Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնի ֆենոմենը. Միքայել Սրբազանի, Նիկոլայ Ծատուրյանի ու մյուսների հետաքրքիր պատմությունները՝ 150-ամյա թատրոնի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 30,2015 13:10

Երեկ Գյումրիում մեծ հանդիսավորությամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ նշվեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 150-ամյակը:

Թատրոնի անձնակազմը յուրատեսակ էր պատրաստվել այս միջոցառմանը, կառավարության ղեկավարի ու մշակույթի նախարարի դատին հանձնեցին Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճը, որի ամեն անկյունը հավերժացնում է մեծ դերասանի հիշատակը, պատերի վրա նրա խոսքերն են, նրա լուսանկարներն են. նրա հագուստը:

Թատրոնի միջանցքում ցուցահանդես էր՝ ներկայացված էին հին ու նոր դերասաններն ու նրանց բեմական կյանքի ամենահետաքրքիր դրվագները: Ինքնատիպ էր նաեւ թատերական երեկոն. ցուցադրեցին ներկայացում, որը կոչվում էր «Անհայտ անձինք՝ ընդդեմ Գյումրու թատրոնի 150-ամյա գոյության կարեւորության»: Սա դատական պրոցես էր, այն վարում էին թատրոնի 3 դերասաններ, որպես վկա հրավիրում էին թատրոնի անձնակազմի ներկայացուցիչներին, որոնք հետաքրքիր դրվագներ էին պատմում թատրոնի ռեժիսորների գործունեությունից:

Այսպես` առաջին վկան Նիկոլայ Ծատուրյանն էր, որը ներկայացրեց Վարդան Աճեմյանին: Նա ներկայացրեց մի ծիծաղելի պատմություն՝ կապված Վարդան Աճեմյանի ծաղրանկարների հետ: Վարդան Աճեմյանը, որը յուրահատուկ ծաղրանկարներ է արել, մի օր փորձել է նկարել Նիկոլայ Ծատուրյանին, որը իր հերթին փորձեր էր անում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Նկարել է, սակայն պատռել, աղբարկղն է նետել ու այսպես 3 անգամ: Երբ Նիկոլայ Ծատուրյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չի ստացվում իր ծաղրանկարը, Վարդան Աճեմյանը, նայելով մեծ քթով Ծատուրյանին, ասել է. «Դե ծաղրանկարից ծաղրանկար դժվար է նկարվում»:

Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Գրիգորյանը հիշեց, թե ինչպես են ռեժիսոր-նկարիչ Գրիգոր Մկրտչյանի օրոք բեմադրել Շեքսպիրի ամենարյունալի պիեսներից «Տիտոս Անդրոնիկոս-ը, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը բացականչել է. «Ես գիտեի, թե Շեքսպիրն անգլիացի է, պարզվում է երկրորդ հայրենիք ու երկրորդ ծննդավայր ունի՝ Լենինականն է, ես նման ներկայացում չեմ տեսել Անգլիայում»: Իսկ այս նույն ռեժիսորի օրոք ներկայացված Գոգոլի «Ռեվիզոր»-ը դիտելու են եկել Սովետական Միության 20 թատերագետներ ու ապշած ասել են. «Այսպիսի ներկայացում Ռուսաստանի ոչ մի քաղաքում չենք տեսել»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն էլ, նկարագրելով, թե ինչպիսին է գյումրեցի հանդիսատեսը, մի դրվագ ներկայացրեց Տեքստիլագործների ակումբում ցուցադրած «Գիքոր»-ից: Տիկինը պատմում է, որ երբ Բազազ Արտեմը սկսում է ծեծել Գիքորին, հետեւից դահլիճի վազքով մեկը գալիս է, թռնում է վերեւ, հայտնվում է բեմում, բռնում է Բազազ Արտեմի օձիքից ու ասում է. «Էս ի՞նչ կենես, մյուս անգամ օր էս էրեխու խաթրին կպար, էլ ձեռքիցս չես պրծնի»:

Նա ասաց, որ թատրոն գնալը գյումրեցիների գենետիկայի մեջ է եղել, պարտադիր պիտի սունդուկից խաս շորեր հանեին, հագնեին, կրեին «չեռվոնից բիլազուկները» ու նոր թատրոն գնային: «Քաղաքի փողոցներով անցնում էին Ցոլակ Ամերիկյանը, Արմեն Ամիրյանը,Արուսը, Վարդուհի Վարդերեսյանը, մեր Ֆռունզը, Նինա Բոխյանը, մյուսները… ճամփա պիտի տային, լեփ-լեցուն, այս ինչ քաղաք է, քաղաքն ինքը թատերաբեմ է»,- ասաց Հասմիկ Կիրակոսյանը՝ հիշելով, թե ինչպես են դերասանները այգու մեջ նստած գյումրեցիների հետ նարդի խաղացել: Ըստ նրա, միայն Գյումրին կարող էր այդպես ձուլվել թատրոնի հետ:

Gyumri_pargev-8 Gyumri_pargev-7 Gyumri_pargev-6 Gyumri_pargev-5 Gyumri_pargev-4 Gyumri_pargev-3 Gyumri_pargev-2 Gyumri_pargev

Նշենք, որ թատերական տոնը, ինչպես եւ Գյումրիում մյուս կարեւոր իրադարձությունները սկսվեց Շիրակի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնմամբ ու ելույթով: Սրբազանը նշեց, որ գյումրեցին երկու վայրում է հանում իր գլխարկը, մեկը եկեղեցում է, մյուսը՝ թատրոնում:

Ներկայացնելով Գյումրու թատրոնի ու հանդիսատեսի ֆենոմենը՝ Սրբազանն ասաց. «Մի կարեւոր առանձնահատկություն ունի Գյումրու թատրոնը, որը ես կցանկանամ ընդգծել. Գյումրու թատրոնը. ի տարբերություն մյուս թատրոնների, տարբերվում է մի կարեւոր հատկությամբ. հանդիսատեսն այստեղ հանդիսատես չէ, հանդիսատեսն այստեղ մասնակից է: Նա մասնակցում է բեմադրությանը, ռեպլիկներ են հնչում հանդիսատեսի կողմից, դերասանները այստեղ ընթացքում պատասխանում են այդ ռեպլիկներին, իմպրովիզացիա են կատարում, եւ հետեւաբար դառնում են մեկ օրգանիզմ: Հանդիսատեսը չի գալիս պասիվ դերակատարություն անելու, այլ գալիս է մասնակից դառնալու, դրանով շատ յուրահատուկ է Գյումրու թատրոնը: Ի՞նչ է սովորեցրել մեզ՝գյումրեցիներիս Գյումրու թատրոնը, սովորեցրել է կյանքում դերասանություն չանել, այդ դերասանությունը թողնել բեմի վրա: Բեմը կրթում է մեզ այդ իմաստով, որ կյանքում լինենք ավելի անկեղծ, ավելի պարկեշտ, ավելի շիտակ, ավելի ուղիղ, իսկ դերասանությունը թողնենք իբրեւ արվեստ բեմի վրա»:

Նշենք, որ թատերական երեկոյից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր կարող թաքցնել հուզմունքը, նշում էր, որ Գյումրին ուրիշ է: Նա օրհնեց այն օրը, երբ ռուսական բանակի սպա Ալեքսանդր Մելիք Հայկազյանցը, 1868 թվականին Թբիլիսից գալով Ալեքսանդրապոլ, քաղաքագլուխ Վաղարշակ Շախատունյանի հետ հիմնեցին Ալեքսանդրապոլի թատերասերների խումբը: «Գյումրեցին ծնվում է կամ գիրքը ձեռքին, կամ վրձինը կամ գրիչը կամ կտավը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը իր պատրաստակամությունը հայտնեց օգնել թատրոնին ինչով անհրաժեշտ է, իր կողմից էլ առաջարկեց թատրոնի շենքի դիմաց տեղադրել Վարդան Աճեմյանի արձանը:

Թատերական տոնին մասնակցում էր նաեւ Վարդան Աճեմյանի թոռը, դահլիճում ոչ միայն նստելու տեղ չկար, այլ կանգնելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30