Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն արցունքների չի հավատում

Նոյեմբեր 11,2015 14:30

Մեր զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ.  Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

– Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» տխրահռչակ զեկույցը, որը Հայաստանում բավական հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Իշխանական դասի ներկայացուցիչները պնդում են, որ այն կփոշոտվի ԵԽԽՎ դարակներում, ընդդիմադիր դասի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ սա գրեթե աշխարհի վերջն է մեզ համար: Դուք ո՞ր տեսակետի կողմնակիցն եք:

– Որեւէ արդարացում չեմ տեսնում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ոչ իշխանական ներկայացուցիչների գնահատականների համար, որ ամեն ինչ ավարտված է, որ սա վերջնական տապալում է եւ այլն, ինչպես նաեւ գործադիր իշխանության ներկայացուցիչների գնահատականների, որոնք անտարբերություն են ցուցաբերում, պարսավում են ԵԽԽՎ-ն եւ ընդգծում, որ անգամ վեհաժողովի կողմից ընդունելու դեպքում այդ փաստաթուղթը իրավական ուժ չի ունենա: Այո՛, միջազգային որեւէ ատյանի բանաձեւ ուղղակի կիրառման ուժ չի կարող ունենալ՝ բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերից: Բայց միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթղթերը ստեղծում են որոշակի քաղաքական մթնոլորտ եւ միտում:

Փաստաթղթի հետագա ճակատագրի հետ կապված դեռ ամեն ինչ կորած չէ եւ հնարավորություն կա իրավիճակը շտկելու, բայց դրա համար պետք է ճշգրիտ գնահատել իրավիճակը եւ անցնել կոնկրետ քայլերի, այլ ոչ անընդհատ պնդել, որ այս զեկույցը փաթեթավորված է նավթադոլարներով, խավիարի համ է գալիս ու նավթի հոտ: Իրականում մենք ունենք հսկայական փաստարկային բազա մեր օգտին` հենց միջազգային իրավունքի հիման վրա, որից, չգիտես ինչու, չենք օգտվում: Բավական է բողոքենք բոլորից եւ հասկանանք, որ խնդիրը մեր մեջ է, որ պարտավոր ենք աշխատել հենց այս պայմաններում, վերջ տանք լացուկոծին ու նվնվոցներին, թե բոլորը կաշառված են եւ այլն: Դա արդյունք չի տվել, չի էլ տալու, ընդհակառակը՝ արդեն իսկ մեր դեմ է աշխատել. ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի ընդունած բանաձեւը մեզ համար ավելի բացասական էր, քան նախագիծը:

– Թեեւ այդ զեկույցի առկայությունը միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մեղավորությունը չէ, բայց որո՞նք էին նրանց հիմնական թերացումները: Ամեն դեպքում առաջնագծում իրենք էին, ի՞նչն այնպես չարեցին՝ ըստ Ձեզ:

– Նախ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները ոչ ճիշտ դիրքորոշում էին որդեգրել` փորձելով պայքար ծավալել զեկուցողի անձի դեմ: Պետք էր հասկանալ, որ նրա թեկնածությունը չէր փոխվելու, նրա անձի դեմ բերվող փաստարկները ոչ միայն արդյունք չէին տալու, գուցե էլ ավելի էին կարծրացնելու նրա մոտեցումները: Ռոբերտ Ուոլթերը 18 տարի եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանում, շատ հայտնի հրապարակային քաղաքական գործիչ է եւ ոչ միայն մեծ Բրիտանիայում: Նա ունի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության եւ միջազգային կառույցներում աշխատելու մեծ փորձ: 2010-ին Բոբ Ուոլթերը նշանակվել է ԵԽԽՎ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար անձամբ վարչապետ Դեւիդ Քեմերոնի կողմից:

Հատկանշական է, որ Բոբ Ուոլթերը Ղրիմում ՌԴ գործողությունների վերաբերյալ տված իրատեսական գնահատականների համար, որոնք նա որակել էր որպես ներխուժում եւ անեքսիա, ընդգրկվել էր ՌԴ-ի «սեւ ցուցակում», որում ներառվածները իրավունք չունեն մուտք գործել ՌԴ: Ընդ որում, սա ոչ միայն Ուոլթերի, այլեւ ԵԽԽՎ-ի գնահատականն է, ինչի համար ՌԴ պատվիրակությունը ենթարկվել է պատժամիջոցների ԵԽԽՎ-ի կողմից: Այս իրողությունների պայմաններում ինչպե՞ս կարող էր արդյունավետ աշխատել ԵԽԽՎ-ում մեր ԱԺ պատվիրակությունը, որը բաղկացած է բացառապես Եվրասիական միությանը` Հայաստանի անդամակցության ջատագովներից եւ առիթը բաց չէր թողնում ԵԽԽՎ-ում հանդես գալ Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ եւ փորձում էր պայքարել Ուոլթերի անձի դեմ այսպիսի փաստարկներով, որ նա «Թուրքիայի քաղաքացի է» եւ «կաշառակեր է»:

Կոպիտ սխալ էր Ուոլթերի հետ աշխատելուց հրաժարվելը, ինչը դատապարտվեց հենց փաստաթղթում: Պետք էր շատ հստակ հասկանալ` անհրաժեշտ է բանակցել բոլորի եւ հատկապես ու առաջին հերթին հենց այն սուբյեկտների հետ, որոնք չեն կիսում քո տեսակետները, ունեն հակառակ, նույնիսկ թշնամական դիրքորոշում: Իսկ քո տեսակետները ամբողջապես կիսողների հետ բանակցելու կարիք չկա, նրանց հետ հարկավոր է միայն պայմանավորվել:

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամները պետք է նաեւ մի պարզ ճշմարտություն գիտակցեն` ԵԽԽՎ-ն եւ միջազգային հարթակները միայն ներքաղաքական հակասությունները ներկայացնելու համար չեն: Գոյություն ունեն նաեւ պետական շահեր, որտեղ պետք է լրջորեն համագործակցել: Մինչդեռ մեր պատվիրակության որոշ անդամներ առաջնորդվում են «ինչքան վատ` այնքան լավ» սկզբունքով: Սակայն պետական նշանակության հարցերում պետք էր համագործակցել, ոչ թե ներքին օգտագործման հայտարարություններով եւ օլիմպիական հանգստությամբ գրեթե մեկ տարի սպասել, թե ինչպես է այդ փաստաթուղթն ընդունվելու:

Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում մեր այս պատվիրակությունը, որ կազմված է բացառապես Ռուսաստանի քաղաքականությունը պաշտպանող պատգամավորներից, չի կարող արդյունավետ գործել ոչ միայն այս, այլեւ շատ այլ հարցերում:

Չեմ ցանկանում այս հարցազրույցի սահմաններում այդ զեկույցի փորձագիտական ամբողջական վերլուծություն տալ, բայց անհրաժեշտ է նշել, որ Ուոլթերի պատրաստած եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ընդունված զեկույցը իր մեջ պարունակում է ոչ ակնհայտ որոշ նրբերանգներ, որոնք արտահայտում են մտահոգություն, որ ՌԴ-ն իր առջեւ խնդիր է դրել էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ ձգտում է հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալ:

– Դուք ասացիք, որ իրավիճակը հնարավոր է շտկել, ինչպե՞ս:

– ԵԽԽՎ-ում խորհրդարանական մեր պատվիրակության կազմն անպայման պետք է փոփոխության ենթարկվի, որովհետեւ, ինչպես նշեցի, ներկայիս կազմում բացառապես Եվրասիական միության ջատագովներ են, որոնք երբեմն նույնիսկ Ռուսաստանի շահերն առավել հետեւողականությամբ են պաշտպանում, քան Հայաստանի Հանրապետության:

Պետք է նպատակ դնել, որ վերոհիշյալ հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը չընդունվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում կամ առնվազն ընդունվի ոչ այս վիճակով:

Ճիշտ կլինի ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, գուցե նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ փորձագետներ:

Խմբի անդամները պարտադիր պետք է տիրապետեն, ռուսերենից բացի, այլ օտար լեզուների: Կարծում եմ՝ այդ խմբում պատգամավորներից օգտակար կլինեն Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը: Խմբում արժե ներգրավել փորձագետների, որոնք տիրապետում են ԼՂ խնդրի մանրամասներին, ունեն բավականաչափ գիտելիքներ, եվրոպական քաղաքական շրջանակների հետ շփվելու փորձ եւ հմտություն, մասնավորապես` Ռիչարդ Կիրակոսյանին, Ստեփան Սաֆարյանին, Հովհաննես Իգիթյանին: Խմբի գործունեության համար կառավարությունը պետք է ֆինանսավորում ապահովի: Խմբի աշխատանքային ծրագիրը, կարծում եմ, պետք է հիմնված լինի հետեւյալ երեք սկզբունքների վրա.

ԵԽԽՎ-ն ընդունելուց առաջ պետք է հաշվի առնի, որ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի բանաձեւը`

* Բազմաթիվ հակասություններ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձեւերի հետ, չնայած որ հղում է անում այդ բանաձեւերին:

* Էապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նպատակներին, նրանց կողմից առաջարկված խաղաղ կարգավորման 3 միջազգային սկզբունքներին եւ 6 տարրերին: Ավելին, այն ընդհանրապես վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ որպես ԼՂ կարգավորման միջազգային ձեւաչափ:

*ԼՂ հակամարտության գոտում դե ֆակտո չգործող զինադադարի պայմաններում կարող է նպաստել շփման գծում լարվածության էսկալացիային, ինչպես նաեւ խթանել նոր լայնածավալ ռազմական գործողություններ: Նման զարգացումների պատասխանատվությունը կընկնի նաեւ ԵԽԽՎ-ի վրա:

* Այն բնավ չի նպաստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջիկայում նախապատրաստվող նախագահների հանդիպման արդյունավետությանը, ավելին` կարող է խոչընդոտել այդ հանդիպման կազմակերպմանն առհասարակ:

Պատրաստված պատվիրակություններ պետք է ուղարկել եվրոպական մայրաքաղաքներ: Ակնհայտ է, որ ԵԽԽՎ անդամ բոլոր 47 անդամ երկրների հետ հնարավոր չէ աշխատանք իրականացնել, բայց ակնհայտ են այն երկրները, որոնց խորհրդարանների, արտաքին գերատեսչությունների եւ կուսակցությունների հետ պետք է աշխատանք տարվի: Առանձին, անհատական աշխատանք պետք է տարվի ԵԽԽՎ այն պատվիրակների հետո, որոնք լուրջ ազդեցություն ունեն այդ կառույցում:

Հետեւողական աշխատանք պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող` ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ, որոնք ԵԽ անդամ երկրներ են, բայց ՌԴ-ն պետք է հանդես գա ոչ թե որպես ԵԽ անդամ, որտեղ նրա նկատմամբ ընդգրկված բացասական վերաբերմունք կա, այլ բացառապես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ երկիր: Թեեւ չեմ կարծում, թե ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանի շահերի պաշտպանությամբ միջազգային ատյաններում եւ ԵԽ-ում՝ մասնավորապես: Չմոռանանք, որ ՌԴ-ն պաշտոնապես հայտարարել է, որ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը բոլոր միջազգային կառույցներում: Ռուսաստանը ձեւականորեն հանդիսանալով Հայաստանի, այսպես կոչված, «ռազմավարական դաշնակից», լինելով մեկուսացած երկիր` նպատակ ունի, որ նույն կարգավիճակում հայտնվի նաեւ Հայաստանը:

Աշխատանքային խմբի արդյունավետ գործունեության համար արդեն իսկ լուրջ եւ հեռանկարային հիմք է ստեղծել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հրապարակային գնահատականով, եւ այս իմաստով պետք է կոնսուլտացիաներ սկսել նաեւ ֆրանսիացի համանախագահի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ` նպատակ ունենալով, որ համանախագահները եւ Կասպրչիկը հանդես գան համատեղ հայտարարությամբ կամ ծայրահեղ դեպքում առանձին կիսեն Ուորլիքի արդեն իսկ արտահայտած մտահոգությունները, թեեւ թերահավատ եմ, որ ռուսաստանցի համանախագահ Պոպովը նման համերաշխություն կցուցաբերի:

Նշածս չորս դրույթների հիման վրա հնարավոր գործողություններն ու քայլերը ներկայացրի զուտ ընդհանուր գծերով, առանց մանրամասների: Նշեմ, որ անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել Ադրբեջանի ներկայիս խորը հակասությունները ԵՄ կառույցների, անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ եւ, իհարկե, հաշվի առնել, որ շատ ժամանակ չունենք, ընդամենը երկու ամիս հետո գումարվելու է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը:

– Հայաստանում հրապարակային դժգոհություններ հնչեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցից հետո շարունակում են բալանսավորված դիրքորոշում արտահայտել զինադադարի խախտումների պայմաններում, խաղաղ բնակչության նկատմամբ ծանր հրետանու կիրառման դեպքում չեն մատնանշում զինադադարը խախտող կողմին, որ համանախագահները հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դուք ինչպե՞ս եք գնահատում համանախագահների վերջին հայտարարությունները:

– Տարածաշրջանային այցից առաջ համանախագահները իրենց մի քանի համատեղ հայտարարություններում, ինչպես նաեւ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հրապարակային ելույթներում առիթ են ունեցել դիվանագիտորեն նշելու, որ հրադադարի խախտումների նախաձեռնողը Ադրբեջանն է:

Հստակ պետք է հասկանանք, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական հակասությունների պայմաններում են ներկայումս գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, ինչն արտահայտվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կարգավիճակի վրա: Հայկական կողմերը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդական դերը, մինչդեռ ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան ձգտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դերն էապես նվազեցնել եւ նույնիսկ կազմալուծել այն:

Անընդհատ հետեւողականորեն մեծացնելով լարվածությունը շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին` Բաքուն, ի թիվս այլ նպատակների, վստահ եմ, որ նաեւ ձգտում է դրդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին բացահայտորեն հայտարարել, որ Ադրբեջանն է պատասխանատուն: Այդ հայտարարությունը առիթ կհանդիսանա, որ Բաքուն մեղադրի ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչ օբյեկտիվության մեջ (ինչպես քննադատում է միջազգային կազմակերպություններին, ԵՄ կառույցներին, անդամ երկրներին եւ ԱՄՆ-ին) եւ առհասարակ հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձեւաչափից՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային հարթակ, որը հայկական կողմերի համար այլընտրանք չունի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    ամեն ինչ հրաշալի և հնարավորին չափ մանրամասն վելուծված և դեղատոմսն էլ տված է: Բայց անբողջ հարցը նրանում է, որ Հայաստանի ռուսաստանի դրածո ու ռուսաստանին ծախված իշխանությունների համար Հայաստանի շահեր գոյություն չունեն:Կան միայն անձնական շահեր ու ռուսաստանին դուր գալու նպատակ: Սրանք չեն կարող և չեն էլ ուզում որևէ բան շտկել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30