Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ընդունել ընտանեկան բռնության դեմ օրենքը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2015 19:35

Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում է առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետեւանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 միլիոն դոլարի: Այս տվյալները ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքներն են:

Ընդդեմ գենդերահեն բռնության 16 օրյա քարոզարշավի շրջանակներում այսօր մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը, ՀՀ-ում Եվրամիության  պատվիրակությունը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը եւ ՄԱԿ-ի գրասենյակը  հայտարարություն են արել, որտեղ նշվում է՝ «Մենք ՀՀ իշխանություններին խրախուսում ենք շարունակել տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հնարավորություններ, կանանց իրավունքների պաշտպանություն եւ դրանց նկատմամբ հարգանք խթանող միջազգային եւ ազգային չկատարված հանձնառությունների իրականացումը: ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ստեղծել օրենսդրական շրջանակ՝ պայքարելու ընտանեկան բռնության դեմ, ներառյալ առանձին օրենքի ընդունումը, ինչպես նաեւ ներդնել ընտանեկան բռնությունից տուժածներին ուղղորդման ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ այդ անձանց աջակցություն ցուցաբերելու եւ նրանց վերականգնմանն ու հնարավորությունների ընդլայնմանն օգնելու նպատակով: Մենք իշխանություններին նաեւ կոչ ենք անում ստորագրել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիան):

ՄԱԿ-ի գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ  Երեւանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ Ստամբուլի կոնվենցիան միակ փաստաթուղթն է, որը քրեականացնում է կանանց նկատմամբ բռնության դրսեւորումները՝ սեռական, հոգեբանական եւ այլ տեսակի: Տիկին Վուտովայի խոսքերով՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից, այն 7 երկրներից է, որը չի ստորագրել այդ կոնվենցիան:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցն էլ ասաց, որ ավարտվում են ՀՀ կառավարության հետ բանակցությունները մարդու իրավունքների վերաբերյալ բյուջետային օժանդակության շուրջ եւ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 11 միլիոն եվրո: Այս ծրագրի բաղադրիչներից է նաեւ  գենդերային հավասարության բաղադրիչը. «Փոխհամաձայնեցված պայմանը՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումն է եկող տարի: Մենք ֆինանսավորում կտրամադրենք, որպեսզի Հայաստանի բոլոր մարզերում օժանդակություն տրամադրվի ընտանեկան բռնությունից տուժողներին, ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների ստեղծումը: Այնպես որ, մի պայմանը՝ գալիք տարի օրենքի ընդունումն է, մյուսը՝ միասին աշխատանքի շարունակությունը»:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կլինեն, եթե Ստամբուլի կոնվենցիան ՀՀ-ն չստորագրի եւ  չվավերացնի, եւ ի՞նչ արդյունք կտա դրա վավերացումը, ընդ որում, հայ հանրության շրջանում կարծիք կա, որ ընտանեկան բռնության դեմ օրենքը հայկական ընտանիքներին միջամտելն է, քանդելը հայկական ավանդական ընտանիքիները, տիկին Վուտովան ասաց.«Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ քվեարկվել է կոնվենցիային կողմ, այժմ ակնկալում ենք, որ կստորագրվի կոնվենցիան: Ինչ վերաբերում է  միջամտություններին, բնավ չի նշանակում, որ ավանդույթները կխաթարվեն, ընտանեկան անդորրը կխանգարվի: Կոնվենցիան ավելի շատ վերաբերում է եվրոպական արժեհամակարգին, կանանց դեմ բռնության դադարեցմանը, դա մարդու եվրոպական իրավունքներից է եւ որեւէ կերպ չի միջամտելու ավանդական հայաստանյան ընտանեկան արժեքներին, ավանդույթներին : Սա պարզապես անդրադառնում է  այն չարիքին, որը կա շատ երկրներում»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցրեի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ անդրադառնալով մեր հարցին, վստահեցրեց՝ կառավարությունը դեմ չէ առանձին օրենքի ընդունմանը, ներկայումս արդարադատության նախարարությունը  համապատասխան դրույթներ է ընդգրկում որոշ օրենքներում. «Որից հետո, կարծում եմ, առանձին օրենք կընդունվի, այն սարերի հետեւում չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ ասաց՝ ըստ վիճակագրության, գնալով ավելանում է այն անձանց թիվը, որոնք դիմում են ոստիկանությանը ընտանեկան բռնության ենթարկվելու հետեւանքով: Դուրյանի խոսքերով՝ 2015 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք, նախորդ տարվա 575-ի համեմատ, 645 դեպքերից 4-ը կատարվել է կենակցի կողմից, 342-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 53-ը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ, իսկ 94-ը ՝ զավակի կողմից ծնողի նկատմամբ, բռնության 77 դեպքերը եղել են ընտանիքի այլ անդամների կողմից:

Մանրամասներն՝ տեսանյութում

Միջազգային կառույցների ներկայացուցիչները կոչ արեցին ՀՀ կառավարությանը օրենսդրության մեջ փոփոխություն կատարել, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն ընտանեկան բռնություն կատարողները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30