Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներին առաջարկում են 1 րոպեում հոդաբաշխ միտք հայտնել, ոչ թե գալ քարե դարից

Նոյեմբեր 17,2015 16:53

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում է սահմանափակել գրավոր հարցերի թիվը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նախագծով նաեւ առաջարկվում է սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե, ինչը կնպաստի, որ ավելի շատ հարցեր հնչեցվեն: Իսկ գրավոր հարցերը թողնել 2-ը:

Հիշեցնենք, որ գրավոր հարցերից բողոքել էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ըստ որի, պատգամավորները նամակ են գրում կառավարությանը՝ ճի՞շտ է, որ տերեւը կանաչ է, կառավարությունը պատասխանում է՝ այո, կանաչ է, հետո նորից ԱԺ-ում են նույնը հարցնում, հետո արձագանքում են՝ շնորհակալություն, որ ասեցիք, որ տերեւը կանաչ է: Այսպես, հարցուպատասխանը չի ծառայում բուն նպատակին՝ բարձրացնել հրատապ հարցեր:

Նաիրա Զոհրաբյանը այսօր էլ կողմ արտահայտվեց նախագծին: Նրա խոսքերով՝ հավանության գրավոր հարցուպատասխանը ժամավաճառություն է ՀՀԿ-ի համար, որի նպատակն է ուղղակիորեն սպառել հարցուպատասխանի ժամանակը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց՝ խմբակցություններից ի՞նչ կարծիք կա՝ անցնո՞ղ է, թե՞ էլի բլոկ են անելու: Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ հանձնաժողովի քննարկման ժամանակ բոլոր խմբակցությունները կողմ են եղել, բացի ՕԵԿ-ից:

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությունը եթե անցավ, ընդհանրապես արգելվելու է գրավոր հարցերն ընթերցելը, ուստի եթե հիմա էլ բլոկ չանեն, Սահմանադրությունը անցավ՝ դեկտեմբերի 7-ից հակասություն է լինելու այս օրենքի եւ Սահմանադրության մեջ:

Հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք հակված չենք, որ այս նախագիծը կյանքի կոչվի»:

Ըստ նրա, բոլոր պատգամավորներն էլ, բացառությամբ մեկ-երկու դեպքի, հասցնում են հարցեր ուղղել կառավարությանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 3 րոպե հարց տալու ժամանակը շատ է, որովհետեւ շատ հաճախ այն վերածվում է միտինգի, գալիս են բրոնզե դարից, քարե դարից. «3 րոպեն շատ երկար է, եթե մարդը ունի հստակ ասելիք, 1 րոպեում էլ կարող է ասել հոդաբաշխ միտք»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նույնպես կողմ արտահայտվեց:

Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ 5 տարի առաջ գուցե գրավոր հարցերը շատ կարեւոր էին, բայց այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում 1 ամիս առաջ ծագած հարցը 1 ամիս հետո հնչեցնելն անհասկանալի է:

Այս նախագիծը վաղը կդրվի քվեարկության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30