Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարող է տուժել ռուս-թուրքական հակամարտությունից»

Հոկտեմբեր 10,2015 16:00

Քաղաքագետը՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման մասին

Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի քաղաքական վերադարձը անհանգստացրել է Թուրքիային. օրեր առաջ ռուսական կործանիչների կողմից թուրքական սահմանը խախտելը էլ ավելի է սրել իրավիճակը. Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազ գնելուց, ինչպես նաեւ հայտարարում է, որ կդադարեցնի Ռուսաստանի հետ որոշ բիզնես-համագործակցություններ:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թուրքիայի այս պահվածքը մեկնաբանում է. «Թուրքիան երկար տարիներ պատրաստվում էր տարբեր գործողություններ իրականացնել Սիրիայում եւ Իրաքում իր ազդեցությունը մեծացնելու եւ քուրդ ժողովրդի դիրքերը թուլացնելու համար: Այսօր Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում տարածաշրջանում, եւ Թուրքիայի՝ տարիներ շարունակ մշակված ծրագրերը իսկապես ձախողվում են: Այս պարագայում պաշտոնական Անկարան պետք է ամեն ինչ անի Ռուսաստանի գործողություններին քաղաքական հակազդեցություններ տալու համար»:

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը չի վախենում Թուրքիայի սպառնալիքներից, նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հասկացել է, որ Թուրքիան չի աջակցելու իրեն, այլ հակառակը՝ ընդդիմանալու է իր կողմից Մերձավոր Արեւելքում տարվող քաղաքականությանը: «Ռուսաստանը այդ ամենը հաշվի առել է եւ այդ սպառնալիքներին մեծ ուշադրություն չի դարձնելու եւ շարունակելու է իր գործողությունները Մերձավոր Արեւելքում: Ռուսաստանի առջեւ դրված խնդիրը մեկն է՝ նպաստել Ասադի իշխանության ուժեղացմանը եւ Սիրիայում ահաբեկչական կառույցների վերացմանը: Կհասնի՞ իր նպատակին՝ արդեն ժամանակը ցույց կտա: Այս պահին պարզ է, որ Բաշար Ասադի իշխանությունը ռազմական հաջողություններ ունի Սիրիայում հենց ռուսների աջակցությամբ, կա նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ինչ-որ չափով նաեւ Չինաստանի աջակցությունը»,- ասում է պարոն Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ այսպես Ռուսաստանը ցանկանում է մի նոր կոալիցիայի մեջ մտնել այն պետությունների հետ, որոնք նույնատիպ դիրքորոշումներ ունեն Մերձավոր Արեւելքում տարվող քաղաքականության վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ եթե ընտրությունը դրված է Թուրքիայի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի միջեւ, ապա Ռուսաստանը կընտրի Մերձավոր Արեւելքը եւ կպայքարի հենց այս տարածաշրջանում ուժեղ դիրքեր ունենալու համար»:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարումը նոր բան չէ. «Սրվել էր դեռեւս Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորման ժամանակ: Թուրքիան փորձում է հանդես գալ որպես տարածաշրջանում ինքնուրույն խաղացող՝ համագործակցելով Միացյալ Նահանգների հետ: Այսօր էլ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելով՝ փորձում է ինչ-որ ձեւով շահել Արեւմուտքի վստահությունը»:

Դաշնակից Ռուսաստանի եւ Թուրքիայի մրցակցությունը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա. «Ես չեմ բացառում, որ Հայաստանը ինչ-որ առումով կարող է տուժել ռուս-թուրքական հակամարտությունից, որովհետեւ այդ դեպքում Թուրքիային քիչ բան է մնում, քան Ռուսաստանի համար սպառնալիքների նոր գոտիներ ստեղծելու քաղաքականություն կիրառելը, եւ որպես այդպիսին՝ Հարավային Կովկասը հարմար վայր է, եթե, իհարկե, Թուրքիայի իշխանությունները կարողանան համապատասխան ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա եւ փորձեն հայ-ադրբեջանական հակամարտություն հրահրել` հասկանալով, որ ապակայունացված իրավիճակը Հարավային Կովկասում կխոչընդոտի Ռուսաստանի գործողություններին Մերձավոր Արեւելքում: Սա նաեւ որոշակի սպառնալիք կարող է լինել ռուսական Կովկասի համար: Այնտեղ ահագին ներքին խմորումներ կան»: Քաղաքագետը դրական կանխատեսումներ չի անում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավացման դեպքում եւս. «Թուրքիան ամեն ինչ անում է տարածաշրջանում իր դերակատարումն ունենալու եւ իր քաղաքական ներկայությունը ընդգծելու համար, որը մինչ օրս դեռ չի հաջողվել նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում նույնպես հավակնություններ ունի եւ հաջողությունների հասնում է»:

Այս գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունը, ըստ քաղաքագետի, խնդիրներ կարող է առաջացնել մեզ համար. «Քանի որ այս գործընթացները շատ ավելի լուրջ ռեսուրսներ են պահանջում, քան Հայաստանն ունի. իհարկե՝ այս հակամարտությունների մեջ ներգրավվելու փորձերը կարող են վտանգավոր լինել Հայաստանի Հանրապետության համար: Ուրիշ բան է հարթակ տրամադրելը կամ միջնորդական նախաձեռնություններ իրականացնելը, բայց կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են երկրի հնարավորությունների սահմանաչափը եւ փորձում են մնալ դրա շրջանակներում. այսինքն՝ չշփվել, չխցկվել, որովհետեւ ինքներս էլ կանգնած ենք ռազմական սպառնալիքի առջեւ, եւ այս պահի դրությամբ Հայաստանի անվտանգությանը սպառնացող երեւույթներ կան, պետք է կենտրոնանալ դրանք չեզոքացնելու վրա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031