Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իրար ետևից դիվանագիտական պարտություններ է արձանագրում

Նոյեմբեր 29,2015 10:01

Արդեն բավականին ժամանակ է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից տարբեր լսարաններից բացահայտ հնչում է այն միտքը, որ Ղարաբաղը պետք է ետ վերադարձնի Ադրբեջանի գրավյալ տարածքները և հարգվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ոչ այլ ինչ է, քան հպանցիկ ակնարկ այն մասին, որ պետք է վերականգնվի 1988թ. Ադրբեջանի քարտեզը և Լեռնային Ղարաբաղը նրա կազմում ունենա մի քիչ ավելի անկախ կարգավիճակ, քան կար այդ ժամանակ (կարգավիճակի հետ կապված հստակ ոչինչ չի ասվում):

Ցավոք, այս հարցի հետ կապված, Ղարաբաղի իշխանությունների կողմից Ուորլիքին երբևէ որևէ պաշտոնական պատասխան չի տրվել ու չի տրվում, այլ ընդամենը սոսկ հայտարարվում է, թե այդ հարցը կորոշի միայն Ղարաբաղի ժողովուրդը (դե, փառք Աստծո, գոնե դա ասվում է, քանզի այս պահի դրությամբ բոլորին է հայտնի Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը):

James-WarlickԶարմանալի է, որ որևէ պաշտոնական հարցադրում չի արվում պարոն Ուորլիքին, ասենք օրինակ. այ պարոն Ուորլիք, էդ ինչպես որոշեցիք, որ ճիշտը դա է և դրա մասին էլ հաճախակի բարձրաձայն հայտարարում եք: Չէ՞ որ, Դուք ընդամենը հաշտարար եք և Ձեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն այդ առաքելությանը: Այդ ո՞ր իրավունքով եք դատավորի դեր կատարում և վճիռներ արձակում: Դրա փոխարեն ավելի լավ կլիներ, որ փոքրիշատե ուսումնասիրեիք Ղարաբաղի և Ադրբեջանի պատմությունները, հետո միայն Ձեզ թույլ տայիք՝ ոչ այլուր, քան ճաշի սեղանին, խիստ զգուշավոր հայտնել Ձեր անձնական կարծիքը: Ի՞նչ է, օգտվում եք այն հանգամանքից, որ այդ թեմայով Ձեր բազմաթիվ անգամներ արված հայտարարություններից և ոչ մեկին համարժեք պատասխան չեք ստացել, ուստի որոշել եք շարունակել Ձեր սև փիառը:

Ես՝ որպես հայ մարդ, Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ որպես ժողովրդավար երկրի քաղաքացի, զգոնություն հանդես բերեք, հարգեք դիմացինների իրավունքները և առաջնորդվեք միմիայն Ձեզ վերապահված լիազորություններով ու գործառույթներով:

Այժմ հակիրճ անդրադառնանք վերջին մի քանի օրերին ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի օրակարգ մտած հակահայկական բանաձևերին, որոնցից մեկի՝ «Բռնության աճ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակը՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերն է, որի ժամկետը ԵԽԽՎ-ում լրացել է զեկույցի ներկայացման օրվանից մոտ երկու օր հետո: Ավելորդ չէ նշել նաև, որ նա Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունի ջերմ հարաբերություններ՝ մասնավորապես, նա այդ երկրներում ունի որոշակի բիզնես շահեր:

Ըստ շրջանառվող տեղեկատվության, հայկական պատվիրակությունն ամեն ինչ արել է, որպեսզի կանխվի զեկույցի ներառումը 2016թ. հունվարյան նստաշրջան, որը ցավոք ապարդյուն է անցել: Այստեղ շատ տխրեցնող է այն հանգամանքը, որ նմանատիպ նախագծերը ԵԽԽՎ նստաշրջանի մեծ օրակարգ է մտցնում քաղաքական հանձնաժողովը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արտահայտած կարծիքը հետևյալն է, մեջբերում եմ. «Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը՝ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այստեղով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք Ադրբեջանը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը: Քաղաքական հանձնաժողովի գերակշիռ մասը, դա արդեն ապացուցված փաստ է, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում, որ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասը ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից»:

Ասվածից եզրակացությունը մեկն է. վերը նշված բանաձևն ամենայն հավանականությամբ կհաստատվի հունվարյան նստաշրջանում և հայկական պատվիրակության բոլոր փորձերը՝ դիմակայելու բանաձևի հաստատմանը, դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Փաստորեն, կոնկրետ խնդիր է առաջացել, թե ուժերի ինչ գերագույն լարումով է հնարավոր կանխել այդ չարաբաստիկ զեկույցի ընդունումը: Անկեղծ ասած, ես այս հարցում իրատեսական մի մոտեցում եմ միայն տեսնում, որի գործադրման պարագայում, երևի թե հնարավոր լինի խոչընդոտել այդ զեկույցի ընդունումը: Խոսքը հետևյալի մասին է. պետք է գործի լծվեն աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներն ու հայկական բոլոր կազմակերպությունները, ովքեր գիշեր-ցերեկ տարվող լոբբինգի միջոցով հասնեն՝ ԵԽԽՎ-ի պատգամավորներին հակառակը տրամադրելուն և դեմ քվեարկելուն, որպեսզի Հայաստանն այս՝ չափազանց բախտորոշ ժամանակաշրջանում դիվանագիտական պարտություն չկրի և դրանով ստվեր չնետվի Ղարաբաղ պետության նկատմամբ աշխարհի ունեցած արդարացի պատկերացումների վրա: Դա չափազանց մեծ հարված և հետընթաց քայլ կլինի մեր մարտական հաղթանակների ֆոնին:

Այստեղ հատուկ նշենք, որ ըստ ԵԽԽՎ-ի գործող կանոնակարգի, չնայած նշված փաստաթղթերի ընդունումը՝ պարտադրող գործառույթներ չի ենթադրում, այնուամենայնիվ ԵԽԽՎ նստաշրջանում դրանց ներառումը և ընդունումը մեծագույն հարված կլինի մեծ ճիգերով ճանապարհ հարթած Լեռնային Ղարաբաղ մանուկ պետության վարկին և հետագա ճանաչմանը:

Ինչը վերևում ասվեց՝ «Բռնության աճ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի մասին, նույն մոտեցումները վերաբերվում են նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին:

Մեզ մի ճանապարհ է մնում. ազգովին ներդնենք մեր բոլոր հնարավորությունները և նպաստենք մեր պետությանը՝ դիվանագիտական պարտություններից զերծ մնալու համար…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30