Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պիտի լինես այնտեղ, որտեղ ավելի ես պետք». Արմեն Սիմոնյան (ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2015 12:26

 

«Հիմա նկարիչներն իրարից մի տեսակ մեկուսացել են: Տարիներ առաջ, երբ ես նոր էի սկսում նկարել, շփումն ավելի շատ էր: Գնում էինք իրար արվեստանոց, հետաքրքրվում էինք իրար գործերով, արվեստի մասին ավելի շատ էինք խոսում, իսկ հիմա այդպես չէ: Խնդիրներն են շատացել, ժամանակն է քչացել»,- ասում է գեղանկարիչ Արմեն Սիմոնյանը:

Նոյեմբերի 27-ին «Դալան» ցուցասրահում բացվեց գեղանկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսը Հայաստանում:

14 տարի նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Իսկ վերջին 4-5 տարիներին նորից Հայաստանում է ապրում. «Պետք էր վերադառնալ: Մարդու կյանքում այնպիսի պահ է գալիս, որ… Պարզ է՝ միջավայրը, ամեն ինչը կարևոր է, բայց ավելի կարևոր բաներ կան: Որտեղ քո երկիրն է, քո հարազատներն են, որտեղ դու ավելի ես պետք, այնտեղ պիտի լինես: Ամենակարևորն այն է, որ կարողանաս պահել քոնը, որտեղ էլ լինես, էլի դու դու մնաս: Այդպես, որտեղ էլ ուզենաս, կարող ես ապրել, մի քիչ դժվար, մի քիչ հեշտ, դա էական չէ: Պրոֆեսիոնալ առումով այնտեղ ավելի պահանջված էի: Այստեղ մեկ-մեկ նույնիսկ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ ոչ մեկին պետք չեմ: Դա շատ է խանգարում: Բայց այստեղ ինձ ավելի լավ եմ զգում. իմ միջավայրն է, իմ հարազատներն են…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սիմոնյանը:

59 57 52 50 42 29 16 14 04 01

Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 7-ը, ներկայացնում է արվեստագետի ինչպես հին, այնպես էլ նոր շրջանի մոտ 50 աշխատանք՝ «Արշալույսի երգ», «Գիշերային ռոմանտիկները», «Քաղաքային ռոմանս», «Ժամադրություն», «Անցում», «Սպասում», «Հորովել», «Գյուղական տիրամայր», «Օրորոցային» և այլն:

«Արմենի գործերին նայելիս դժվարանում ես հավատալ, որ նա նկարչի կրթություն չունի, բայց իրոք չունի: Կենսաբան է,- ասում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը,- նրա գործերում երազը, հուշը, իրականն ու անիրականն այնպես են խառնված, ինչպես մաքուր, զուլալ երեխան կուզենար իր մտքին եկածն արտահայտել: Ծննդավայր Տաթևից, ընդհանրապես վաղ մանկությունից եկած իր հուշերը նա փոքր ձևաչափի մեջ կարողանում է այնքա՜ն մոնումենտալ ձևով ներկայացնել: Ինձ՝ որպես արվեստաբանի կլանում են նրա գործերը, մանավանդ դրանցում պատկերված մարդկային կերպարները, որոնք հաստատ գիտես, որ ինչ-որ մի կոնկրետ տեղից կամ գուցե մոռացված հուշից են գալիս: Ամեն ինչ շատ իրական է ու, միևնույն ժամանակ, երևակայական»,- ասաց Լիլիթ Սարգսյանը:

Նշենք, որ Արմեն Սիմոնյանը նաև հին ձայնասկավառակների վրա է նկարում: Վստահեցնում է, որ այնքան էլ էական չէ, թե ինչի վրա ես նկարում: Կարևորն այն աշխարհն է, որը նկարիչը ներկայացնում է, իսկ ինչի վրա կներկայացնի, երկրորդական է:

«Կան սկավառակներ, որոնց վրա ափսոսում ես նկարել: Չի կարելի: Բախի, Մոցարտի վրա, օրինակ, չես կարող նկարել, ձեռքդ չի գնա: Ի՞նչ պիտի նկարես, որ ավելի լավը լինի: Բայց կան սկավառակներ, որոնք լսելու բան չեն: Դրանց վրա եմ նկարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30