» գրադարան: Իհարկե, դա կախված է նաև գրադարանային պայմաններից, որոնք վերջին տարիներին անհամեմատ ավելի հարմարավետ են դարձել, և ընթերցողները հաճույքով են գալիս գրադարան: Միջավայրը տրամադրող է, ու շատերն ասում են, որ իրենց համար շատ ավելի հաճելի է այստեղ կարդալը, քան նույնիսկ տանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Ենոքյանը:

Այստեղ գրադարանավարն ընթերցողին այս կամ այն գիրքը խորհուրդ տալու խնդիր գրեթե չունի: Ընթերցողները գալիս են կոնկրետ պահանջներով. «Հիմնականում ուսանողներ են, ունեն իրենց թեմաները և գիտեն՝ իրենց ինչ է պետք: Մենք երբեմն օգնում ենք նրանց այն հարցում, թե տվյալ թեման որ գրքում կարող են գտնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Գրադարանը նաև արտասահմանցի այցելուներ ունի՝ պարսիկ, հնդիկ ուսանողներ: Հարցին, թե ինչպես են նրանց հետ «լեզու գտնում», Գ. Ենոքյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Նրանց հայերեն ենք սովորեցնում, որ ավելի հեշտ շփվենք»:

Գրադարանավարի խոսքով՝ արտասահմանցի ուսանողներին գրադարանում ավելի շատ միջավայրն է գրավում. «Նրանք բժիշկներ են ու իրենց գրքերը հիմնականում բերում են իրենց հետ, ավելի քիչ են մեզ մոտ պատվիրում: Ասում են, որ ընթերցասրահում կարդալն ավելի հաճելի է»,- ասաց Գ. Ենոքյանը:

Ինչ վերաբերում է գրքերի էլեկտրոնային և թղթային տարբերակների նախընտրությանը, մեր զրուցակիցը նկատել է, որ էլեկտրոնային տարբերակից հիմնականում երիտասարդներն են օգտվում, բայց նրանք էլ են հաճախ խոստովանում, որ կարդացածն ավելի է տպավորվում թղթային տարբերակով կարդալու դեպքում. «Որպեսզի կարդացածն իրենց մեջ նստվածք տա, ամուր հիմք ունենա, նրանք գերադասում են գրքի թղթային տարբերակը: Ընթերցողներն իրենք են վստահեցնում, որ այդպես կարդացածը տարիներով մնում է»,- ամփոփեց գրադարանավարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031