Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի շոուն գյումրեցիների մոտ չի անցնում». Գյումրու ՀԱԿ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 08,2015 19:30

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել, որտեղ քննարկել էր Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առկա հիմնախնդիրները :

Նախագահը, մասնավորապես, հետաքրքրվել էր գյուղատնտեսության ոլորտով. Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներով, ներդրողների հարցով, Գյումրու երկրորդական փողոցներով, հանձնարարականներ էր տվել Շիրակի մարզպետին չօգտագործված շինությունների ցանկը ճշտել, որպեսզի դրանք դառնան արտադրական շինություններ, գրավիչ պայմաններ ստեղծեն ներդրողների համար:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նախագահի այս հանդիպումը շոու որակեց: «8 տարի պաշտոնավարելուց հետո Սերժ Սարգսյանը նոր է իմանում, թե մարզում ու Գյումրիում ինչ պրոբլեմներ կան, նոր է որոշում լուծել խնդիրները, խոսում է Կապսի ջրամբարից, Գյումրիի ցավոտ խնդիրներից, աշխատատեղեր չլինելուց, քաղաքի երկրորդական փողոցներից: Ես կասեի, սա Սերժ Սարգսյանի հերթական բլեֆներից մեկն է: Նա սկսել է իր քարոզարշավը մարզպետների հետ, եւ սա ընդամենը կապում եմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: Օգտագործելով մարզային իշխանություններին, եւ ես վստահ եմ, որ ինքը երեկ հանձնարարականներ է տվել մարզպետարանի անձնակազմին, ցույց տվեց, թե մտահոգված է Շիրակի մարզի խնդիրներով: Ինքը երկրորդ նախագահական շրջանն է անցնում, եւ նոր մտահոգված է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակով:

Նրա հանդիպումները շարունակական բնույթ են կրում, բոլոր մարզպետների հետ կանցկացնի այսպիսի խորհրդակցություններ: Նման ուշացած մտահոգությունը, ցուցադրական տեսարանն ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը ամենաշատ վտանգ զգում է Շիրակի մարզում, որովհետեւ սա այն տեղանքն է, որտեղ Սերժ Սարգսյանը չի կարողացել խփել, եւ դրա համար ինքը երեկ այդ շոուն կազմակերպեց: Ես համարում եմ, որ դա դեմագոգիա էր, թե ինքը շատ մտահոգված էր, չեմ հասկանում այս երկու ամսվա ընթացքում հրաշքնե՞ր է գործելու մարզպետը: Բայց նորից եմ ուզում հիասթափեցնել Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ նա սխալվում է իր հաշվարկներում: Կոնկրետ Շիրակի մարզով կասեմ, որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ չի կարողանալու ձայն հավաքել, նրան ոչ են ասելու, նրա նախաձեռնությանը ոչ են ասելու: Ինչի՞ համար եմ ասում. մենք անձամբ ենք հանդիպում քաղաքացիների հետ, քաղաքացիների տրամադրվածությանը մենք տեղյակ ենք, թե ինչպես են վերաբերում Սերժ Սարգսյան անձին ու նրա նախաձեռնությանը:

Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ նախաձեռնությունը ոչ մի կապ չունի եւ երկրի, եւ ժողովրդի բարեկեցության հետ: Սերժ Սարգսյանը երեկվա իր շոուով ցույց է տալիս, թե ինչքան լավ նախագահ է, որ 7-8 տարվա ընթացքում նոր է մտածում Շիրակի մարզի ու Գյումրու հիմնախնդիրների մասին: Այն նախագահը, որը 8 տարվա մեջ նոր պետք է հետաքրքրվի մարզերի զարգացմամբ, նա անհապաղ պիտի հեռանա, նա ձախողված նախագահ է, նա ապացուցեց, որ 8 տարի ոչ մի գործ չի արել, անձնական խնդիրների լուծմամբ է զբաղվել», ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031