Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ներողությո՞ւն է խնդրում պարոն Ծառուկյանից՝ իր հայտարարությունների համար». Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանին

Հոկտեմբեր 07,2015 17:21

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հիշեցրեց Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթը, որտեղ Գագիկ Ծառուկյանի հասցեին ակնարկել է, որ միլիարդավոր դրամներ չի վճարում պետբյուջե: Այդ ժամանակ նա վարչապետին հանձնարարել էր ստուգումներ անել:

«Դրանից հետո էր, որ վարչապետն ունեցավ բամփելու մասին իր հայտնի ելույթը»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ մինչեւ հունիսը կունենան ստուգումների արդյունքները:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «4 ամիս է անցել, ստուգումների համար նախատեսված բոլոր ժամկետներն անցել են, հիմա ժամանակն է իմանալ՝ Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր ասում, թե՞ զրպարտում էր ձեր սիրելի խնամի պարոն Ծառուկյանին: Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պարզապես ուզում էր սեպ խրել ձեր ու ձեր խնամի պարոն Ծառուկյանի հարաբերությունների միջեւ, որովհետեւ ձեզ հանձնարարում է բամփել, իսկ ինքը վերջերս պարգեւատրում է Ծառուկյանին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Հիմա ի՞նչ է ստացվում՝ միլիարդավոր հարկեր չվճարածին սկսել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալո՞վ պարգեւատրել, թե՞ այսպիսով Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում պարոն Ծառուկյանից՝ իր հայտարարությունների համար»:

Նա նաեւ ասաց՝ կատարվածի համար որեւէ մեկը պե՞տք է ներողություն խնդրի, թե՞ այսպես էլ շարունակելու եք ուրախ ապրել:

Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ «Երանի ես պատասխանելու իրավունք ունենայի»: Այնուամենայնիվ, դիմանալով գայթակղությանը, պատասխանելու իրավունք տվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Նա պատասխանեց, որ ստուգումների ժամանակ գործելու է օրենքը եւ օրենքն է լինելու գերակա:

Ծառուկյանի օբյեկտներում ստուգումների մասին Դավիթ Հարությունյանը ոչինչ չասաց: Փաշինյանը դժգոհեց, որ ստուգումների ժամկետները օրենսդրությամբ սպառվել են. «2 լուծում է պետք՝ կա՛մ ասել, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դրդապատճառներով արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ եթե համապատասխանում է, պետք է ունենա համապատասխան հետեւանքներ: Հիմա դուք ոչ էն եք անում, ոչ էն, մտածում եք կհոգնե՞մ ես էս հարցը տալով: 2 շաբաթը մեկ ես էս հարցը տալու եմ, չմտածեք, թե հանկարծ կցրեք, կմոռանանք, կգնա»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրավապահները կարձագանքեն, եթե հայտնաբերեն փաստեր: Եթե փաստեր հայտնաբերված չեն, իրավապահները չեն կարող հրապարակավ որեւէ բան հերքել: Եթե մինչ այս պահը որեւէ քրգործ հարուցված չէ, նշանակում է՝ որեւէ փաստ, որը կարող է հիմք լինել քրգործի հարուցման համար, չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031