«Արեք, ինչ ուզում եք». Գասպարին զգուշացրել է դատարանին ու չի ներկայանում նիստերին

«Արեք, ինչ ուզում եք». Գասպարին զգուշացրել է դատարանին ու չի ներկայանում նիստերին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր.քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու դեմ հարուցված քրեական գործի քննությունն էր: Պարոն Գասպարին հրաժարվել է մասնակցել դատական նիստերին և դատարանին զգուշացրել է համապատասխան գրությամբ: Նա նաեւ թույլ չի տալիս իր փաստաբաններին ներկայանալ դատարան:

«Ձեր կանչով չներկայանալու հետևանքների մասին ինձ հայտնի են ձեր բարձրագույն ղեկավարության հնարավորությունները, որ դուք ունեք հարկադրանքի կիրառման տարբեր գործիքներ, կարգադրիչներ, ոստիկաններ, դատախազներ, ԴԱՀԿ և ի վերջո քրեական խմբավորումներ ձեր հասարակական կարգը պարտադրելու համար: Արեք, ինչ ուզում եք»,- դատարանին զգուշացրել է Վարդգես Գասպարին:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջին դատական նիստին դատարանում հայտարարել էր, որ  որպես բողոք դատավորի բացահայտ անօրինական գործողությունների և կամայականությունների դատարան այլեւս չի գնա. «Ես ասել եմ, որ, մասնավորապես ոստիկան Սոնա Մելիքյանի՝ դատարանում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցելու մեր միջնորդությունը առանց պատճառաբանության մերժելու կապակցությամբ, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, և շարունակելու եմ ընդդիմանալ ձեր դատական համակարգի ապօրինություններին:
Բացի դրանից, դուք թույլ եք տվել մի շարք այլ ապօրինություններ և անառարկելի իրավախախտումներ:

Նախ` Փակ Շուկայի դիմաց ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի Փարվանա ռեստորանի աշխատակիցների միջոցով իմ պաստառը գողանալու մասին ոստիկանության զեկուցագիրն եք փոխել, այնուամենայնիվ, չկարողանալով ոչնչացնել առաջին  իրական զեկուցագիրը, և հանցագործության հեղինակների փոխարեն ինձ եք մեղադրանք առաջադրել: Այնուհետև, մեղադրանքը հիմնավորելու համար այլ փաստարկներն եք խեղաթյուրել, ընդհուպ մինչև դատական նիստի առկա ձայնագրության սղագրությունն եք խեղաթյուրել, ձևափոխել և հարմարեցրել ձեզ… Եվ այսքան լկտի պահվածք եք ցուցաբերում քիչ թե շատ պաշտպանված, պատշաճ իրավական աջակցություն ունեցող քաղաքացու նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին, ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ, վեց տարի է ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ» արտահայտությունների համար: Նա այս արտահայտություններն ուղղել էր Վարչական դատարանի դահլիճում ոստիկանության ներկայացուցիչներին:

Նա չէր շրջանցել նաեւ դատական նիստը նախագահող դատավորին՝ ասելով. «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    «Ձեր նման արժանապատիվ և անինքնասեր դատավորներ են …??????

    • Վարդգես Գասպարիv says:

      «Ձեր նման ԱՆարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են

      …տպագրական սխալ է… մերսի զգուշացնելու համար…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք