Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նարինե Դելլալյանը՝ Վիգեն Ավետիսի քանդակի մասին. «Հայրենիքը անտարբեր մնաց»

Հոկտեմբեր 13,2015 21:15

Ջութակահար, Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից  Նարինե Դելլալյանը Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Վիգեն Ավետիսի «Հայոց Մայր» հուշարձանի՝ այդպես էլ Հայաստան չհասնելու առիթով:

narine2

«Երբ 1920թ. Չարենցը նշանակվեց Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ՝ անում էր ամեն բան, որ հայ գրողները, նկարիչները, երաժիշտները, մշակույթի գործիչները գան կամ վերադառնան Խորհրդային Հայաստան, քանի որ գիտեր, որ մայր հայրենիքում ստեղծագործելով նրանք առավել օգտակար կլինեն իրենց ժողովրդին…

Այս օրերին, այս անգամ էլ Մարսելում, արժանավայել արարողությամբ, իր ամբողջ հմայքով և վեհությամբ ներկայացվեց Վիգեն Ավետիսի  «Հայոց մայր» հուշարձանը։ Այն պատմություն է մի ազգի մասին, որ մահվան էր դատապարտվել՝ բայց չի մահացել… Ապրել է՝ իր սիրով պահպանելով, թևերի տակ ջերմացնելով իր որբուկ զավակներին…Ապրեց, որովհետև չէր ուզում մահանալ… Երանի մարսելցիներին, երանի նրանց, ովքեր հպարտությամբ կասեն, որ այդ փառահեղ աշխատանքը մեր Վիգենի ստեղծագործությունն է…
Իսկ հուշարձանը ստեղծվել էր մեր հայրենիքում տեղադրելու համար, 100-րդ տարելիցը նաև նման հաղթական կոթողով վերաիմաստավորելու նպատակով… ընկերներով ոգևորված քննարկում էինք, փնտրելով քաղաքի լավագույն բարձրունքը այդ կոթողի համար։ Բայց… Հայրենիքը անտարբեր մնաց… չշրջվեց ու չնայեց որբուկներին փրկող կնոջ աչքերին… Կոթողը չհասավ Հայրենիք…

Հաղթանակը՝ ասել կուզե կյանքը մեզ կրկին վերադարձել է հոգևոր ու ոգեղեն արժեքների շնորհիվ։ Այսօր գովերգելով ու խրախուսելով արատավորը, այն, ինչ հակամշակութային է, հակաժողովրդական, ինչո՞վ, ինչպե՞ս ենք զինելու մենք մեզ։ Զգուշավոր չենք բոլորովի՛ն չվտանգելու համար մեր ապագան, ու Աստված չանի, որ սպանվի հույսը, հավատը… Այդ ժամանակ ո՞վ է պատասխան տալու, որտե՞ղ ենք մեղավորներ փնտրելու…  Իսկ Հայոց Մայրը կապրի աշխարհում։ Ու թող որ ապրի ու գեղեցկացնի այն։ Ի վերջո մենք էլ աշխարհի մասնիկն ենք։

Չարենցը… նպատակով էր մտահոգված Չարենցը…»,-  նեղսրտեց արվեստագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Միթե չգիտեք ինչն է պատճառը? Վիգեն Ավետիսը հաճախ է քննադատում այն ամենը, ինչը այսօր Հայաստանում կոչվում է ” արվեստ”, քննադատում է անճաշակությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, ինչը խրախուսվում է մշակույթի տերերի կողմից:

  2. henri says:

    Մեր յուշարձանային կոթողներով յղփացած հայրենիքին մէջ կը թուի թէ ԱԶԱՏ ՀՐԱՊԱՐԱԿ ՉԷ ՄՆԱՑԱԾ – ոչ մայրաքաղաքին ոչ ալ շրջաններուն մէջ-եւ հարիւրամեակի պետական եւ տեղական կազմակերպիչներու մէջ կատաղութիւն մը մտած է օտար հրապարակներն ու հանրային պարտէզները զարդարել հայ արուեստագէտներու գործերով ՝յատկապէս ԽԱՉՔԱՐԵՐՈՎ- որոնք հետզհետէ աւելի հնդկական տաճարներու զարդաքանդակներու ընդօրինակութիւններով սկսած են ճոխանալ-դիւրացուած շնորհիւ ելեկտրական սղոցներու եւ փորագրիչ սարքերու- բոլորովին անտեսելով որ Հայ արուեստի հմայքը կը կայանայ ՊԱՐԶՈՒԹԵԱՆ ՄԷՋ եւ զարդը պէտք չէ մթագնէ բովանդակութիւնը / Տես Մոմիկի եւ Վարպետ Պօղոսի գլուխ գործոցները/ ։ Անոնք ընտրած են ամենադիւրին ճամբան-
    խաչքար մը զետեղենք մեր բնակած շրջանին մէջ- համակրութիւն ցուցաբերելով տիրող կուսակցութեան ,ուր վստահաբար ծագումով հայ խորհրդականն ալ իր մասնակցութիւնը կը բերէ-եւ կատարած կ՜ըլլանք մեր պարտականութիւնը հանդէպ մեր նահատակներուն եւ հայրենի իշխանութիւններուն։
    ՅԳ- Ամէն տարի Սեւրի դաշնագրի շքեղ պալատի մուտքին զետեղուած Խաչքարին շուրջ, կոկիկ հանդիսութիւն մը տեղի կ՜ունենար – Յարակից Մխիթարեան վարժարանի աշակերտներու գեղարուեստական մասնակցութեամբ -այս տարի ի յիշատակ Հարիւրամեակին, կազմակերպիչ յանձնախումբը բոլորովին անտեսած էր Սեւրը – Այս պիտի ըլլայ դժբախտաբար ուշ կամ կանուխ միւսներուն ալ ճակատագիրը։ Աւելի օգտակար պիտի չըլլար եթէ իւրաքանչիւր համայնք իր կարողութեան համաձայն ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ կամ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՈՒՆ ՄԸ նորոգէր Հայրենի Հողին վրայ ? ։

  3. narine Dellalian says:

    Հարգարժան Հայր Սուրբ, անհնազանդություն չհամարեք, բայց Ձեր թույտվությամբ շարունակեմ միտքս։
    Աշխարհում տասնյակ քաղաքներ իրենց ուրույն դեմքն ունեն, մեկը մյուսից հետաքրքիր, պատմություն ուսուցանող կոթողների, արձանների առատությամբ։ Որպես օրինակ Ֆլորենցիան թեկուզ, դարեր շարունակ շռայլորեն մարդկության առջև բացվում է իր աննման հուշարձաններով ու շարունակում հիացնել մարդուն։ Ըստ իս Հայաստանը նույնպես՝ Ձեր խոսքով ասած ունի “հղպացած” լինելու իրավունքը։ Անշուշտ այս հարցում թերացումները շատ են, կապված քանդակի գեղագիտական որակի հետ, երբեմն նույնիսկ անընդունելի։ Ունենք նաև քանդակի համար ընտրված տեղանքի սխալներ, որոնց արդյունքում հրաշալի արձանը վերջնականապես կորցնում է իր հմայքը, կորում է շրջապատի պատճառով…
    Ինչ վերաբերվում է օտար հրապարակներում հայ արվեստագետների ստեղծագործությունների ներկայացմանը, կրկին նույն խնդիրն է, թէ գեղագիտական ինչ մակարդակի ճաշակով է այն ընտրված։ Արդյունքում այո, հաճախ ևս մեկ գերեզմանաքար։
    Բարեբախտաբար Վիգենի հուշարձանը, ըստ իս՝ բարձր արժեք է ներկայացնում և ամենակարևորը՝ ասելիք ունի։ Վեհ կնոջ կերպարով, վերջապես, հայու վրայից թոթափվում է ու վերջ է դրվում խեղճ ու կրակ, զոհ դարձած հայու կերպարին։
    Կարծում եմ այս հրաշալի աշխատանքով ճակատներս բաց կարող ենք ներկայանալ աշխարհի առջև։
    Օգտակարությունների մասին. Իմ կարծիքով և՜ մշակույթի տան վերանորոգումն է կարևոր և՜ արվեստի ստեղծագործության ծնունդին ու ապրելուն խթանելը։ Վստահ եմ նաև, որ մեկը մյուսի հաշվին չպետք է լինի այլապես ինչի համար անհրաժեշտ կլինի մշակույթի տունը, եթե մշակույթ չունենանք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031