Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ֆենոմենը` ըստ Դաշնակցության

Նոյեմբեր 23,2015 17:54

Կապանում ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ամեն կերպ քաղաքացիներին համոզեցին, որ պետք է նոր սահմանադրությանն ասել «այո»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց. «1990-ականների սկզբից, երբ առաջին անգամ ՀՀ քաղաքական օրակարգում սահմանադրության խնդիր է դրվել, մենք ասել ենք, որ Հայաստանի համար կառավարման ճիշտ մոդելը խորհրդարանականն է, ոչ թե կիսանախագահական կամ նախագահականը»: Պարոն Վարդանյանը շեշտեց. «Մենք սրա կողմնակիցն ենք եղել միշտ, ուրիշներն են եկել մեր կարծիքին: Թող քննադատեն, մեկ է, Դաշնակցության քարը միշտ էլ ծանր է եղել»:

Պարոն Վարդանյանը շեշտեց, որ ներկայիս համակարգով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Աղվան Վարդանյանի համար արդեն իսկ ձեռքբերում է այն, որ ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով. «Մեր 25 տարվա ընթացքում ոչ մի իշխող կուսակցություն հսկայական ռեսուրս, վարչական լծակներ, հսկայական գումարներ օգտագործելով` միայն համամասնական ընտրակարգով չի կարողացել մեծամասնություն ունենալ: Զարմանալի է, որ շատուշատ ընդդիմադիրներ դեմ են գնում սրան»: Աղվան Վարդանյանը հավաստիացրեց, որ «ոչ» ասողների բանակում ևս կան մարդիկ, որոնք իսկապես կարդացել են Սահմանադրությունը և զարմացած են, որ իշխանությունը պատրաստ է գնալ 100 տոկոս համամասնականի: ՀՅԴ խմբակցության քարտուղարը կարծում է, որ նոր Սահմանադրությունը ցրելու է նաև քաղաքական դաշտում գոյություն ունեցող թշնամանքը, քանի որ այս փաստաթղթով կուսակցությունները պետք է ոչ թե իրար դեմ թշնամանան, այլ բանավիճեն ու լսեն իրար: Ըստ պարոն Վարդանյանի` «հոգնել ենք. տասը տարի հայտարարում են, թե նախագահը լեգիտիմ չէ, բայց նրա բոլոր որոշումների օրոք ապրում են: Օրեր են նշանակում ու ասում, որ լցվելու են փողոցները, իշխանություն փոխեն: Այդ օրերը անցնում են, նոր օրեր են նշանակվում մինչև նախագահների ժամկետը լրանում է»: Դառնալով ՀՀԿ-ի ֆենոմենին` Աղվան Վարդանյանն ասաց. «ՀՀԿ ասածը բարդ հասկացություն է: Այդտեղ կան ամենատարբեր շերտեր, կան և՛ ազգային նկարագիր ունեցող, մտահոգ մարդիկ, և՛ կան կարիերիստներ ու պատեհապաշտներ: Իշխանական կուսակցությանը բնորոշ բան է: Վաղը իշխանություն չունեցան, կդառնան բոլորովին այլ բան: Մենք ՀՀԿ-ին չենք նայում որպես ամբողջություն»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը իր ելույթում հավաստիացրեց, որ ավելի նպատակահարմար է ոչ թե փողոցներ դուրս գալ ու պայքարել իշխանափոխության համար, այլ այդ գործը սկսել հիմնական օրենքի փոփոխությամբ, որը կփոխի խաղի կանոնները: Բայց միևնույն ժամանակ նշեց. «Մեզ չպետք է հերթական անգամ խաբենք ու ասենք, որ այս Սահմանադրությունն ընդունվեց, վաղվանից այս երկրում ամեն ինչ լավ է լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30