Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երգչի տաղադարանում մաքուր ու ջինջ էին հոգու մեղեդիները

Դեկտեմբեր 05,2015 12:00

Դեկտեմբերի 15-ին լրանում է կոչումով եւ բառի իսկական իմաստով ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակը: Ճանաչված երգչի գործընկերը (1970-ականներից)՝ Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների երկարամյա երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը, որը 2005թ. ղեկավարում է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական անսամբլը, այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախաձեռնել է երեկո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կատարումներով հանդես կգան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հովհաննես Բադալյանի դասարանի երբեմնի ուսանողները, այսօր արդեն ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Համլետ Գեւորգյանը, Ռուզան Ավետիքյանը, Սոնա Մակարյանը, Անահիտ Սահակյանը, Անահիտ Գրիգորյանը եւ մյուսները:

Մեր ազգային երաժշտական մշակույթի երախտավորներից է Հովհաննես Բադալյանը: Նրա անունը սերտորեն շաղկապվել է «հայ երգ» հասկացության հետ: Ազգային երգարվեստի բազմաթիվ նմուշներ էլ մեզ են հասել հենց նրա շնորհիվ: Մեր վոկալ կատարողական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից էր երգիչը, որը զինված էր պրոֆեսիոնալ գիտելիքներով եւ, որ ամենահատկանշականն է՝ իր արվեստի ուղենիշը դարձնելով Կոմիտասի այն պնդումը, թե հայ երգին բնորոշ է քնքուշ, խաղաղ, ազդու եւ ձայնն առանց սահեցնելու կատարումը, ինչպես նաեւ հայ երգի «հստակ ու անպաճույճ» վեհությունը: Ճանաչված արվեստագետը դեռեւս կարիերայի սկզբից ձգտում էր իր կատարմանը հաղորդել իսկական ազգային հնչողություն: Նա բացի ազգային խոր զգացողությունից, մեծ վարպետությամբ էր տիրապետում ստեղծագործական ոճի բացահայտման գաղտնիքներին: Վերջինիս շնորհիվ ունկնդիրը հեշտությամբ ճանաչում էր Սայաթ-Նովային կամ Ջիվանուն, Շերամին կամ Շահենին: Նա իսկապես մեծ նրբությամբ էր ունկնդրին հասցնում աշուղական երգարվեստի առանձնահատկությունները, երաժշտական, տաղաչափական ինքնատիպ կառուցվածքը, իմպրովիզացիոն բնույթը, ռիթմային բազմազան կերտվածքը: Իսկ գեղջկական երգերի բադալյանական կատարումները մարդու ներաշխարհի գողտրիկ ու վառ նկարագրերն էին: Հավանաբար առանձնահատուկ պետք է նշել Հովհաննես Բադալյանի կատարմամբ հորովելները: Դրանք բացահայտում էին գեղեցիկ, նվիրական մի աշխարհ, ուր ազգային ոգին, ժամանակը եւ մարդկային խոր զգացմունքը իրենց ամբողջական արտահայտությունն էին ստանում:

Ինչպիսի՜ քնքշանք, կյանքի հրճվանքների, նրա ջահելացման ի՜նչ խորքեր ունեին արվեստագետի մեկնաբանմամբ սիրային երգերը: Այս առիթով նա ասել է. «Սիրող հայացքի տակ քարը փոխվում է մարմարի, ծաղկում են չոր ծառի տերեւն ու ճյուղը: Սիրո տաղադարանում մաքուր ու ջինջ են հոգու մեղեդիները…»:

Թերթելով վարպետի տարբեր տարիների համերգային ծրագրերը, հանդիպում ենք Կոմիտասի «Կռունկ», «Հով արեք սարեր ջան», Ռ. Մելիքյանի «Վարդը», ժողովրդական «Մայր Արազի ափերով», «Համեստ աղջիկ» ու շատ այլ երգերի: Իսկ դրանց կողքին տեսնում ենք տարբեր ժողովուրդների երգային արվեստի նմուշներ: Երգիչը երգում է, ասենք, այսպես՝ բոլոր ժողովրդական երգերը ներդաշնակված ու դեռ չներդաշնակված. երգում է Կոմիտասի հոգեպարար երգերը, իսկ այնուհետեւ Եկմալյան, Սպենդիարյան, Տիգրանյան, Մելիքյան, Մայիլյան, երգում է բազմաթիվ ժողովրդական երգեր, ինչպես նաեւ հայ ժողովրդի ստեղծագործություններ, որոնք հարմար են իր ձայնին: Ու ոչ միայն երգում էր, ու լավագույնն է այդ երգերի կատարողներից, այլեւ նրա հետաքրքրությունը դեպի ամեն մի նորը հանգեցնում էր նրան, որ նա դառնում էր այդ գործերի առաջին ու անգերագնահատելի կատարողը: Եվ այսպես Բադալյանը կատարում էր հարյուրավոր՝ մեկը մյուսից տարբերվող երգեր, պահպանելով նրանց առանձնահատկությունները, արտահայտելով այնտեղ կուտակված հույզերը: Ի դեպ, երգիչը հանդես էր գալիս եւ ժողգործիքների, եւ էստրադային-սիմֆոնիկ, եւ սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ: Յուրաքանչյուր նվագախմբի հետ երգչի ձայնը ստանում էր համապատասխան երանգ, բոլորին նա իր հետ վեր էր հանում՝ տանելով երգի ոլորաններով: Եթե մի քանի բնորոշումներ կարելի է տալ նրա ձայնին, ապա դրանք են՝ զարմանալի հստակությունը, մի փոքր խստությունն ու հնչեղությունը:
Հովհաննես Բադալյանը մեկն է վաղուց երկնային կյանքում ապրող այն վարպետներից, որն ամբողջ շուքով վայելում է «ժողովրդականի» բառն ու համբավը: Նա իսկապես ժողովրդական էր իր էությամբ, ժողովրդական՝ բնությունից ու տերությունից շնորհված անհամար պարգեւներով:

Սիրված երգչի արտահայտություններից էր հետեւյալը՝ «Իմ ժողովրդի երգերում կա մաքրություն ու ողջամիտ իմաստություն: Մեր երգերին հատուկ չի կրքի շիկացումը, կեցվածքը, արտաքին արդնուզարդը: Դրանց կատարումներն էլ պիտի լինեն նույնքան անկեղծ, ինչքան իրենք երգերն են»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Հորովել». Հովհաննես Բադալյան,
Գագիկ Բադալյան եւ Ռուբեն Մաթեւոսյան:

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031