«Մանկապարտեզներում ասում են, որ եթե «այո» չասացիք, տնօրեն կգա «Սերոժիկի կինը, ձեզ համար լավ չի լինի»

«Մանկապարտեզներում ասում են, որ եթե «այո» չասացիք, տնօրեն կգա «Սերոժիկի կինը, ձեզ համար լավ չի լինի»

Միջազգային դիտորդները չեն կարողանում հավատարմագրվել հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, Նորվեգյան հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ (EPDE) Լենե Վեթելանդը այս առիթով «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց. «Մեր միջազգային փորձագետները չեն կարողացել տեղեկություններ գտնել, թե ինչպես կարող են հավատարմագրվել որպես միջազգային դիտորդներ, ստիպված ներգրավվել ենք որպես հանրային թղթակից»:

Այս առիթով  Թրանփարենսի Ինթերնեշնալ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը հավելեց. «Մեզ միացել են ևս տաս կազմակերպություններ և հանդես ենք գալու ավելի քան ինը հարյուր դիտորդներով: Մեզ օրեցօր դեռ միանում են բազում մարդիկ՝ որպես հանրային լրագրող: Մենք լինելու ենք բոլոր մարզերում և Երևանի համայնքներում: Մեզ միանալու են միջազգային դիտորդները, որոնց չի հաջողվել հավատարմագիր ստանալ, նրանք զրկված են եղել հանդես գալ որպես միջազգային դիտորդներ, այդ պատճառով ստիպված մենք նրանց ընդգրկել ենք որպես հանրային լրագրողներ»:

«Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ քարոզչության հավասար պայմանների ապահովման առումով խախտումներ են արձանագրվել. «Դրանք նկատելի են բոլոր հեռուստաընկերություններով: Օրինակ՝ Հ1-ով վարվող հայտնի հեռուստաբանավեճի հեղինակ վարող է հանդես գալիս Արմեն Աշոտյանը, որը ՀՀԿ ներկայացուցիչն է և «այո»-ի կողմնակից: Մինչդեռ «ոչ»-ի կողմնակիցներից որևէ մեկի համար հնարավորություն չի ստեղծվում հեղինակային հաղորդում վարել: Այլ հաղորդումներում հեռուստամեկնաբանները դրսևորում են ակնհայտ կողմնակալություն, որը երևում է նրանց ձևակերպած հարցերից, միշտ եզրափակիչ խոսքը տրվում է ՀՀԿ-ական ներկայացուցչի: Անգամ ինձ էին «Արարատ» հեռուստաընկերությունից հրավիրել՝ որպես անկախ փորձագետ, սակայն այսպես էլ վերջին խոսքի իրավունք չտվեցին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստեց, որ իրենք ոչ մի երկրում որպես միջազգային դիտորդ հավատարմագրվելու հարցում խնդիրներ չեն ունեցել: Պարոն Սաքունցը նաև նկատեց, որ խախտում է նաև այն, որ հանձնաժողովի անդամները համայնքներից շատերի ավագանու անդամներ են: Նա թվարկեց ըստ մարզերի և ըստ կուսակցական պատկանելության. «Արագածոտնի մարզում՝18, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32, Լոռիում՝ 22, Սյունիքում՝ 17, Շիրակում՝ 38, Կոտայքում՝ 17, Վայոց ձորում՝ 14, Տավուշում՝ 8»: Կուսակցականների պատկերը հետևյալն է. «ՀՅԴ-ից 22, ՀՀԿ-ից՝ 50, ԲՀԿ-ից 21-ը, ՕԵԿ-ից 12-ը, ՀԱԿ-ից և «Ժառանգությունից» 10-ական ներկայացուցիչներ, բայց «Ժառանգությունը, երբ տեղեկացել է այդ մասին 5 անդամի փոխարինել է: Սա համարում ենք վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործման փաստ»:

Պարոն Սաքունցը նաև նշեց, որ քարոզչության հետ կապված խնդրահարույց է այն, որ ոտնձգություններ են տեղի ունեցել Ազատության հրապարկում գտնվող քաղաքացիների նկատմամբ. բռնություններ, քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտում: Ոստիկանության շտաբը հայտարարում է, որ ստեղծված է կանխելու խախտումները, այնինչ զարմանալիորեն այդ բոլոր խախտումների մասին իմանում են վերջում:

Ամփոփելով քարոզարշավը՝ Արթուր Սաքունցն ասաց. «Հանրաքվեի քարոզչության ընթացքում չապահովվեց կարծիքների բազմազանությունը, ազատ արտահայտվելու մթնոլորտը, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրում մի շարք առաջատար կամ այսպես կոչված լսարան ունեցող ԶԼՄ-ների ղեկավարների և այդ հարցազրույցը՝ որպես վերջին ակորդ ամենալայն ձևով հրապարակվում է և դրա փոխարեն Հ1-ով որևէ բան չի հայտարարվում այլ կարծիք ունեցողների մասին: Սա խոսում է ազատ արտահայտվելու և ազատ մթնոլորտի բացակայության մասին»:

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ անցկացնեն սահմանադրությունը. «Հիմա ահագին բան է խաղադրույք դրված: Սերժ Սարգսյանն ամեն բան անելու է, որ այս հանրաքվեն անցնի: Բայց վստահեցնում ենք, որ լինելու է ուժեղ հսկողություն, պրեսսինգ: Եթե իրենց թվում է, թե իրենց տեղամասում չի լինելու, հսկողություն, ինչ այլանդակություն ուզեն անելու են, սխալվում են: Մենք միևնույն է իմանալու ենք, կարող է պատիժը լինել տարերային, կարող է անմիջապես, կարող է Աստված պատժել իրենց, միևնույն է, պատժվելու են»:

Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց նաև «հանրային բռնաբարության» մասին. «Մարդկանց համոզում են, որ ամեն ինչ արդեն որոշված է: Մանկավարժական կոլեկտիվներում և ամենուր են ասում դա: Մանկապարտեզներում ասում են, որ եթե «այո» չասացիք, տնօրեն կգա «Սերոժիկի կինը, ձեզ համար լավ չի լինի: Բայց ոչ, մենք ենք որոշողը»:

Aravot.am-ի հարցին՝ դիտորդների նկատմամբ ոտնձգությունները և սպառնալիքները շարունակվո՞ւմ են, քանի որ քարոզարշավի ընթացքում նման միջադեպեր գրանցվել են, պարոն Բարսեղյանն արձագանքեց. «Նման դեպքեր եղել են Իջևանում: Իմանալով, որ ուսանողներն ուզում են ներգրավվել որպես դիտորդներ, ասում են, թե ի՞նչ գործ ունի, մի մատ երեխա աղջիկ է, ինչո՞ւ եք թողնում այդ անիրավ աշխարհը գնա, ընկնի»:

Սոնա Այվազյանը քննարկման ավարտին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 6-ին ԹԻ-ի կայքում գործելու է ահազանգերի քարտեզը, և յուրաքանչյուր ոք օնլայն կարողանալու է հետևել ընտատեղամասերում գրանցված խախտումներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք