Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ասելու Լեւոն Զուրաբյանն Էդվարդ Նալբանդյանին

Նոյեմբեր 25,2015 15:00

Լեւոն Զուրաբյանը` Նաիրա Կարապետյանի հայտարարության եւ իր փոխարեն ԵԽԽՎ պատվիրակությունում Նիկոլ Փաշինյանին ընդգրկելու մասին

«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան խնդրի հետ կապված շատ սխալ մարտավարություն են ընտրել: Խնդիրն ավելի խորքային է: Մինչեւ 1998 թվականը ՀՀ իշխանություններն այս հակամարտությունը մատուցել են որպես ԼՂՀ ժողովրդի պայքար իր ինքնորոշման համար: Դրա շնորհիվ էր, որ 1994-ին ձեռք բերվեց ԵԱՀԿ-ի որոշումը, որով ԼՂՀ-ն ճանաչվեց հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ: Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Քի-Ուեսթում նա թույլ տվեց, որ բանակցություններն անցնեն Հայաստան-Ադրբեջան ֆորմատով. այդ պահից սկսած ԼՂՀ ինքնորոշման մասին սկսեցին մոռանալ: Միջազգային հանրությունն այդ կոնֆլիկտը սկսեց ընկալել ԼՂՀ-ի համար տարածքային վեճ` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- ԼՂՀ հարցի շուրջ այս պատմական էքսկուրսը «Առավոտի» հետ զրույցում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը` բացատրելու համար, թե ինչու է այսօր ԵԽԽՎ-ում ընդունվում «Բռնության աճը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով հակահայկական զեկույց: Հիշեցնենք. համանման խայտառակ բանաձեւ ԵԽԽՎ-ում ընդունվել էր նաեւ 2005 թվականին՝ հայտնի 14.16 բանաձեւը, որտեղ առաջին անգամ ամրագրվեցին ձեւակերպումներ, համաձայն որոնց՝ Հայաստանը ճանաչվում էր ԵԽԽՎ այլ անդամի տարածքներ գրավող պետություն: «Այս ամենը շարունակվում է եւ գնալով բարդանում: Ճիշտ է, բարդությունը գալիս է նաեւ նրանից, որ Ադրբեջանը շատ ագրեսիվ լոբբիստական գործունեություն է վարում` խտրականություն չդնելով միջոցների մեջ, ներառելով նաեւ, այսպես ասած, խավիարի դիվանագիտությունը: Բայց ճիշտ է նաեւ, ու դա ապացուցվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որ հնարավոր է այդ լոբբիստական գործունեության դեմն առնել, որովհետեւ ԵԽԽՎ-ում կա նաեւ անկաշառ, ազնիվ, սկզբունքային մարդկանց մի հավաքականություն, որոնց կարելի է համախմբել եւ հաղթել ադրբեջանական լոբբիին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ԵԽԽՎ-ում հաջող աշխատանքը պահանջում է ճիշտ «մեսիջ», ճիշտ մարտավարություն եւ ճիշտ կոորդինացիա` նախագահական աշխատակազմի, ԱԳՆ-ի եւ պատվիրակության աշխատանքների:

Մեր դեպքում, ըստ Լեւոն Զուրաբյանի, երեքն էլ կաղում են: Նրա համար տարօրինակ է ԵԽԽՎ աշխատանքներում մեր պատվիրակության որդեգրած եւ խրախուսվող այն աշխատաոճը, երբ առիթ-անառիթ պատասխան է տրվում ադրբեջանական պրոպագանդայի «ամեն մի քամուն», ինչը զուտ ներքին լսարանում միավորներ ձեռք բերելու համար է: «Ոչ թե պետք է ամեն առիթ օգտագործել ադրբեջանցիներին անընդհատ հայհոյելու համար, որը իրականում հայկական պատվիրակության նկատմամբ ոչ թե համակրանք է ստեղծում, այլ զզվանք եւ օտարացում, այլ միջազգային հանրությանը տալ մեսիջներ, որոնք վկայում են հայկական կողմի կառուցողականության, խաղաղության հաստատմանն ուղղված պատրաստակամության մասին, եւ որոնք ՀՀ իշխանություններին կամ պատվիրակությանը թույլ են տալիս այնպիսի վստահություն ձեռք բերել, որ կարողանանք ազդել կոնկրետ բանաձեւերի ձեւակերպումների վրա: Ցավոք, այս գիտակցումը իսպառ բացակայում է: Այնտեղ չեն զբաղվում դիվանագիտությամբ, այլ զբաղվում են ելույթներով, որոնք հետո տիրաժավորելով մեր կայքերում՝ կարծում են, որ իրենց իմիջին փայլուն միավորներ են բերում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ինչ-որ պահից ԵԽԽՎ-ում ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ-ի մասին զեկույցը պետք է լինի հակառակ բոլոր լոբբինգների ու պնդումների, ու այս համատեքստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ամենակարեւոր մարտավարական սխալը նա համարում է այն, որ հրաժարվեցին փորձել ալտերնատիվ զեկուցող բերել հրապարակ, որն ադրբեջանանպաստ դիրքորոշում չէր ունենա, եւ փորձել փոխել զեկույցի ոչ օբյեկտիվ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին հակասող վերնագիրը: «Ցավոք, սա չընկալվեց: Ես մնացի միայնակ»,- ասաց նա: Ի դեպ, օրերս «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» բանավեճի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի հետ բանավեճում ասաց` թեպետ Լեւոն Զուրաբյանը սկզբում դեմ էր, հետո ընդունեց պատվիրակության ընդհանուր տեսակետը: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ դա բացարձակ կեղծիք է. «Ես երբեք չեմ ընդունել այդ տեսակետը: Հակառակը՝ մինչեւ վերջ պնդել եմ իմ ասածը: Երբ այն չի կատարվել` կրկնել եմ, որ դա կոպիտ սխալ է: Եթե ժամանակին ճիշտ նշանակետ ընտրեինք եւ խաղի մեջ բերեինք Ժան Կլոդ Մինյոնին, նրա շուրջ աջակցության կոալիցիա ստեղծեինք, ապա բոլոր հնարավորությունները կային, որ կհաղթեինք, եւ Մինյոնը զեկուցող կդառնար: Հայաստանի պատվիրակությունը իշխանությունների ցուցումով համառորեն պնդեց, որ զեկույցը պիտի չլինի, դա առաջացրեց թշնամության մթնոլորտ, ու անգամ մեր համակիրներն անցան հակառակ ճամբար: Դրան հետեւեց չհամագործակցելու սխալ մարտավարությունը: Անգամ գաղափար կար բոյկոտել եւ դուրս գալ ԵԽ-ից: Ի սկզբանե դեստրուկտիվ գիծ էր վերցված` չնայած Ադրբեջանի կեղտոտ գործելաոճին»: Նա դատապարտում է նաեւ, որ իշխանական ճամբարում արատավոր պահվածք է ամրագրվել՝ պատասխանատվությունն ուրիշի վրա գցել: Մասնավորաբար, տվյալ դեպքում ԱԳՆ-ն, դեսպանությունը պատասխանատվությունը փորձում են գցել խորհրդարանական պատվիրակության վրա, պատվիրակությունը` նրանց. «Չկա թիմային մթնոլորտ, պետական մտածելակերպով միավորված թիմ, որը կար 1990-ականներին: Այն ժամանակ բոլորը հասկանում էին, որ պատասխանատու են մի պետական գործի հաջողության համար, իսկ հիմա իրավիճակը զավեշտալի բաների է հասնում` մարդիկ վախենում են ճիշտ, լավ խորհուրդ տալ, որովհետեւ չեն ցանկանում կրել իրենց առաջարկած ստրատեգիայի համար պատասխանատվություն, քանի որ երաշխավորված չեն, որ դա կարող է նորմալ ընթացք ունենալ»:

Թե ինչո՞վ էր պայմանավորված ԵԽԽՎ-ի անդրդվելի որոշումն այն մասին, որ զեկույցն անպայման պիտի լինի, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ-ի պնդումները պայմանավորված էին նրանով, որ ԼՂՀ խնդրին 2005-ից հետո անդրադարձ չի եղել, ինչը համոզիչ հիմնավորում չէ, քանզի ԵԽԽՎ-ն ոչ թե անվտանգության խնդիրների շուրջ է ստեղծվել, այլ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների: Մեր դիտարկմանը` որքանո՞վ այդ որոշումը կապ ունի Հայաստանի` ԵՏՄ-անդամակցության հետ, մեր զրուցակիցն ասաց, որ դա էլ իր ազդեցությունն ունեցել է:

Լեւոն Զուրաբյանը տարակուսած է ԱԺ ամբիոնից իր հնչեցրած առաջարկին` այս թեմայով փակ լսումներ անցկացնելու մասին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքից: Նրա համար տարօրինակ, բայց հասկանալի է նաեւ, որ օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ խորհրդակցությանը, որտեղ նաեւ այդ հարցն է քննարկվել, իրեն չեն հրավիրել. «Բոլորն էլ լավ գիտեին, որ ես կբացահայտեի իրենց բոլոր մարտավարական ձախողումները, եւ իմ քննադատությանն իրենք պատասխան չունեն»:

Հարցին` այս ամենից հետո խոսել պատվիրակության կազմի փոփոխության մասին իմաստ ունի՞, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ում ուզում են, թող փոխեն: Իշխանությունները եթե համարում են, որ կազմի խնդիր կա, թող փոխեն: Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ով է իրեն ներկայացնում: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացուցչին` մեր խմբակցությունում պարբերաբար քննարկվում են ԵԽԽՎ-ի գործընթացները, ես զեկուցում եմ կատարված աշխատանքի մասին, եւ երբեւիցե խմբակցության կողմից չի եղել որեւէ հարցադրում, որ կոնկրետ իմ կողմից որեւէ բան սխալ է արվում: Մենք ինչ անում ենք, անում ենք քննարկված, բոլորի կողմից հավանության արժանացած: Բայց ՀԱԿ-ի մեկ ներկայացուցիչը միայնակ ոչինչ չի կարող անել: Թող ուրիշ տեղ չգնան, չփորձեն պատվիրակության անդամներին մեղադրել. ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է: Թող չփորձեն լղոզել: Իշխանությունն է որոշում մարտավարությունը եւ մեսիջները, կազմակերպում կոորդինացումը:

Պատվիրակությունն էլ իշխանության որոշած մարտավարությամբ է առաջնորդվում՝ բացառությամբ առանձին անդամի, ով չի կարող աջակցություն տալ սխալ բանին: Բոլոր ձախողումների համար միակ պատասխանատուն իշխանությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Կուլիսներում խոսվեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանին փոխարինի Նիկոլ Փաշինյանը, ով նոր մոտեցումներ ուներ: Պատրա՞ստ է Լեւոն Զուրաբյանն իր տեղը զիջել Նիկոլ Փաշինյանին, մեր հարցի պատասխանը եղավ. «Դա մատից ծծած թեմա է, ինչ-որ մեկի կողմից անհասկանալի նետված: Մեր խմբակցության որեւէ անդամ, եթե ինչ-որ դիրքորոշում կամ ասելու բան ունենար, ինքը կարող է գալ ու դա ներկայացնել: Որեւէ առաջարկ, նոր մոտեցում` մարտավարության, գործի կազմակերպման, մեսիջի, որեւէ նոր տեսլական, խմբակցության որեւէ անդամ եթե ներկայացրել էլ է, դա անմիջապես քննարկվել է, եւ «զինվել» ենք դրանով»: Դիտարկումը` չներկայացնելու պատճառը գուցե խմբակցության ներսում եղած խնդիրներն են, Լեւոն Զուրաբյանին բարկացրեց. «Կա կանոնադրություն, բոլորը գիտեն, որ ամեն հինգշաբթի կայանում են խմբակցության հերթական նիստերը. եթե ինչ-որ մեկը որեւէ ասելիք ունի, միշտ հանգիստ եկել ու ներկայացրել է: Խմբակցությունում չկա որեւէ պրոբլեմ, որն արգելակեր որեւէ անդամի՝ իր տեսակետը ներկայացնելու խմբակցությունում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30