Էդմոն Մարուքյան. «Երբեք չեմ ասել, որ Ելենա Օվսյանիկովան սադրիչ է»

Էդմոն Մարուքյան. «Երբեք չեմ ասել, որ Ելենա Օվսյանիկովան սադրիչ է»

Էդմոն Մարուքյանը հստակ միտումներ է տեսնում

«Նրանց (փաստաբանների Ա. Չ.) մեկնաբանությունը ինձ շատ քիչ է անհանգստացնում եւ հետաքրքիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Ելենա Օվսյանիկովայի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ հայցադիմումի պատասխանին, ասել էր՝ «Ասվում է, որ երբ նա իր ֆեյսբուքյան էջում խոսել է սադրանքի եւ սադրիչի մասին նա անձը նկատի չի ունեցել, այլ վայրը: Եվ ասելով, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է նկատել նա ամենեւին էլ նկատի չի ունեցել, որ Ելենա Օվսյանիկովան հարբած վիճակում է եղել. չէ՞ որ մարդու վրայից տարբեր պատճառներով կարող է ալկոհոլի հոտ գալ, օրինակ՝ եթե նա կանգնած լինի բազմության մեջ մեկ այլ անձի կողքը, որը ալկոհոլ է օգտագործած եղել»:

Էդմոն Մարուքյանը ասաց, որ երբեք չի ասել, որ Ելենա Օվսյանիկովան սադրիչ է. «Դա իրականությանը չի համապատասխանում: Ես ասել եմ՝ Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել սադրանք, ինչը իմ կարծիքն է տեղի ունեցածի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ սադրանք է տեղի ունեցել այդ վայրում, վայրը դրա հետ է կապված: Ինչ վերաբերվում է հարբած լինելուն, ապա ես որեւէ պնդում չեմ արել, որ նրանց տարածքից, նրանց մոտից, որովհետեւ նա միայնակ չէր՝ նրա հետ մեկ այլ աղջիկ կար, ու նրանք նստած էին գետնին: Այդ տարածքից՝ նրանց մոտից՝ նրանց վրայից, գալիս էր ալկոհոլի ուժեղ հոտ: Կարող է՝ ինքն էր օգտագործել ալկոհոլը, կարող է ինքը չէր օգտագործել, ես չեմ կարող ասել, այսինքն՝ ես որեւէ ողջամիտ հնարավորություն չունեմ դա ապացուցելու: Եվ ըստ էության, դա այն է, ինչը ես զգացել եմ: Մնացածը՝ ես այդտեղ ո՛չ վիրավորական բան եմ տեսնում նրա հասցեին ուղղված եւ ո՛չ էլ զրպարտչական որեւէ տեղեկություն նրա մասին»:

Ելենա Օվսյանիկովան ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից, պատգամավոր Էդմոն Մարուքյանից եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում եւ փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով, որից 1 միլիոնը պահանջում են պատգամավորից:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմի ոչ մի պահանջի հետ համաձայն չէ. «Ես կարծում եմ, որ ինձ դատի տալու որեւէ հիմք չունեն, ավելին՝ ինձ ոստիկանության հետ դատի տալու հիմք չունեն, որովհետեւ իմ գործողությունները եւ ոստիկանության գործողությունները առանձին գործողություններ են, եւ ես ոստիկանության աշխատող չեմ, ես ոստիկանության հետ որեւէ առնչություն չունեմ: Ինձ ոստիկանության հետ դատի տալը հստակ միտում է եղել նրանց մոտ: Եվ փաստաբանների համար շատ պարզ է, որ կարող էին առանձին հայցադիմումը ներկայացնել իմ դեմ, եթե նրանց վստահորդը պնդում էր, որ անպայման պետք է Էդմոն Մարուքյանին դատի տալ»:

Անդրադառնալով 1 միլիոն դրամ փոխհատուցման պահանջին պատգամավորն ասաց, որ բոլորին է հայտնի, որ ինքը գործարար չէ եւ իր աշխատավարձը կազմում է մոտավորապես 460 հազար դրամ. «Դա իմ երկու ամսվա աշխատավարձն է: Այսինքն՝ այդ աղջիկն ուզում է իմ երկու ամսվա աշխատավարձը, ես ոստիկանությունից նա պետական մարմնից է պահանջում, որը բյուջե ունի»:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ դեպքից հետո Ելենա Օվսյանիկովան խնդրել է հանդիպել իր հետ, ինքն էլ համաձայնել է եւ հանդիպել է Օվսյանիկովայի եւ նրա ամուսնու հետ. «Շատ հանգիստ, շատ բավարարված, իմ կարծիքով, գնացել են տուն: Հետո երկար ժամանակ է անցել որոշել են դատի տալ: Դրա համար ես տարբեր միտումներ եմ տեսնում դրա մեջ: Այդ ո՞նց եղավ, երբ որ ես հայտարարում եմ՝ պետք է Նիկողոսյանին մեդալից զրկել, այդ ժամանակահատվածում ինչ-որ մեկը հիշում է, էլի Ռուսաստանի քաղաքացի, որ պետք է ինձ դատի տա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք