Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել». Ում ոտքն է տրորել Օմբուդսմենը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2015 16:54

«Ծանր էր, ծանր էր ոչ թե քննադատությունը, քաղաքական բանավեճը, ոչ թե շատ խելացի խորհուրդները, որոնք իսկապես կային բոլոր կողմերից, ծանր էր անարդարությունը»,-իր եզրափակիչ ելույթում այսպիսի հայտարարություն արեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը ներկայացնում էր ԱԺ-ում իր 2014-ի զեկույցը:

Նա ասաց, որ չի պատրաստվում անհատական պատասխանել խայթոցներին, կսմիթներին, երանգավորված ուղղորդումներին. «Ուզում են ասել՝ դու թույլ ես, որովհետեւ երիտասարդ ես: Բոլոր երիտասարդ բառն օգտագործածներին միանգամից ասեմ՝ երիտասարդությունը այստեղ ներկա գտնվողների բոլոր եղած թերություններից ամենափոքրն է: Երիտասարդ լինելով՝ կարելի է արդեն հասուն լինել այնքան, որ մտածել մարդկանց իրավունքների մասին, ոչ թե ինչ-որ մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելու մասին»:

Ինչ վերաբերում է զեկույցին՝ Կարեն Անդրեասյանն ընդունեց, որ կան որոշակի վրիպակներ, ընդհանրական նախադասություններ:

Խոսելով Արամ Մանուկյանի խորհրդի մասին, որ սրությունը քիչ է, պետք է ավելի կոշտ արձագանքել՝ Անդրեասյանը պատասխանեց. «Դա քաղաքական ճաշակի եւ պատկերացման հարց է: Միայն նրա համար, որպեսզի հակառակ թեւի եղած հարձակումներից ինձ պաշտպանեք՝ ես չեմ պատրաստվում շեղվել այն գծից, որը որդեգրել եմ՝ լինել ապաքաղաքական, մտածել ամեն մի իմ դիմումատուի եւ համակարգային խնդիրների մասին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների խորհուրդներին, որ ավելի նուրբ եղիր՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքն անաչառ է, իսկ լինել անաչառ՝ չի նշանակում լինել ձախ կամ աջ սեկտորների ճաշակով. «Պետք է անկեղծ լինեմ՝ ես չունեմ քաղաքական հենարան, չունեմ մարդիկ, ովքեր ինձ համար կկանգնեին եւ ում պետք է՝ իրենց տեղները ցույց կտային: Դրա համար է, որ իմ զեկույցներն այսպիսի արձագանք ունեն: Ես ունեմ իմ ռեսուրսը՝ հավատք ունեմ: Վստահ եմ, որ Աստծո կամոք կարող եմ մարդու իրավունքները լիարժեք պաշտպանել: Երկրորդը՝ իմ Սահմանադրությունն է, երրորդը՝ մարդիկ են, ուղղակի մարդիկ: Այդ մարդիկ ինձ թույլ են տալիս փողոցում հանգիստ քայլել՝ պարզ ճակատով: Ես գիտեմ, որ արել եմ առավելագույնը, որ կարող էի անել իմ պաշտոնավարման ընթացքում: Այսօր ինձ է վստահված այս աշխատանքը եւ ես ամեն օր չարչարվում եմ, որ անեմ իմ առավելագույնը»:

Գագիկ Ջհանգիրյանը քննադատել էր, որ Կարեն Անդրեասյանը կոչեր է ուղարկում պատկան մարմիններին՝ աշխատելու փոխարեն: Եթե լիներ սպիտակ մազերով, ճաղատ, տարիքն առած մեկը՝ էլի այդ կոչերը կլսեին, բայց Կարեն Անդրեասյանի կոչն ով պետք է լսի:

Օմբուդսմենը պատասխանեց՝ հիշեցնելով Սախարովին. սպիտակ մազերով, ճաղատ, խոսքի արատով՝ կակազելով, դժվարությամբ մարդը խոսում էր մեկ այլ ամբիոնից եւ այնտեղ էլ կային մարդիկ, որոնք ոտքերն էին դոփում կամ լեզուն էին դոփում, որպեսզի լռեցնեն: Հիմա այստեղ էլ կային մարդիկ, որոնք փորձում էին շեղել, վարկաբեկել, լռեցնել:130 պատգամավոր այսօր մի կողմ են ինձ համար, մեկ պատգամավորը՝ մեկ այլ կողմ:

Կարեն Անդրեասյանն առանձին անդրադարձավ նաեւ Սամվել Ֆարմանյանի ելույթին՝ նշելով, որ նա իրեն դրսեւորեց պատգամավորական, մարդկային էթիկայի բոլոր կանոններին դեմ. «Կարծում եմ, որ քննադատությունն ունի սահման եւ բարոյականություն: Անբարոյական է ոչ թե նույնիսկ այդպես անողոքաբար քննադատելը որեւէ ինստիտուտի կամ մարդու, էլ չասենք տարիների աշխատանքը, անբարոյական է վրդովվել, որ մենք զեկույցում նշել ենք, որ միջատները կալանավորին կծոտում են: Մեկ գիշեր էլ այդ նույն պատգամավորը որ անցկացնի քրեակատարողական հիմնարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծոտող միջատի մասին: Սա ոչ անեծք է, ոչ նզովք է, ոչ էլ հակադարձում է: Սա իսկապես մտահոգություն է: Նույն այդ պատգամավորը եթե կարիք ունենա ՄԻՊ-ի, թողնելով մի կողմ իր դրսեւորած անբարո ելույթը, ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին՝ պաշտպանելու իր իրավունքը:

Ինչպես ասել էր ԱԺ մեծարգո նախագահը՝ նա տեսել էր ոմանց մերկությունը եւ չէր գայթակղվել: Ես մերկությունը չեմ տեսել, բայց ես տեսնում եմ մոտիվները եւ հետեւում եմ այդ մոտիվներին: Հավատացեք, սա էմոցիոնալ չէ, սա հաշվարկված վրդովմունք է, որովհետեւ սա պետք է կասեցվի: Պետք է հասկանանք մոտիվները: Կային մարդիկ՝ իշխանավորներից, ընդդիմադիրներից, որոնց ասածները ինձ դուր չեկան, որոնց ասածների հետ ես համաձայն չեմ: Իրենց ասածներում նույնպես կար անարդարություն, բայց որեւէ մեկը չեմ կասկածում, որ ուներ վատ եւ կեղտոտ մոտիվացիա: Դրա համար ես խոսում եմ մեկ եւ 130 պատգամավորների մասին: 130-ը մտահոգված էին եւ մեկը, որ իմ պատկերացմամբ անում է ոչ բարոյական աշխատանք եւ կատարում է որոշակի պատվեր»:

Թե ինչ նկատի ուներ օմբուդսմենը՝ ասաց. «Ես անձնական թշնամիներ չունեմ, չունեմ նաեւ այս դահլիճում: Բայց եթե մարդը կարողանում է իջնել այս մակարդակի եւ այդպիսի ելույթ է կարողանում ունենալ, ենթադրում եմ, որ դա մարդ է, ում ոտը ես տրորել եմ»:

Նա ասաց, որ իր աշխատանքում շատ մարդկանց ոտք է տրորել, դա իր աշխատանքն է: Բայց բոլորը վրդովվել են, իրենց դրսեւորել են բարոյական. «Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»,- ասաց պարոն Անդրեասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Անդրեասյանը վերջապես սեփական կաշվի վրա պետք է հասկանար թե ինչ է նշանակում անձնավորված գործունեությունը, քանի որ բոլորին է հայտնի, որ ՀՀ մարդու իրավունքների այս տխրահռչակ պաշտպանը համակարգերի մասին խոսում է բացառապես ելնելով դրանց ղեկավարների հետ իր ունեցած անձնական փոխհարաբերություններից. քննադատում է այն պետական կառույցներին, որոնց ղեկավարները պարզապես իրեն վերաբերվում են որպես մարդու իրավունքների պաշտպանի և ոչ ավելին, իսկ գովաբանում է այն համակարգերին, որոնց ղեկավարները պատրաստակամորեն կատարում են իր միջնորդությունները, նաև տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու հարցերում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031