Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Սա քաղաքական և, ոչ թե՝ տնտեսական ցուցանիշ է». «168 ժամ»

Նոյեմբեր 26,2015 11:49

Հատված  ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հարցազրույցից:

– ԱՎԾ-ի՝ Հայաստանում աղքատության մակարդակի զեկույցի համաձայն՝ ՀՀ-ում աղքատ բնակչության թիվը 2014-ին 2013թ. համեմատ՝ նվազել է 2 %-ով և կազմել 30%: Ըստ Ձեզ՝ իրականում աղքատության մակարդակի նվազում կա՞ ՀՀ-ում։ Ի դեպ, ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանն էլ հայտարարում է, որ աղքատությունը հարաբերական մեծություն է այնպես, ինչպես հարաբերական է հարստությունը։

– Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե մարդիկ էլ են հարաբերական՝ մեկն ապրում է, մյուսը թաղված է։ Այդ հարաբերականությունը դրա համար է նշում, որ աղքատության մակարդակը կախված է նրանից, թե ինչ մեթոդոլոգիայով են հաշվում։ Ավելի կարևոր հարց է, թե ինչո՞ւ է աղքատության վերին գիծ սահմանվել 40 հազար 264 դրամը, դա ի՞նչ չափանիշ է, ինչո՞ւ նվազագույն աշխատավարձը չէ, ինչո՞ւ սպառողական զամբյուղը չէ, ինչո՞ւ նվազագույն պարենային զամբյուղը չէ։ Եթե այդ հիմնավորումները տային, գուցե պարզ լիներ։ Նույն ձևով միջազգային հաշվարկներում աղքատությունը հաշվելու համար սպառումն օրական 1.25 դոլար է եղել, հիմա դարձել է օրական 1.9 դոլար։ Ինչո՞ւ դա չի ընդունվել։ Այդ տրված հիմնավորումն ինձ թույլ է տալիս պնդել, որ ոչ թե աղքատությունն օբյեկտիվ չափելու խնդիր է դրված եղել, այլ ուղղակի խնդիր է դրված եղել՝ ցույց տալ, որ աղքատությունը նվազում է։ Նույն կերպ խնդիր է դրված ասել, որ գյուղատնտեսությունն աճել է 11% կամ 13%, որովհետև գյուղատնտեսության այդ աճն ապահովում է ընդհանուր տնտեսական աճի 3.5%-ը, որովհետև գյուղատնտեսության մեջ ոչ ոք չի հաշվել դա, այսօր չեն էլ փորձում դա անել, ընդամենը հիմնվում են տեղական կառավարման մարմինների, գյուղապետերի ինֆորմացիայի վրա, իսկ գյուղապետերին էլ զանգում-ասում են՝ նախորդ տարվա ցուցանիշը 5-10%-ով ավելի ցույց տվեք։ Նույնն էլ սա է։ Աղքատության ցուցանիշն ավելի շատ՝ քաղաքական, քան՝ տնտեսական նշանակություն ունի, այլապես համոզված եղեք, որ հաշվարկելուց այդ մեթոդոլոգիան գոնե ներկայացնելուց ընկալելի և բացատրելի կլիներ, և պատկերն այլ կլիներ։

Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. այդ նույն մեթոդոլոգիայի մեջ ինչքանո՞վ են հաշվի առնվում մարդկանց իրական եկամուտները կամ սպառումը։ Խնդիրն իրական թվերն ունենալն է։ Այսինքն՝ եկամուտների մեջ տրանսֆերտները հաշվարկո՞ւմ են, թե՞ ոչ, կամ սպառման ծավալների մեջ տեղ տալի՞ս են, որ մեր երկամուտների զգալի մասը ծախսվում է սննդամթերքի վրա և ծառայությունների կամ հանգստի, զվարճանքի, երկարաժամկետ ապրանքների վրա չի ծախսվում։ Այս խնդիրն է։ Նաև իրենք՝ որպես չափանիշ են ընդունում սպառման ծավալները, և դրա մեջ մի այնպիսի ապրանք են ընդգրկում, որի գինն ընկել է, կամ ՀՀ-ում անգամ չկա, բայց դա նպաստում է ցուցանիշի նվազմանը, որովհետև ավելի էժան է, քան այլ ապրանք կամ ծառայություն, և արդյունքում՝ աղքատության թվի շեմը կարող է լինել ոչ թե 40 հազար 264 դրամ, այլ վերցնեն 35 հազար դրամ։ Այսինքն՝ ի՞նչ սկզբունքից, ի՞նչ մեթոդոլոգիայով է կատարվել հաշվարկը։ Անհրաժեշտության դեպքում կարող են իրական պատկերը խաթարել, շատ կամ քիչ ցույց տալ։ Այնպես որ, ես համոզված եմ, որ սա քաղաքական և, ոչ թե՝ տնտեսական ցուցանիշ է։ Իսկ երբ քաղաքական ցուցանիշ է, մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունը շատ մեծ է, և դրանից էլ օգտվել են։ Հակառակ դեպքում մեր իրական կյանքում մենք շատ լավ հասկանում ենք, որ 2014-ն այդքան հաջող տարի չի եղել, որ մենք կարողանայինք աղքատության հաղթահարման խնդիրը լուծած լինել, և ոչ ավելի, ոչ պակաս, միանգամից 2%-ով։ Դեռ կտեսնենք, թե 2015թ. ինչ են ասելու, կարող է այդ ժամանակ էլ մի թիվ նկարեին և ասեն՝ եկանք-հասանք 2008-ի 27.5%-ին։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30