Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Բայց ո՞վ է հայտարարել, որ Գերմանիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ո՞վ». Գերմանիայում ՀՀ դեսպան

Դեկտեմբեր 04,2015 11:34

Գերմանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում հայ լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց մեր հարցերին:

Նա ասաց, որ Գերմանիայում հայ համայնքը թույլ է, որովհետեւ այնտեղ գնացել են այն հայերը, որոնք տեսել են Ցեղասպանություն, ապրել են թուրքական իշխանությունների լծի տակ, հետո նոր մի փոքր լույս են տեսել ու գնացել են դեպի Եվրոպա. «Այդ լույսով գնալով՝ թողել են Թուրքիայում ընտանիք, հարազատներ: Այսինքն, հլու-հնազանդ լինելու ամեն ինչը իրենց մեջ կարծրացած նստած է»:

Հարցին՝ ի՞նչ եղավ, երբ Գերմանիան հայտարարեց, որ Ցեղասպանությունը ճանաչելու է ու չճանաչեց, ամառը դարձավ աշուն, աշունը ձմեռ ու այդպես էլ չճանաչեցին՝ դեսպանը պատասխանեց. «Բայց ո՞վ է հայտարարել, որ Գերմանիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ո՞վ: Բացի մեր մամուլից, ոչ մեկը: Օրեր էին վերցնում՝ օդից վերցրած»:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հետ կապված Բունդեսթագը նիստ գումարեց, դոկտոր Լամերտը գործածեց ցեղասպանություն եզրույթը, Բեռլինի տաճարում հիշատակի միջոցառում կազմակերպվեց, ելույթ ունեցավ նախագահը:

Ուստի մեր դիտարկմանը, որ առանց կրակի ծուխ չի լինում, Բունդեսթագում հայտարարություն եղավ եւ շատերը սպասում էին, որ կլինի ճանաչում՝ դեսպանը պատասխանեց. «Ծուխ էլ կա, ծուխ էլ կա»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն հիմնավոր չէի՞ն այդ հայտարարությունները նման տրամադրություն չի՞ եղել՝ Աշոտ Սմբատյանը պատասխանեց. «Տրամադրություն եղել է, Գերմանիայից առաջին անգամ այդ մակարդակի վրա եղել է Գերմանիայի նախագահի հայտարարություն, Գերմանիայի Բունդեսթագի հայտարարությունը, եղել է իշխող կուսակցությունների կոալիցիայի կողմից մամուլի հաղորդագրություն, այդ ամենը եղել է: Բայց երբ մեր մամուլը սկսում է ամսաթվեր գրել հստակ՝ ինչ-որ ապրիլի 30, հետո գրեցին՝ հուլիսի 17-ին կլինի, թե որտեղից էր դա՝ չգիտեմ: Պրոցեսը գտնվում է Բունդեսթագում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Մարդու իրավունքների հանձնաժողովում: Մարդու իրավունքների հանձնաժողովն իր դրական կարծիքը տվել է, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ քննարկում է»:

Վերջնական որոշումը, ըստ դեսպանի կախված է գերմանա-թուրքական հարաբերություններից:

Աշոտ Սմբատյանն ասաց, որ Գերմանիայում համայնքը գտնում է, որ Սահմանադրական փոփոխություններով բազմակարծությունն ավելի կապահովվի, եթե անցնեն խորհրդարանական կառավարման համակարգի:

Լրագրողների այցը Գերմանիա ապահովել էր «Deutsche Gessellschaft» կազմակերպությունն ու Երեւանի մամուլի ակումբը՝ համատեղ իրականացված ծրագրի միջոցով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031