Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Արանովսկի. «Հասարակությանը պետք չեն դատարանները, որոնք նստած են պահարանում»

Հոկտեմբեր 10,2015 14:18

«Սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի վրա կարող է հիմնվել ամբողջ արդարադատության  համակարգը»,- հոկտեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրության ընդունման  20-ամյակին եւ ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված Երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի դատավոր Կոնստանտին Արանովսկին:

Միջազգային համաժողովը կազմակերպված էր «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերները» թեմայով:

Կոնստանտին Արանովսկին առանձնացրեց երկու մարտահրավեր՝ դատական համակարգի կողմից դատական համակարգի ներսում եւ հասարակության կողմից. «Ալժիրի ներկայացուցիչը ճիշտ նկատեց, որ դատարանը չի կարող գոյություն ունենալ միայնակ: Մենք գոյություն ունենք հասարակությունում, որտեղ տարածված են կարծիքներ: Նույնիսկ եթե մենք վճռականություն ենք ունենում դիմակայել մեծամասնության կարծիքին, մենք ամեն դեպքում ինչ-որ մեկի կողմում ենք, երբ մենք փոքրամասնության տեսակետին ենք: Մենք չենք կարող կատարյալ մեկուսության մեջ մնալ: Վերջիվերջո հասարակությանը պետք չեն դատարանները, որոնք նստած են պահարանում, եւ որոնց բաց են թողնում միայն նրա համար, որ  ինչ-որ սառը բան արտասանեն»:

Նա կարեւորեց նաեւ գործընկերների կողմից առաջացող մարտահրավերները. «Մենք վերջիվերջո կապված ենք  կորպորատիվ սոլիդարությամբ, մենք ընդհանուր առաքելություն ունենք, եւ այդ առաքելությունը իրականացնելիս մենք չենք կարող ընդհանրապես ազատ լինել մեր գործընկերների ազդեցությունից: Մի կողմից մենք չենք կարող ինքներս մեզ թույլ տալ չհարգել այդ ազդեցությունը, մյուս կողմից դատարանը չի կարող թույլ տալ իրեն ենթարկվել այդ ազդեցություններին: Սա շատ դժվար ներքին իրավիճակ է, որովհետեւ մեծ հաշվով խոսքը ինքդ քո հետ ներքի պայքարի մասին է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031