Լրահոս
Օրվա լրահոսը

Հում սունկ

Հոկտեմբեր 10,2015 16:30
merujan Ter-Gulanyan

Եվ այսպես, մի տարի էլ անցավ. ինչի՞ց անցավ այդ մի տարին, ումի՞ց անցավ, մե՞նք անցանք, թե՞ տարին, երբ անցնել` հայերենում նշանակում է նաեւ առաջ անցնել, այնինչ` անցնող տարին կարծես թե մնաց հետեւում: Ի՞նչ կորցրի եւ ի՞նչ գտա՝ մտածում եմ անցնողի եւ եկողի սահմանագծում…

Այդ ե՞րբ էր, երբ ես սիրահարվեցի եւ սիրով ամուսնացա, ե՞րբ էր, որ սերը նման էր այն ջրին, որն անմիջապես ակունքից էր ցայտում, այսինքն թե` երկրի սրտից: Եվ ես` միամիտս, ձեռքս պարզելով ակունքին` ուզում էի ինձ համար հորդացող ջուրը բռնել: Փորձում էի ու չէի կարողանում, քանի որ զովացնելով ձեռքս՝ ջուրը մատներիս արանքից, սակայն, հոսում էր ու գնում:

Եվ հիմա, այսքան ուշ եմ միայն հասկանում, որ քեզ հասցեագրված սերը անընդհատ կա, բայց միեւնույն է` չես կարող բռնել ու դարձնել քոնը, ինչպես չես կարող բռնել երկրի հոգուց քեզ համար ցայտող ջուրը:

Գուցե լավ է, որ այդպես է, չգիտեմ…

Որովհետեւ սիրո մեջ ապրելու ճանապարհին արդեն մոռանում ես, թե ինչ կորցրիր կամ ինչ գտար, եւ եթե գտար՝ ի՞նքն էր արդյոք:

Միշտ չէ, որ ճշմարտությունը որոնելիս պետք է սուզվել մութ ջրերի մեջ, քանի որ այն շատ հաճախ քո աչքի առջեւ է, ինչպես ձնաբուքի կամ գարնանային անձրեւի տակ խոնարհ լռությամբ կանգնած կանաչ բլուրները, որոնց տեսքը եւ քեզ հուշում են ամենազարմանալին, որ կարեւորը միայն գտնելը չէ, այլ այն, թե ինչ որ դու կորցրեցիր, արդյո՞ք ուրիշ մեկը գտել է…

Եվ պետք չէ, թերեւս, մտասեւեռ երեւակայությամբ փորձել գտնել հոգու հարատեւությունը, որը մեծամասնության պարզունակ մոլորությունն է, ինչպես չի կարելի հիմար անվանել բոլոր երազող բանաստեղծներին, քանի որ բոլոր բանաստեղծները չէ, որ երազողներ են:
Սակայն տրտմությունն ու ուրախությունը ամենուր են. եւ ում հոգին է, որ չի տեղահանվում` տեսնելով գիշերային քաղաքի լուսավոր սրճարաններն ու ծայրամասերի տրտում կրակները, մոլորված անցորդի վախը իրենից սարսափած թափառական շնից եւ միտքը այն մասին, թե հորիզոնից այն կողմ սունկ է աճում եւ դարձյալ հում է, ու էլի կյանք կա այնտեղ, ուր քեզ թվում է, թե դեռեւս ուշ չէ, կարող ես գտնել կորցրածդ:

Այնինչ քո փնտրածը երկրի սրտից քեզ համար ցայտող կենդանի ջուրն է, քո սերը գտած եւ քեզ հավերժ հետապնդող միտքը այն մասին, թե ինչ որ դու էիր գտել, ո՞վ էր կորցրել…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031