Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները հեռացվեցին դատական նիստերի դահլիճից

Նոյեմբեր 04,2015 17:12

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստ: Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզան Հակոբյանը միջնորդել էր, որ Վարդգես Գասպարիին քրեական պատասխանատվության ենթարկեն:

Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին ՀՀ վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեին հնչեցրել է «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին, ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին, թաքցնեք Ձեր փեշի տակ: Վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին՝ «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ: Միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա» արտահայտությունները, որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը:

Նշենք նաև, որ դատարանում պարոն Գասպարին միջնորդություն էր ներկայացրել, որ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դատարանում կեղծ ցուցմունք է տվել, որի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Սակայն այն մերժվել էր` առանց պատճառաբանության:

Այսօրվա` նոյեմբերի 4-ի նիստին, Վարդգես Գասպարին այս հարցով իր դիրքորոշումը հայտնեց` հայտարարելով, որ դատարանը իշխող վարչակարգի օղակներից մեկն է. «Ոստիկանության ներկայացուցիչն ակնհայտ կեղծ ցուցմունք է տալիս, և դատավոը արդարացնելու պատասխանատվություն է վերցնում, այնպես, ինչպես բոլոր այլ քրեական գործերով»:

Այնուհետև դատավորը պարոն Գասպարիին զգուշացրեց դատական կարգը խանգարելու մասին, Վարդգես Գասպարին հիշեցրեց, թե այդ ինչպե՞ս էր, որ օրինակ` Հարսնաքարի գործով քրեական հանցագործները դատարաններում ինչ ուզում անում էին, սեռական հայհոյանքներ հնչեցնում, իսկ դատավորը ծպտուն անգամ չէր հանում:

Այս ասելով` Վարդգես Գասպարին լքեց դատական նիստերի դահլիճը: Նրա ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանյալի չեն մասնակցում դատական նիստին:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց ու հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Կատարվածին գնահատական տալով` Վարդգես Գասպարին ասաց. «Այս խնդիրն ունի դատական լուծում: Ես դատավորերին ասում եմ` դուք ձեռքներդ թափ եք տվել օրենքից, ասում եք` մեկ է գործը կգնա Եվրոպական դատարան, 5-10 տարի հետո ինչ կլինի, դա չի հետաքրքրում իրենց: Իսկ ինձ այսօր հետաքրքում են ՀՀ-ի դեմ կայացված վճիռները, որոնք դատավորների փնթիության պատճառով են և իմ գրպանից են վճարվում»:

Պարոն Գասպարին հայտնեց, որ ինքը Եվրոպական դատարանով կայացված անարդար վճիռների տուժածների հետ իր համաձայնությունն է հայտնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30