Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մի չդրված ծաղկեփնջի «հեղափոխություն»

Դեկտեմբեր 04,2015 15:30

Մի քանի օր է՝ մայրաքաղաքում ընթանում են «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի հանրահավաքները: Այս ճակատի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը, նախկին միասնական շտաբներից դեմքեր, ընդդիմադիր այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հանրահավաքների նպատակը սահմանադրական փոփոխությունների կասեցումն ու իշխանափոխության իրականացումն է մինչեւ դեկտեմբերի 6-ը: Հնչում են ավանդական ձեւակերպումներ՝ «Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը», «ռեժիմը հոգեվարքի մեջ է», «հանրաքվեն կասեցված է», «հաղթանակը շատ մոտ է»:
Ընդդիմադիր ճակատների ներկայացուցիչները չեն մոռանում հիշեցնել, որ միասնական են, ընդդիմադիր երկու ճակատների միջեւ տարաձայնություններ չկան, հրավիրում են ընդդիմադիր այլ գործիչների Ազատության հրապարակի հարթակ:

Դեկտեմբերի 1-ին, հավանաբար հետաքրքրվածությունից դրդված, մի քանի հազար մարդիկ էին Ազատության հրապարակ եկել: Մասնավորապես, «Հիմնադիր խորհրդարանի» կամ Անդրիաս Ղուկասյանի ոգեւորությունը Ազատության հրապարակում մինչեւ 2000-3000 մարդ տեսնելու առումով ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Նրանց կազմակերպած հավաքներին վերջին տարիներին դժվար էր տեսնել նույնիսկ 100 մարդ:

Կրկին երթեր Երեւանի կենտրոնում, հրմշտոց, աղմուկ, հայհոյանքներ… Իսկ ո՞ւր է «հեղափոխության» ու «անհնազանդության» իրագործման ծրագիրը: Դեկտեմբերի 1-ին երթի կեսից ոստիկանության կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը` ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, եւ բարձրախոսներով մեքենային թույլ չտալը շարժվել երթի հետ «բլոկ» արեց արդեն «հեղափոխության» եւ «անհնազանդության» առաջին օրվա սցենարները:

Մի կողմ թողնենք հարցը, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակ փորձում ինչ-որ օրիգինալ քայլեր անել, որոնց իմաստն ու տրամաբանությունը հետո հանրությունը քննարկում է ու այդպես էլ չի հասկանում՝ սկսած «զորավարի» հետ աղոթքից, մինչեւ ՀՀԿ գրասենյակի առջեւ հրաժեշտի ծաղկեպսակ դնելը, որն առանձնապես այնքան էլ ծաղկեպսակի տեսք չուներ, եւ որը «հեղափոխության» առաջին օրվա ֆինալում Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված եղավ նվիրել Վալերի Օսիպյանին:

Եթե ոստիկանությունը կարողանում է երթի կազմակերպիչներին թույլ չտալ շեղվել նախօրոք հայտարարված երթուղուց` թույլ չտալով նաեւ ծաղիկներ դնել ՀՀԿ-ի գրասենյակի մոտ, կարողանում է թույլ չտալ մեկ մեքենայի տեղաշարժվելը, ապա որտե՞ղ են ընդդիմադիր ճակատների հետագա քայլերը: Թե՞ երկրի «փրկության» ծրագիր մշակողներին ու «անհնազանդության» կոչերով հանդես եկողներին թվում էր, թե իրավապահներն այնքան ճարպկություն չունեն, որ գլխի չեն ընկնի հենց իրենց` կազմակերպիչներին, հորդորել շարժվել օրենքով, նախօրոք իրենց իսկ հայտարարած երթուղով:

Եվ առհասարակ՝ ի՞նչ նոր մարտավարություն, ռազմավարություն ունի «Նոր Հայաստանը», որոնցով մինչեւ ամսի 6-ը պետք է կասեցվի սահմանադրական հանրաքվեն: Բացօթյա մամուլի ասուլիսներո՞վ եւ հաջորդ օրվա հանրահավաքներում նախորդ օրվա հանրահավաքի ու հեղափոխության չկայացման պատճառները մատուցելո՞վ:
Բացի այդ, իսկ ովքե՞ր են սահմանադրական հանրաքվեն «կասեցնողներն» ու «ռեժիմին խուճապի» մատնողները` Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանն ու Անդրիաս Ղուկասյանը…

Պարզապես իշխանության ապաշնորհության ու բոլոր արատների մասին տարիներ շարունակ բարձրաձայնող ընդդիմությունները, շարժումները, նախաձեռնություններն ու ազգի փրկության ճակատներն այս ընթացքում դեռ չեն գիտակցել, որ «ռեժիմը ցնցումների մեջ է», «հաղթանակը մոտ է», «հաղթել ենք», «մենք հզոր ենք» եւ այլ ձեւակերպումները հենց իրենք են վարկաբեկել ճիշտ այնքան, որքան իշխանությունն է իմաստազրկել, օրինակ, ցանկացած ոլորտում՝ «բարեփոխում» բառը գործածելիս։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Րաֆֆի Հովհաննիսյանի թատերական ձեւակերպութիւնները բացայայտօրէն բխում են ամերիկեան թեթևսոլիկ «մշակոյթ»ից

    մինչ, հակասականօրէն, ինքն ու իր շրջապատն են որ իրենցմէ դուրս ամէն կողմ show են տեսնում ու դատապարտում

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031