Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում սահմանադրական փոփոխությունները անիմաստ կլինեն` ըստ Գագիկ Հարությունյանի

Հոկտեմբեր 09,2015 15:10

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը երեկվանից իր լիազորությունները դադարեցրել է, քանի որ արդեն սկսել է քարոզարշավը:

Հիշեցմանը, թե Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մտավախություն ունի, որ Գագիկ Հարությունյանը շահերի բախման մեջ է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Մտավախություն չունի ու չի կարող ունենալ, քանի որ մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքն արել ու ավարտել է, քարոզչությունը նոր է սկսում»:

Պնդմանը, թե Սահմանադրության տեքստի հեղինակը Գագիկ Հարությունյանն է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Հեղինակը ես չեմ, դա կոլեկտիվ աշխատանք է: Իսկ ես ամեն օր եմ Սահմանադրության հետ առնչվում»:

Դիտարկմանը, թե ՀՀ նախկին երկու նախագահները, մեղմ ասած, մտահոգություններ ունեն, Գագիկ Հարությունյանի մշակած Սահմանադրության նոր տեքստի հետ կապված, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ժողովուրդն իր գնահատականը կտա: Փաստաթուղթն իմ մշակածը չէ, նորից եմ կրկնում, դա կոլեկտիվ աշխատանք է, որը հետո քաղաքական քննարկումների և փոխզիջումների արդյունքում բավական փոփոխությունների է ենթարկվել, և չի կարելի դա անձնավորել: Որևէ մեկը, եթե գնահատական է տալիս, պետք է ուսումնասիրի և կոնկրետ հոդվածների վերաբերյալ կարծիք հայտնի»:

Հարցին`ինչպե՞ս կարող է հանրաքվեն արդար անցնել, եթե ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» չի փոփոխվել, ՍԴ նախագահը պատասխանեց. «Եթե հանրաքվեն չանցնի օրենքի տառին ու բովանդակությանը համապատասխան, հետևաբար սահմանադրական փոփոխություններն անիմաստ են:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031