Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշկակարը կառավարությանն իսկական ստվերի տեղն է մատնացույց անում

Հոկտեմբեր 10,2015 15:00

Կոշկակարներին, դերձակներին, կրկնուսույցներին ու ժամագործներին, որոնք հազիվ օրվա հացի փող են վաստակում, իշխանությունն ուզում է հարկային դաշտ բերել:

Ազգային ժողովի այս նստաշրջանի օրակարգում է ընդգրկված արտոնագրային վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ԱԺ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Այս փոփոխությունն, ըստ կառավարության, ստվերը կրճատելու դեմ պայքար է. մտադիր են արտոնագրային հարկը տեղական հարկ դարձնել, կրճատելով ստվերը՝ հարստացնել համայնքային բյուջեները:

«Առավոտի» հետ զրուցած կոշկակարները, դերձակներն ու կրկնուսույցները, ինչպես իրենք ասացին՝ դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը, բայց խուճապի մեջ են: Նրանք կարծիք հայտնեցին, որ ոչ թե հարկման մեխանիզմը պետք է փոխել, այլ ուղղակի իրենց նման աշխատողներին հարկերից ազատել:

«Աղջիկ ջան, էլ ի՞նչ են ուզում մեզանից, որ իմանաս օրը ինչքան փող եմ առնում, լացդ կգա: Իբր եկամուտ ունենք, էդ վերեւներում նստած՝ մտածում են ոնց անեն, որ մարդկանց գրպանների գրոշներն էլ իրենցով անեն: Մնում է՝ անձրեւի ու արեւի, լավ եղանակի համար էլ մարդկանցից հարկ վերցնեն»,- մեզ հետ զրույցում ասաց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված կրպակի կոշկակարը: Նա մեզ ցույց տվեց դատարկ դարակներն ու ասաց. «Ըհը, նայի, 5 զույգ կոշիկ ա: Էն 2 զույգի տերերը արդեն մի տարի ա՝ չեն գալիս տանեն իրենց կոշիկները, երեւի արտագաղթել են: Էն 3 զույգն էլ մի շաբաթ ա՝ պատրաստ ա, էլի չեն գալիս տանեն: Այսինքն՝ էս շաբաթ ընդամենը 3 զույգ կոշիկ նորոգելու պատվեր եմ ունեցել: Ամառն ընդհանրապես մեռած ա գործս, մարդիկ «տապոչկեքը» քցում են հագները՝ ման գալիս: Ես էս բուտկի վարձը տա՞մ, տան համար ուտելիք առնե՞մ, թե՞ հարկ մուծեմ: Ասա՝ այ մարդ, թողեք ապրենք, էլի, գոնե մեր նմաններից հարկ մի վերցրեք»:

Մեզ հետ զրուցած մեկ այլ կոշկակար էլ նշեց, որ ինքը ամեն եռամսյակ 20 հազար դրամ է վճարում, ու գտնում է, որ դա մեծ գումար է կոշկակարների համար. «Ճիշտն ասած, էս արտագաղթը մենք ավելի լավ ենք զգում, քան կառավարությունը: Գործ չկա, այ քո հոր Աստծուն մեռնեմ, չկա գործ, էդ եռամսյակային մուծման օրն էլ որ գալիս է, ներվայնանում եմ, ոնց որ էրեխեքիս ուտելու փողը տանեմ տամ դրանց: Ախր, հա, էլի հարկ մուծենք, բայց կարելի է, չէ՞, էդ անտեր հարկը քիչ վերցնել մեզանից: Էդ օրենք գրողը մտածում է՝ հա դե, 3 ամիսը մեկ 20 հազար դրամն ի՞նչ ա որ, բայց ասեմ՝ իրենց փոխանցեք՝ մեզ համար դա ահռելի մեծ թիվ ա: Ինչ ստվեր, ինչ բան, խի իրանք չգիտե՞ն իսկական ստվերը որտեղ ա, բա տանեմ ցույց տամ, բա թող մտնեն էն հայտնի սուպերմարկերտը ու ստվերը կրճատեն, բա խի՞ չեն մտնում, վախենո՞ւմ են, ուժները մեզ նմանների՞ն է պատում»:

Տիգրան Մեծ փողոցում մի փոքրիկ կրպակում դերձակ աշխատող մի կին էլ վստահեցրեց, որ ինքը տարեկան մոտ 80 հազար դրամ հարկ է վճարում, բայց շան տանջանքով է փող աշխատում. «Ընգել են արհեստավորների հետեւից, ընգել են քունջուպուճախները՝ փող հավաքելու: Հազիվ եմ ծերը ծերին հասցնում, մարդ վախում ա հիվանդանա, դեղերն էնքան թանկ են, մի ամսվա աշխատածի կեսից ավելին դեղերին եմ տալիս, էլ չեմ ասում, որ նորմալ սնունդ չենք կարում առնենք»:

«Առավոտի» հետ զրույցում մի դերձակ էլ՝ տիկին Գոհարը, պատվերներն իր սեփական տանն է ընդունում ու աշխատում. նա ասաց, որ իր գործն այնքան շատ չէ, որպեսզի կարողանա իր եկամտից պետությանը հարկ վճարել: Տիկին Գոհարն, ըստ էության, խոստովանեց, որ ինքը ստվերում է աշխատում, բայց արդարացավ. «Կառավարությունն է դրդել, որ ես ստվերում եմ աշխատում: Ես պետությունից գողություն չեմ անում, իմ քրտինքով, աչքերս քոռացնելով հազիվ ընտանիքիս հոգսերն եմ հոգում: 3 երեխա ունեմ, ամուսին չունեմ, կողքից օգնող ձեռք չունեմ, ամեն ինչ ահավոր թանկ է, մենք էլ ենք ուզում ապրել»: Այս տիկինը վստահեցրեց, որ ինքը որպես հարկ մուծող կգրանցվի, եթե պետությունը սիմվոլիկ գումար սահմանի, ասենք՝ 3 ամիսը մեկ 10 հազար դրամ. «Ոնց որ սովետի վախտերը լինի, որ մարդիկ տանը գործ էին անում, ընգնում էին ման էին գալիս, թե ով է տունը շոր կարում, որ բռնեն դատեն: Էս ի՞նչ օրի ենք հասել»:

Տիկին Անահիտը օտար լեզու է պարապում դիմորդների հետ: Նա հավաստիացրեց, որ ամեն տարի 3-4 չորս դիմորդ է ունենում, որոնց հետ ամսական 15 հազար դրամով է պարապում, չնայած որ այլ կրկնուսույցներ ավելի թանկ գներով են պարապում: Տիկին Անահիտի խոսքերով՝ այն բուհում, որտեղ ինքը դասավանդում է, աշխատավարձը բավարար չէ արժանապատիվ ապրելու համար, ուստի անգլերեն լեզու պարապելով՝ կողքից եկամուտը մի փոքր ավելացնում է. «Այդ պարապմունքներից եղած եկամուտն ամսական 60 հազար դրամ է, ճիշտ է, տարի է եղել՝ ավելի շատ դիմորդ եմ ունեցել, ավելի շատ եմ գումար վաստակել: Այնպես չէ, որ այս կողմնակի եկամուտն ու աշխատավարձս այնքան են, որպեսզի կարողանամ ընտանիքս պահել: Կյանքը շատ դժվար է, ես էլ 2 ուսանող ունեմ, հիվանդ ամուսին, հավատացեք, մենք այնքան գումար չենք վաստակում, որ հիմա էլ մեր գումարների վրա են աչք դրել»: Տիկին Անահիտն ասաց, որ լսել է օրենքի փոփոխության մասին, նրա կարծիքով՝ արդարացի չէ կրկնուսույցներից հարկեր գանձել. «Ի՞նչ է, իրենց հույսը մե՞նք ենք, այլ տեղից հնարավո՞ր չէ հարկեր հավաքել: Աչքները մեր աշխատած մի քանի հազար դրամի վրա՞ է: Ինչպե՞ս կարելի է մտնել մարդկանց գրպաններն ու կոպեկները տանել: Եթե ես նորմալ աշխատավարձ ստանայի, ստիպված չէի լինի ծանրաբեռնված աշխատել դիմորդների հետ: Ինչո՞ւ է կառավարությունն այդպիսի քայլերով հիասթափեցնում ժողովրդին ու դրդում արտագաղթի»:

Օրենքի փոփոխության մասին լսել է նաեւ ժամագործ, ինչպես ինքը ներկայացավ՝ վարպետ Քաջիկը: Նա ասաց, որ ամբողջ կյանքում զբաղվել է ժամացույցների նորոգմամբ, կար մի ժամանակ, երբ գործերը լավ էին, պատվերներ շատ էր ստանում, բայց հիմա էլ առաջվանը չէ. «Օր օրի ամեն ինչ թանկանում է, կյանքը թանկանում է, կառավարությունը փոխանակ թողնի արհեստավորներն իրենց գլուխները մի կերպ, ոնց կարող են պահեն՝ որոշել են գլուխներն ուտեն: Այ մարդ, ի՞նչ են ուզում էս խեղճ ժողովրդից: Ավելի լավ չէ՞ մեզ նմաններին թողնեն՝ ազատ աշխատենք: Հիմա որ պիտի եսիմ ինչքան հարկ մուծենք, ստիպված մեր ծառայությունը թանկացնելու ենք, է, որ թանկացնենք, հաճախորդ կկորցնենք, հաճախորդ որ կորցնենք, է, հենա ասա, փակվենք գնանք ստեղից»:
Մեզ հետ զրուցած անձինք նկատեցին, որ սխալ ժամանակահատված է ընտրված արհեստավորներին, կրկնուսույցներին իբր ստվերից հանելու ու հարկային դաշտ բերելու համար: Նրանք նշեցին, որ այս տնտեսական ճգնաժամային պայմաններում պետք է կառավարությունը մտածի, թե ինչպես մեղմի իրավիճակը, որպեսզի մարդիկ եղած աշխատանքն էլ չկորցնեն. «Լավ բան չեն անում, ամոթ իրենց»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031