Լրահոս
Օրվա լրահոսը

ՊիկսԱրտի և Վորլդ Վիժնի նորարարական դասընթացները՝ Ապարանի երեխաների համար

Հոկտեմբեր 07,2015 17:53

Հոկտեմբերի 7, 2015 թ., Ապարան – Ապարան քաղաքի արվեստի դպրոցի և Քուչակ համայնքի նկարչության խմբակի սաները կմասնակցեն հանրաճանաչ ՊիկսԱրտ նկարչական և ֆոտո – խմբագրման ծրագրի դասընթացների՝ ՊիկսԱրտ ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի նոր համատեղ նախաձեռնության շրջանակներում:

Ավելի քան 50 աշակերտ այսուհետև հնարավորություն կունենան դրսևորել և զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները՝ օգտվելով պատկերների խմբագրման եւ գրաֆիկական դիզայնի ժամանակակից գործիքներից:

«Այսօր ստեղծագործական և տեխնիկական գիտելիքները հաջողության հրամայական են, բայց Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող շատ երիտասարդներ զրկված են տեխնոլոգիական նոր գործիքների ծանոթանալու հնարավորությունից: Այս ծրագիրը կօգնի ընդլայնել կրթական հնարավորությունները սոցիալապես անապահով երիտասարդների համար՝ զինելով ժամանակակից գիտելիքներով և ստեղծելով հետագա մասնագիտական աճի նոր հնարավորություններ», ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Հայաստանի ապագա զարգացումը մեծապես կախված է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից: Դա բնական ռեսուրսներ չի պահանջում, այլ միայն գիտելիք և համապատասխան կրթություն: Հուսով եմ, որ այս ծրագիրը Հայաստանի կրթական գործընթացի համար նոր և կարևոր մի փուլի սկիզբ կդառնա, որ դրական ազդեցություն կունենա ոչ միայն առանձին անհատների, այլև համայնքների և երկրի ապագայի համար», նշում է ՊիկսԱրտի հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

ՊիկսԱրտի ֆինանսավորմամբ երկու դպրոցների խմբակներին տրամադրվել է 29 պլանշետ: Դասընթացները կանցկացնեն խմբակների նկարչության ուսուցիչները, ովքեր հատուկ վերապատրաստվել են PicsArt- ի կողմից: Հետագայում ընկերության մասնագետները պարբերաբար կայցելեն դպրոցներ՝ խորհրդատվություն տրամադրելով և աջակցելով դասընթացների անցկացմանը: ՊիկսԱրտի սոցիալական ցանցի միջոցով դասընթացների մասնակիցները ՊիկսԱրտ ծրագրի այլ օգտագործողների հետ հաղորդակցվելու և փորձ փոխանակելու հնարավորություն կստանան՝ իրենց աշխատանքները ՊիկսԱրտի կայքում տեղադրելով և մասնակցելով առցանց մրցույթների:

Այս ծրագիրը Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդների մասնագիտական ​​զարգացման, աշխատունակությունը և մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններից մեկն է: Ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մեկ այլ ծրագրի շրջանակներում «Մոնիտիս» ընկերության հետ համատեղ 2013 թ.-ին Ապարանի միջնակարգ դպրոցում հիմնվեց Ռոբոտիքս ակումբ:

ՊիկսԱրտը ֆոտո – խմբագրման և նկարչության լայն հնարավորություններով հանրաճանաչ ծրագիր է, նաև սոցիալական ցանց՝ աշխարհն ավելի գեղեցիկ դարձնելու առաքելությամբ: Անվճար այս ծրագիրը լայն տարածում է ստացել ողջ աշխարհում և ներկայումս ունի ավելի քան 250 միլիոն օգտագործող՝ iOS, Android, Windows Phone և Windows 8.1 համակարգերում: ՊիկսԱրտի գլոբալ համայնքը խրախուսում է ստեղծագործական ինքնադրսևորումը և համագործակցությունը՝ հնարավորություն ստեղծելով բացահայտել ու զարգացնել յուրաքանչյուր մարդու ստեղծագործական ներքին կարողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031