Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը քրեական հանցագործություն է

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը քրեական հանցագործություն է

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով՝ ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովն հայտարարել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը ու առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել: Հաղորդումներ նպատակը ԱԺ փոխնախագահը բացատրել է հետևյալ կերպ. «աղանդների դեմ պայքարելու համատեքստում»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պատասխանել է, որ «Հանրայինն ունի նման հնարավորություն և որ կփորձեն, որ նման հաղորդում լինի»:

Նույն միտքը կրկնել է ԱԺ հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչից պետք է ենթադրել, որ դա իշխող կուսակցության քաղաքականությունն է. «Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության քողի տակ բավականին գումարներ են մուտք գործում հանրապետությունում և այդ գումարները օգտագործվում են, որպեսզի խոչընդոտեն մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին և այստեղ շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը: Ըստ նրա «աղանդների» վրա բավականին գումարներ են դրվում, որպեսզի կարողանան պառակտել «մեր Սուրբ Առաքելական եկեղեցին»:

«Աղանդների» նկատմամբ ԱԺ մեծամասնության պատասխանատուները նման ծանր մեղադրանքներ ներկայացնելով չեն հստակեցնում, թե ինչ են հասկանում «աղանդ» հասկացության տակ, չեն նշում, թե որ կրոնական կազմակերպություններն են «ազգային արժեքները» խոչընդոտելու համար դրսից «բավականին գումարներ» ստանում:

Մենք, հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններս անընդունելի ենք համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերը կրոնական նպատակներով օգտագործելը: Ինչպես նաև դատապարտում ենք Հայաստանի կրոնական կազմակերպություններին ազգի թշնամի հայտարարելու հիշյալ պաշտոնյաների հայտարարությունները:

Հիշեցնում ենք, ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդված 226-ով «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» համարվում է քրեական հանցագործություն և դրա համար նախատեսված են պատիժներ:

«Հոգևոր Հայաստան» ՀԿ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ, Կանանց Աջակցման Կենտրոն, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ, Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների, Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ , «Մենք պլյուս սոցիալական» ՀԿ, «Կրթության ասպարեզ» ՀԿ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ, «Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության» Կենտրոն, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, փաստաբան Տիգրան Հայրապետյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք