Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի երկրում, որտեղ օրինական ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր չէ. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 26,2015 12:17

Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդների եւ հասարակության հետ խոսում են բացառապես ուժի դիրքերից (Սերժ Սարգսյանն, օրինակ, ասում է «ինչքան տոկոս պետք ա՝ կխփենք»): Այսինքն՝ տեսականորեն Հայաստանում կարելի է իշխանափոխություն իրականացնել միայն ընտրությունների միջոցով (Սահմանադրության մեջ այդպես է գրված), բայց գործնականում դա հնարավոր չէ։ Անկախ նրանից, թե ինչպես է քվեարկում ժողովուրդը՝ իշխանություններն արձանագրում են իրենց հաղթանակը, եւ վերջ։ «Պարտվածներին» էլ բացահայտ ցինիզմով ծաղրուծանակի են ենթարկում, իսկ եթե բողոքի ալիք է բարձրանում՝ բողոքողների նկատմամբ ուժ են կիրառում, մի քանի հոգու բանտերը նետում, եւ «հարցը փակվում է»։ Պարզ ասած՝ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն հանդես է զալիս որպես «զինված խմբավորում», որը, սակայն, փորձում է ապացուցել, որ ապօրինի չէ եւ հակառակորդների նկատմամբ զենք է կիրառում միանգամայն օրինականորեն։

Հարց է ծագում՝ ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի երկրում, որտեղ օրինական ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։ Հարցն, ի դեպ, ուղղված է իշխանություններին։ Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ էին մտածում, երբ ստեղծում էին «տոկոս խփելու» համակարգն ու բացառում օրինական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը։ Խնդիրն այն չէ՝ ահաբեկչությունը լա՞վ բան է, թե վատ։ Այս հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ՝ ցանկացած ահաբեկչություն (կամ ներքաղաքական հարցերում ուժի կիրառում) անընդունելի է, եւ վերջ։ Բայց տեսեք՝ լուսամուտ ջարդելն էլ է վատ բան, եւ ընդհանրապես՝ դաստիարակված մարդիկ ելումուտ են անում բացառապես դռնով։ Բայց ի՞նչ անել, եթե դուռը «գլուխոյ» փակ է, իսկ ներսում արդեն շնչելու օդ չկա։ Կարելի է անընդհատ օգնություն կանչել եւ խնդրել դուռը բացել, բայց դրսից միայն ծիծաղում են եւ ասում, որ «տեսանելի ապագայում» դուռը փակ է մնալու։ Այդ դեպքում երկու ճանապարհ է մնում. կամ ոչինչ չանել եւ խեղդվել, կամ նորմալ մարդու տեսանկյունից անընդունելի բան անել՝ ջարդել լուսամուտը։

Խոսքը կոնկրետ այս զինված խմբի մասին չէ։ Վերջին հաշվով՝ դեռ հայտնի էլ չէ, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ էին պատրաստվում անել, ինչի համար եւ այլն։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Հայաստանի իշխանությունները ստեղծել են մի վիճակ, երբ օրինական ճանապարհով որեւէ բան փոխել գործնականում հնարավոր չէ։ Իսկ դա վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ անօրինական ճանապարհի կողմնակիցներն ավելանալու են։ Եվ սա, ի դեպ, ամենավտանգավորն է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30