Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք սպանվելու են, քանի դեռ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենք չունենք

Նոյեմբեր 25,2015 13:46

«Այս տարի 7 կին արդեն սպանվել է ընտանեկան բռնության հետեւանքով, ինչը մեծ ցուցանիշ է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի քաղաքականության եւ հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը: Քննարկման թեման էր «Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր. Իրավիճակը Հայաստանում»: Լիդա Մինասյանի համոզմամբ, սպանությունների բարձր ցուցանիշի պատճառը Ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման օրենքի բացակայությունն է եւ քանի դեռ մենք այն չունենք, շարունակելու են կանայք մահանալ, ընտանիքներում կանայք բռնության ենթարկվել: Օրենքի ընդունմամբ, կկանխարգելվի կանանց սպանությունները. «Կանխարգելիչ բնույթն այն մեխանիզմներն են, որոնք բացակայում են այսօր մեր ցանկացած իրավական ակտերից եւ օրենքներից: Ամուսնուն ժամանակավոր հեռացնելն է, ամուսինների հետ այդ ժամանակահատվածում, որոշակի աշխատանքներ տանելն է, կնոջը որոշակի աջակցություն ցուցաբերելը եւ վերջապես ապաստարանների խնդիրը, եթե օրենքն ընդունվի, պետությունը պարտավոր է գոնե մեկ ապաստարան ունենա ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար»:

Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանի տվյալներով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը Կանանց իրավունքների կենտրոնի «թեժ գիծը» ստացել է 1342 ահազանգ, որից բռնության զանգերը եղել են 918:
«Սա չի նշանակում, որ Հայաստանում այդքան դեպքեր են եղել, սա կենտրոնի ահազանգեր են, 10 ամսվա ընթացքում 372 բռնության դեպքը բավականին մեծ թիվ է»,-ասաց Սուսաննա Վարդանյանը: Ըստ նրա, հոգեբանական բռնության 205 դեպք է եղել, 162-ը՝ ֆիզիկական, 5-ը` սեռական: Սուսաննա Վարդանյանի համոզմամբ՝ սեռական բռնություններն իրականում ավելի շատ են, պարզապես կանայք խուսափում են այդ թեմայի շուրջ ահազանգել եւ քննարկել: Իսկ որոշ դեպքերում էլ, տիկին Վարդանյանի խոսքերով, կանայք չեն իմանում, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում. «Ընտանիքում խփում են, հրում են, չի ընկալվում, որ դա բռնություն է, որպեսզի դիմի համապատասխան կենտրոններ»: Նա վստահ է, որ տարվող աշխատանքների արդյունքում, ժամանակի ընթացքում կանանց աջակցման կենտրոններ դիմողների թիվը կավելանա: Ինչ վերաբերում է գյուղաբնակ կանանց, ապա, ըստ տիկին Վարդանյանի, գյուղերի խնդիրն այն է, որ ամբողջ գյուղի ժողովուրդն իրար ճանաչում է եւ եթե հարեւանուհին դիմում է կենտրոն, ապա խիստ գաղտնի պայմաններում, որպեսզի մյուս հարեւանուհին դրա մասին չիմանա. «Մարդիկ իրար լավ ճանաչում են եւ այդ լուրերը շատ արագ են տարածվում, եթե դրա մասին բարձրաձայնում են: Բայց համեմատ նախորդ տարիների՝ մարզերից ահագին դիմողներ կան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30