Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ ես տունս-տեղս քեզ տամ, քոնը ինձ տուր, պարտքերս էլ քեզ նվեր». ՀՀԿ-ականը փոխանակում է տունը

Նոյեմբեր 25,2015 13:35

«Այս Սահմանադրությունը մի հանցագործություն է, որը բերել է Վենետիկի հանձնաժողովը: Նպատակն է մարդու մեջ մարդկայինը ոչնչացնել: Դուք Եվրոպայի, Վենետիկի հանձնաժողովի ճորտն եք, ստրուկն եք»,- այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ բանավեճի ժամանակ ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

ՀՀԿ-ականը հակադարձեց. «Վենետիկի հանձնաժողովի մասին շատ վատ կարծիքի եք»:

Գիմիշյանի խոսքերով՝ վճարում է ձեզ, դրա համար էլ պաշտպանում եք:

Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՞ւմ է վճարում, էսօր դու ինձանից ավելի լավ ես ապրում, քան ես, ավելի լավ մեքենա ունես, քան ես»:

Գիմիշյանը ծիծաղեց. «Ի՞նչ մեքենա, ես տրանսպորտով եմ եկել այստեղ, մեքենա չունեմ, ուզո՞ւմ ես տունս-տեղս քեզ տամ, քոնը ինձ տուր, հենց հիմա»:

Լեռնիկ Ալեքսանյանը համաձայնեց փոխանակել՝ պնդելով, որ Գիմիշյանն իրենից հարուստ է. «Վճարվողները դուք եք, որ կուսակցություն եք պահում, չգիտեմ ինչեր եք պահում»: Գիմիշյանն էլ պատասխանեց. «Ես սկի գրասենյակ չեմ կարողանում պահել»:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ իսկապե՞ս մեքենա չունեք եւ Ձեր բնակարանն այդքան փո՞քր է, որ հանգիստ համաձայնում եք փոխանակել՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Մեքենա չունեմ, այ մարդ: Ես, իմիջիայլոց, մեքենա չեմ ունեցել նաեւ, երբ ԱԺ պատգամավոր էի: Այն ժամանակ պատգամավորը ո՞նց կարող էր ծառայողական մեքենա ունենալ: Միայն Եգորյան Էդիկն ուներ մեքենա»:

Լեռնիկ Ալեքսանյանը միջամտեց՝ մեքենա չունեք նյութակա՞ն պատճառներով, թե՞ չեք կարողանում քշել: Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ուզում եմ ունենալ, բայց չունեմ»:

Սոս Գիմիշյանի խոսքերով՝ «Եկեք իմ տունը, մեջը ինչ կա-չկա, իմ հաշիվները տամ ձեզ, ձերը ինձ տվեք: Մեքենան չեմ ուզում, տունը ինձ տվեք գոնե»:

Պարոն Գիմիշյանն ասաց, որ իր բնակարանը գտնվում է առաջին զանգվածում. «Իմ տունը որ տեսնեն, ոչ ոք չի ուզենա հետս փոխի: Իրենք հերոս են, հենց ասում ես՝ արի գնանք հենց հիմա ձեւակերպենք, սկսում են հարցնել՝ քանի՞ սենյակ ունես, որտե՞ղ ես ապրում: Ես պարտքերս էլ հետը տամ իրան, մի 15 հազար դոլար էլ պարտք ունեմ, էդ էլ նվեր տամ հետը: Բա 6 տարի որ չեմ աշխատում, ո՞նց եմ ապրում, թալանով էլ չեմ զբաղվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30