Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի աշխատանքային այցը Լեհաստանի Օպոլսկե մարզ

Հոկտեմբեր 08,2015 21:25

Հոկտեմբերի 6-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Օպոլսկե մարզ:

Դեսպան Ղազարյանն Օպոլսկե ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում մասնակցեց «Լեհաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Հայաստան» խորագրով Օպոլսկե ագրարային և սննդի արդյունաբերության 1-ին համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով: Իր ելույթում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված նոր հնարավորություններն ու տնտեսական զարգացման նախադրյալները: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով համագործակցության հիմնական ուղղություններն ու պայմանները, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում ստեղծված հնարավորությունները:

Այնուհետև, դեսպան Ղազարյանն Օպոլսկեի փոխմարշալեկի հետ շրջեց համաժողովի շրջանակներում կազմակերպված ագրոպարենային ոլորտի ցուցահանդեսի տարածքում, ծանոթացավ Օպոլսկե մարզում արտադրվող ապրանքներին, հարցազրույց տվեց Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությանը:

Նույն օրը դեսպան Ղազարյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Օպոլսկեի մարզպետ (վոյեվոդ) Անտոնի Յաստրժեմբսկու և Օպոլսկեի փոխմարշալեկ Տոմաշ Կոստուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լեհաստան-Արևելք» կազմակերպության Օպոլսկեի մարզային կառույցի նախագահ Էուգենիուշ Բրուդկևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Օպոլսկեի և ՀՀ մարզերից որևէ մեկի հետ համագործակցության հեռանկարները, որի կապակցությամբ երկուստեք հնչեցին դրական կարծիքներ: Առանձին քննարկման առարկա դարձան, հատկապես, տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Օպոլսկեի մարզային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մարզի մի խումբ գործարարների Հայաստան ճանաչողական այցելության կազմակերպման վերաբերյալ:

Այցի ընթացքում Էդգար Ղազարյանը մասնակցեց նաև «Օպոլսկե մարզի 2014-2020 թվականների զարգացման ծրագրերը» թեմայով համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին Օպոլսկեի մարշալեկ Անդժեյ Բուլան, Օպոլեի քաղաքապետը, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Այցի մշակութային ծրագրի շրջանակներում դեսպան Ղազարյանն այցելեց նաև Օպոլեի թանգարան, ծանոթացավ քաղաքի պատմությանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031