Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախկին նախարարը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 22:30

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը դրական է համարում սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագիծը: «Շատ հասարակություններ իրենք կարծես թե շոգեքարշի հետեւից են վազում եւ ստիպված են լինում նախընթաց, առաջընթաց կյանքի հետեւից փոփոխել օրենքը, որն այլեւս չի բավարարում այսօրվա պահանջներին: Եւ ես կարծում եմ, որ մենք որպես միակ ցուցանիշ ու միակ չափանիշ Սահմանադրությունը կամ իրավունքը զարգացնելու դիտել հասարակության պահանջը, սա առաջին հերթին ոչ այնքան լիարժեք մոտեցում է:

Ընդհանրապես հարցադրումը՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը բավարար մեխանիզմներ պարունակում է, որպեսզի մեր տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները լուծենք, թե ոչ, միգուցե եւ կարելի է սրան դրական պատասխան տալ: Բայց, այնուամենայնիվ, կան մեխանիզմներ, որոնք եթե մենք այսօր բարելավենք, ապա մեր պրոցեսները, մեր զարգացումը բոլոր ասպարեզներում՝ թե քաղաքական, թե տնտեսական, կարող են ավելի առաջ գնալ: Շատ պարզ օրինակի վրա բերեմ, կարող ենք մենք ենթադրենք 20 տարվա հնության, սովետական արտադրության «Ժիգուլիով» Երեւանից հասնել Գյումրի կամ Գյումրիից հասնել Երեւան: Իհարկե, կարող ենք հասնել ենթադրենք երկու ժամում, մեր խնդիրը լուծել, հետ գալ, բայց հիմա մենք հնարավորություն ունենք ավելի կատարյալ մեքենայով այդ նույն ճանապարհը անցնել եւ ավելի արագ, լավ պայմաններում»:

Հարցին՝ Սահմանադրական փոփոխությունները կարո՞ղ են ապահովել Հայաստանի քաղաքացու բարեկեցիկ կյանքը, արդարադատության նախկին նախարարն ասաց. «Գիտեք Սահմանադրության փոփոխությունը զուտ չի կարող բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի կյանքը դառնա պայծառ մեր երկրում, որովհետեւ առաջին հերթին սահմանադրության փոփոխությունների բարձր որակը դա ընդամենը նախապայման է: Դրանից հետո շատ լավ մենք հասկանում ենք, որ պիտի հետեւեն օրենքների փոփոխությունները, այդ սահմանադրական դրույթները, որոնք Սահմանադրության հանրաքվեի արդյունքում ընդունվելու պարագայում պետք է հռչակեն, դրանք պետք է միս ու արյուն ստանան հետագայում օրենքների ձեւով: Այսինքն` հաջորդ քայլը այդ օրենքները պետք է լինեն բարձր որակի: Հաջորդ քայլը, այդ օրենքները ընդունելուց հետո մեր քաղաքական համակարգը, մեր հասարակությունը պիտի կարողանա մարսել դա»:

Aravot.am-ը արդարադատության նախկին նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունը միակուսակցական համակարգի անցնելու վտանգ չի պարունակում, երկիրը փաստացի չի՞ անցնում մի կուսակցության ձեռքը: «Գիտեք այդ վտանգն այսօրվա Սահմանադրությամբ էլ կարող է լինել, դրա համար շատ կարեւոր է, որպեսզի սահմանադրական փոփոխություններին զուգընթաց կարողանանք մեխանիզմներ մշակել, որպեսզի քաղաքական համակարգն ավելի ամրապնդվի եւ կայանա: Ցանկացած Սահմանադրության պարագայում, եթե մենք չունեցանք կայացած քաղաքական համակարգ, միշտ նմանատիպ ռիսկեր կարող են լինել»:

Մեր հարցին, թե մարդկանց իրավունքների պաշպանության տեսանկյունից ո՞նց կգնահատի փոփոխությունները, նախկին նախարարն ասաց՝ «Հենց այս մասով մասնավորապես ես ասեմ՝ միանշանակ դրական, որովհետեւ շատ ավելի կատարյալ մեխանիզմներ են սահմանվում մարդու իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես օրինակ դատական համակարգի բարեփոխումների մասով, պիտի ասեմ, որ այն մեխանիզմները, որոնք դրված են թե՛ դատավորների նշանակման, թե՛ առաջխաղացման, թե՛ դատական համակարգի ինքնակառավարման տեսակետից, իրենք ավելի մեծ նախադրյալներ են ստեղծում այդ համակարգն անկախ պահելու, քան այսօր Սահմանադրությամբ մենք ունենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շատ պարզ օրինակի վրա բերեմ, կարող ենք մենք ենթադրենք 20 տարվա հնության, սովետական արտադրության «Ժիգուլիով» Երեւանից հասնել Գյումրի կամ Գյումրիից հասնել Երեւան: Իհարկե, կարող ենք հասնել ենթադրենք երկու ժամում, մեր խնդիրը լուծել, հետ գալ, բայց հիմա մենք հնարավորություն ունենք ավելի կատարյալ մեքենայով այդ նույն ճանապարհը անցնել եւ ավելի արագ, լավ պայմաններում»:

    Ավելի արագ չես կարող, որովհետեւ ճանապարհային երթեւեկության կանոնները արագության մասով չեն փոխվել: Կապ չունի, թե ինչ մեքենայով ես, միեւնույն է առավելագույնը 90 կմ կարող ես 1 ժամում անցնել: Ու «Ժիգուլիով» հանգիստ կարող ես այդ 90կմ-ն գնալ 1 ժամում: Ավելին` հիմա ավելի դժվարացել է` արագաչափեր են դրված: Արդարադատության թեկուզ նախկին նախարարը սա պետք է որ լավ իմանար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031