Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԷ-ի եւ Բուլղարիայի հետ «բաց երկնքով» կհաղորդակցվենք

Հոկտեմբեր 07,2015 19:30

Օդային հաղորդակցության համաձայնագիրը փոփոխում են հանուն «բաց երկնքի»

Հայաստանը բացում է երկինքը Բուլղարիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համար:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ կառավարություն ներկայացված առաջարկի, համաձայնագրի տեքստում առկա են ավիաընկերությունների առեւտրային գործունեությանը խոչընդոտող մի շարք դրույթներ՝ թույլատրելով պետությունների միջամտությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախա­կանության եւ սակագների հաստատման մասով, որոնք հակասում են վերոնշյալ քաղաքականության սկզբունքներին: Եւ քանի որ այս 2 երկրների միջեւ համաձայնագիր է կնքվել նախքան մեր երկրում «Բաց երկնքի» քաղաքականության ներդրումը, հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ կատարել եւ հստակեցնել սահմանումները, կողմերի իրավունքները, մաքսատուրքերը եւ այլն:

Օրինակ՝ Բուլղարիայի հետ համաձայնագրի «Իրավունքների տրամադրում» հոդվածը նախատեսում է՝ իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք, եւ իր պետության տարածքում ոչ առեւտրային նպատակներով կանգառելու իրավունք, եւ սույն համաձայնագրի հավելվածով սահմանված կետում (կետերում) վայրէջք (ներ) կատարելու իրավունք` ուղեւորների, ուղեբեռի, բեռի, ներառյալ` փոստը, առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու եւ օդանավից իջեցնելու նպատակով, սույն համաձայնագրով սահմանված այլ իրավունքներ: Եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների, կամ հատուկ եւ կամ արտակարգ իրավիճակների պատճառով մի պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունն ի վիճակի չէ սպասարկել սահմանված երթուղին, ապա մյուս կողմը պարտավոր է ջանք գործադրել` հեշտացնելու տվյալ ծառայության մատուցման բնականոն ընթացքը` երթուղիների ժամանակավոր վերակազմակերպման միջոցով` ներառյալ ծառայությունների մատուցման դյուրինացման համար անհրաժեշտ ժամանակով իրավունքների տրամադրումը:

«Գանձումը սպառողներից» հոդվածում նշված է՝

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ չպետք է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների նկատմամբ կիրառի կամ թույլատրի, որպեսզի կիրառվեն սպառողներից գանձվող ավելի բարձր վճարներ, քան այնպիսիք, որոնք կիրառվում են նմանատիպ միջազգային հաղորդակցություններ իրականացնող իր սեփական ավիաընկերությունների նկատմամբ:

Մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սպառողներից գանձումները կարող են արտացոլել, բայց չպետք է գերազանցեն օդանավակայանում կամ օդանավակայանի համակարգում գործող իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից մատուցվող համապատասխան օդանավակայանային, օդանավակայանի շրջակայքի, աերոնավիգացիոն եւ ավիացիոն անվտանգության սարքավորումների ու ծառայությունների մատուցման դիմաց ամբողջական վճարը: Նման ամբողջական վճարները կարող են ներառել արժեզրկումից հետո ակտիվների ողջամիտ եկամտաբերությունը:

Ըստ ԱՄԷ-ի հետ համաձայնագրի «Գումարների փոխանցում» հոդվածում գրված է՝

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ մյուս պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին տրամադրում է իր տարածքում օդային փոխադրումների եւ առնչվող ցանկացած ծառայությունների վաճառքի կապակցությամբ ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկը եւ այդպիսի եկամուտների վրա գոյացած առեւտրային տոկոսները (ներառյալ փոխանցմանը սպասող ավանդներից գոյացած տոկոսները) ազատորեն փոխանցելու իրավունք:

Այդպիսի փոխանցումներն իրականացվում են ցանկացած փոխարկելի արժույթով, այն պայմանավորվող կողմի օրենքներին եւ արտարժույթի կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում այդ եկամուտը գոյացել է: Եթե պայմանավորվող կողմը սահմանափակումներ է դնում մյուս պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկի փոխանցման վրա, վերջինս իրավունք ունի փոխադարձության սկզբունքով սահմանափակումներ դնել առաջին պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների վրա: Եթե պայմանավորվող կողմերի միջեւ գոյություն ունի կիրառելի հատուկ պայմանագիր շահույթի եւ եկամուտի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին, կամ եթե ուժի մեջ է հատուկ պայմանագիր, որը կարգավորում է գումարների փոխանցումը պայմանավորվող կողմերի միջեւ, նման պայմանագիրը պետք է գերակայի:

«Սակագներ» հոդվածով նախատեսվում է՝ Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ պետք է թույլատրի, որպեսզի օդային հաղորդակցությունների սակագները սահմանվեն յուրաքանչյուր ավիաընկերության կողմից` շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով:

Կողմերի միջամտությունը պետք է սահմանափակվի.

1)       չհիմնավորված խտրական սակագների կամ գործելակերպերի կանխմամբ,

2)       գերիշխող դիրքի չարաշահման կամ ավիափոխադրողների միջեւ պայմանավորվածության պատճառով չհիմնավորված բարձր կամ սահմանափակող բնույթ ունեցող սակագներից սպառողների պաշտպանությամբ, եւ

3)       կառավարության կողմից ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ օժանդակության պատճառով արհեստականորեն ցածր սակագներից ավիաընկերությունների պաշտպանությամբ:

  1. Պայմանավորվող կողմերի տարածքների միջեւ միջազգային օդային փոխադրումների համար նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից սահմանված սակագները ենթակա չեն ներկայացման կամ հաստատման որեւէ պայմանավորվող կողմի կողմից: Այնուամենայնիվ, պայմանավորվող կողմերի ավիաընկերությունները կշարունակեն դիմումի ստացման դեպքում ապահովել նախկին, գործող եւ առաջարկվող սակագների մասին տեղեկատվության անմիջական հասանելիությունը պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին՝ այդ ավիացիոն իշխանությունների համար ընդունելի եղանակով եւ ձեւաչափով:

Վաղը կառավարության նիստին հավանության կներկայացվի Բուլղարիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը :

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031