Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպրեսիայի խորացմանը նպաստում են նաև տեղեկատվական հոսքերը». մասնագետներ

Հոկտեմբեր 10,2015 16:23

Հայաստանում այսօր հոգեկան առողջության խնդիր ունեցող 50 հազարից ավելի մարդ կա գրանցված: Նրանցից 21 հազարը հաշմանդամություն ունի. «Ժամանակին որակյալ բուժում չստացած ծանր հոգեկան խանգարումները կարող են հասցնել հաշմանդամության: Մինչդեռ ժամանակին ստացած որակյալ բուժօգնության դեպքում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց միայն չնչին տոկոսն ունի հաշմանդամություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավատացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում ողջ հոկտեմբեր ամիսը հայտարարված է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում՝ հոկտեմբերի 23-ին Սպիտակում կբացվի հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ ՀՀ ում առաջին խնամքի տունը (ՀՀ կառավարության կողմից ալտերնատիվ խնամքի ռազմավարության շրջանակներում):

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ ողջ աշխարհում առկա են հոգեկան միևնույն խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ՝ Հայաստանում և Իսրայելում կպչուն, սևեռուն մտքեր, նաև գործողություններ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան մյուս երկրներում:

«Նման խանգարումները դրսևորվում են անընդհատ նույն մտքի վրա կենտրոնանալու մեջ, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին։ Եթե նրա ուղեղում անընդմեջ պտտվում է այն միտքը, որ իր ձեռքերը կեղտոտ են, բայց ինքը չի լվացվում, դա կպչուն միտք է, իսկ երբ դա վեր է ածվում նաև գործողության, արդեն կոչվում է կպչուն գործողություն»,- բացատրեց հոգեբանը:

Ըստ բանախոսների՝ մեր երկրում հոգեկան խնդիրներից ամենատարածվածներն են նաև դեպրեսիան ու մտավոր հետամնացությունը: Նրանց հավաստմամբ՝ դեպրեսիայի խորացմանն այսօր նպաստում են նաև տեղեկատվական հոսքերը: Ինչ վերաբերում է մտավոր հետամնացությանը, այն առավել հաճախ հայտնաբերվում է արական սեռի ներկայացուցիչների մոտ, երբ զորակոչային տարիքում հոգեբուժական քննություն են անցնում:

Դառնալով հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ հասարակական վերաբերմունքին՝ մասնագետները վստահեցրին, որ այս առումով բավականին լուրջ տեղաշարժեր են նկատում:

Ի դեպ, հոգեբուժական ծառայություններից օգտվողների թիվն էլ է նախորդ տարիների համեմատությամբ մեծացել, սակայն մեծ է նաև չօգտվողների թիվը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031