Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հետողորմյա՝ ըստ Արմեն Մելիքսեթյանի

Նոյեմբեր 20,2015 13:00

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը
որոշել է հունից «շեղված» թատրոնը դեպի մյուզիքլ բերել

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ այս օրերին միանգամից մի քանի ներկայացումների վրա են աշխատում:

Մեր այցելության պահին դահլիճում «Վեստսայդյան պատմության» փորձերն էին ընթանում: «Սա արդեն դասական դարձած մյուզիքլ է, բավականին դժվար հաղթահարելի նյութ է, բայց այդ պոտենցիալը ես տեսնում եմ թատրոնում, նո՛ր թատրոնում: Մյուզիքլի ժանրը երգի-պարի հետ է կապված, արտահայտչամիջոցը երգը-պարն է, խոսքը: Ցավոք, այդ ժանրը մեզ մոտ ինչ-որ ժամանակ քնեց-նահանջեց, բայց այսօր նորից ընդհատված ճանապարհը շարունակվում է: Հավելեմ, որ զուգահեռ բեմադրվում է մեկ այլ ներկայացում՝ Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա, Լիլիթ Դանիելյանի միջնադարյան ոճավորված երաժշտությամբ: Մինչեւ տարվա վերջ հնարավոր է այն ներկայացնենք հանդիսատեսին, երգով, պարով համեմված բալետային ներկայացում է, դրա համար թատրոն ենք հրավիրել Արա Ասատրյանին: Նկարիչն է Կարեն Աղամյանը, սիրով համագործակցում ենք, հնարավոր է՝ մի քանի բան եւս Կարեն Աղամյանի հետ անենք: Հայրենների պայմանական վերնագիրը կլինի «Սերն է պահում աշխարհը»: Ներկայացումը հովանավորում է ՀՀ առաջին տիկինը, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ մեր թատրոնը գտնվում է նման ուշադրության կենտրոնում»,- նշեց պարոն Մելիքսեթյանը:

Գլխավոր ռեժիսորի ձեւակերպմամբ, երրորդ մյուզիքլը մանկական ներկայացում է, որը խավարի եւ լույսի պայքարի մասին է: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ այն եւս հետաքրքիր է լինելու:

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե ովքեր են ներգրավված ներկայացումներում: Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ մրցույթով ընդունել են 10 երիտասարդների, աշխատում են նաեւ հին դերասաններից ոմանք: «Կողքից օգնում են նաեւ Թատերական ինստիտուտի երաժշտական կուրսի ուսանողները, առանց որոնց դժվար կլինի աշխատել: Նրանք գուցե լինեն մասսայական տեսարաններում, չնայած կան դրվագներ, որ ուսանողները հանդես կգան որպես մենակատար: Կամաց-կամաց ուզում ենք հավաքել այն, ինչ կորցրել ենք ժամանակին, դրա հետ միասին նաեւ հին խաղացանկն ենք վերականգնում: Հասկանալի պատճառներով թատրոնը փոխել էր պրոֆիլը: Ճիշտ է, ստեղծվել էին նոր բեմադրություններ, բայց դրանք մյուզիքլային չէին, ուղղակի համեմված էին երաժշտական մասերով: Հիմա ուզում ենք հետողորմյա անել, ժանրին վերադառնալ եւ որոշել ենք զարկ տալ հատկապես մանկական երաժշտական ներկայացումներին, որովհետեւ իրոք մեծ պարտք ունենք երեխաների հանդեպ»,- հավելեց նա:

Armen_Meliqsetyan-2

Ներկայացման փորձի ժամանակ:

Իսկ կոնկրետ կոմպոզիտորների հետ ունե՞ն պայմանավորվածություններ: Ի պատասխան՝ պարոն Մելիքսեթյանը դրական արձագանքեց, ասելով, որ ուղղակի այս շրջանում չի ցանկանում այդ թեմայով «փակագծեր» բացել:

Հայտնեց նաեւ, որ շատ կցանկանար վերականգնել իրենց «Ոսկե ունայնություն» ներկայացումը, իսկ դա նյութականի հետ է կապված, նաեւ կուզենար բեմադրել Ռավելի «Երեխան եւ հրաշքը» օպերան, Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ միտում չունի քանդելու, ոչնչացնելու այն, ինչ արվել է ժամանակին. «Այդպես թատրոնը կշահի: Փետրվարից եմ այստեղ աշխատում, դեռ շատ բաներ չենք արել, բայց լայն ճակատով ենք առաջ գնում: Հնարավոր է՝ մյուս տարի ցույց տանք երկու-երեք նոր ներկայացում: Տարին կավարտենք Հայրեններով, հունվարից հետո կլինի «Վեստսայդյան պատմությունը»:

Պարոն Մելիքսեթյանը դժվարությունների մասին չցանկացավ խոսել. «Հենց դժվարություններից ես խոսում, ամեն ինչ փակուղի է մտնում»:

Նրան հիշեցրինք վերջերս Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մի ասուլիսի մասին, որի ժամանակ դեսպանը ցանկություն էր հայտնել, որ Շարլ Ազնավուրի մյուզիքլը Հայաստանում բեմադրվի: «Ես դա չեմ մոռացել: Բեմադրելու համար ուղղակի պետք է ստանալ Ազնավուրի համաձայնությունը, ինչը ոչ մի կերպ չի ստացվում: Դիմել եմ մշակույթի եւ սփյուռքի նախարարություն, նախկին պրոդյուսերն էլ այլեւս չի համագործակցում Շարլ Ազնավուրի հետ: Բոլոր դեպքերում դա մեր ծրագրերում կա»,- տեղեկացրեց Արմեն Մելիքսեթյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30