Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ. «Հանցավոր խումբը ծրագրել է հրեշավոր արարքներ՝ պաշտոնյաների, պետական մարմինների դեմ»

Նոյեմբեր 27,2015 12:57

Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն անդրադարձավ կազմակերպված հանցավոր խմբակցության ձերբակալության միջադեպին: Նա ասաց, որ ԱԱԾ քննչական վարչությունը քրգործի հարուցումից ընդամենը օրեր անց չի կարող բոլոր մանրամասներն ու հանգամանքները ներկայացնել, քանի որ ամեն օր, ամեն ժամ տարբեր քննչական գործողություններ են ընթանում, որոնք չեն ցանկանում վտանգել:

Նա հայտարարեց, որ ԱԱԾ-ն ապաքաղաքականացված, կուսակցությունների, ՀԿ-ների ազդեցությունից զերծ մարմին է. «Հաջողվել է վնասազերծել հանցավոր մի խումբ, որը իր դաժանությամբ նախադեպը չի ունեցել ՀՀ տարածքում: Խումբն ունեցել է հանցավոր մտադրություն, խմբում յուրաքանչյուր անձ ունեցել է իր դերը, ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով միմյանց մեջ են խոսել: Խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության: Նրանց գործունեությունը վնասազերծվել է: Մեր աշխատակիցներին հաջողվեց գրոհել հայտնի առանձնատունը եւ վնասազերծել մինչեւ ատամները զինված անդամներին: Մեր աշխատակիցները հստակ գիտակցում էին, որ տունը, ըստ էության զորանոցի է վերածվել, ունեն նռնակներ, պայթուցիկ սարքեր: Չնայած դրան, մեր աշխատակիցները, հաշվի առնելով այդ՝ գրոհել են տունը: Նրանք նույնիսկ չհասցրեցին իմանալ, թե ինչ է տեղի ունենում»:

Միքայել Համբարձումյաննն ասաց, որ իր համար զարմանալի է, զավեշտի է արդեն վերածվում առանձին աշխատակիցների այն հայտարարությունը, թե իբր տեղի է ունեցել բեմականացում, կամ այդ գործողությունները փորձում են կապել ինչ-ինչ քաղաքական գործունեությունների հետ. «Ինչ տեսել եք հեռուստատեսությամբ՝ համապատասխանում է իրականությանը: Խումբն ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, ընտրված են եղել հանցագործության թիրախները եւ կատարման եղանակները»:

Նա հայտարարեց, որ խումբը ծրագրել է հրեշավոր գործողություններ իրականացնել՝ ուղղված իշխանության առանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների եւ հասարակության դեմ:

Այսօր ձերբակալված են թվով 21 անձինք: Նրանց մեղադրանք է ներկայացվել բավարար ապացույցների հիման վրա: Չի բացառվում, որ խմբի այլ անդամներ էլ կլինեն, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ն աշխատանք է տանում: ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացնելու ձերբակալվածների համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննության այս փուլում գործով անցնող մյուս անձանց են փորձելու գտնել:

Հարցին՝ Իսլամական պետության հետ կապ կա՞, կոնկրետ ո՞ւմ նկատմամբ են ուզեցել գործողություններ ծավալել՝ նա ասաց, որ զինվեք համբերատարությամբ. «Ես չեմ կարող ասել, թե ովքեր եւ ում նկատմամբ են որոշել հանցագործություններ իրականացնել»:

Ֆինանսավորման հետ կապված նա ասաց, որ փորձում են պարզել գումարների ստացման, ծագման աղբյուրը. «Իսկ Իսլամական պետության հետ կապված գիտենք, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, այդ վարկածը մենք հաշվի ենք առնելու, համապատասխան հարցումներ եւ աշխատանք կկատարենք՝ պարզելու, թե նա դրսում ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կապեր ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30