Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում, թե ինչպես սպանեցի երեխաներին, նրանք իմ համար ծաղիկներ են». Պերմյակովը ներողություն է խնդրել. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 14:08

«Մի առումով նա շատ խղճալի վիճակում էր, որովհետեւ ասում էր՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, նրանք իմ համար ծաղիկներ են, շատ եմ սիրում երեխաների: Մեկ էլ ասում էր՝ արել եմ, այդպես ստացվեց եւ ժպտում էր ամբողջ ընթացքում: Երբ նրան հարցնում էին՝ հոգիդ չի՞ ցավում, ասում էր՝ ոչ: Հարցնում էին՝ չէ՞ որ զղջում ես, ասում էր՝ չէ, իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգիս ո՞նց կարա ցավա: Այս աստիճան պրիմիտիվ անձնավորություն է ինքը»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում Ավետիսյանների փաստաբան Լուսինե Սահակյանն այսպիսի դրվագ պատմեց Վալերի Պերմյակովի մասին, երբ հանդիպել է հայկական կողմի հոգեբանների հետ:

Լուսինե Սահակյանը նաեւ պատմեց, որ Պերմյակովն արդեն իր կյանքն ավարտված է համարում եւ ասել է՝ ես գիտեմ, որ իմ կյանքն արդեն չկա, միայն խնդրում եմ, որ ինձ հասկանան ու ներեն:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Պերմյակովը տարբեր կերպ է նկարագրում իրավիճակը հատկապես Հասմիկ Ավետիսյանի՝ փոքրիկ աղջկա սպանությունը: Մենք գիտենք, որ փոքրիկ աղջկան սպանել է սվին դանակով: Բայց Պերմյակովը մեկ ասում է, որ սվին դանակով է սպանել, մեկ ասում է՝ կրակել է. «Երբ նկարագրում է երեխաների սպանությունը, ասում է, որ ինքը իրեն կատարելապես կորցրած վիճակում է եղել: Ցուցմունքներից մեկում ասում է՝ ներվերիս վրա ազդել է եւ վերջ: Հետո նկարագրում է, որ սպանությունից հետո շորերը փոխել է, ասում է՝ հո համազգեստս հետս քաշ չէի՞ տալու: Ասում է, որ Ավետիսյանների շորերն է հագել, գնացել է դեպի թուրքական սահման՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Ըստ իրեն, Ավետիսյանների սպանությունը, այդ ամբողջը տեւել է մոտ 15 րոպե»:

Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել, որեւէ վնասվածք չի ունեցել, այսինքն, ներսում` Ավետիսյանների տանը նրա դեմ չեն պայքարել:

Նրա ականջախեցիներում, շորերի վրա եւ այլն, կրակոցների փամփուշտների արգասիքներ են հայտնաբերվել, ինչը վկայում է, որ կրակողը իսկապես նա է եղել:

Լուսինե Սահակյանն ասաց՝ մեզ մոտ կասկած չկա՝ Պերմյակովն այն անձն է, որը կատարել է կրակոցներ:

Հարցին՝ հնարավո՞ր է նա դրսից ուղարկված է եղել, ուղղորդված է եղել, կամ նրա հետ այլ անձինք են մասնակցել սպանությանը՝ նա պատասխանեց. «Մինչ օրս որեւէ տեղեկություններ չունենք երկրորդ անձի մասնակցության մասին եւ մինչ այս պահը որեւէ փաստական հանգամանք մեզ ծանոթ չէ, որ նրան դրսից են ուղղորդել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031