Լրահոս
Օրվա լրահոսը

41 մլն դրամ՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի կոկտեյլի գդալների, սիգարի կտրիչի եւ այլ թիթիզությունների համար

Դեկտեմբեր 08,2015 20:28

Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար ճոխ ծախսեր են անում

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի ոչ միայն օճառամաններն են  թանկարժեք, այլեւ ամբողջ սպասքն ու սենյակների պարագաները:

Նախարարությունը նոյեմբերի 11-ին մեկ անձից գնման պայմանագրով խոհանոցային պարագաներ եւ ապրանքների համար վճարել է 41 միլիոն 296 հազար դրամ: Ուսումնասիրելով պայմանագրում նշված ապրանքների ցանկը, կարելի է ենթադրել, որ դա ոչ թե ուսումնական կենտրոն է, այլ՝ թագավորական նստավայր, այն էլ աղքատության բարձր մակարդակով մեր երկրում:

Օրինակ՝ ճաշի մետաղյա դանակների, պատառաքաղների, գդալների, պողպատե դանակների ու պատառաքաղների, ինչպես նաեւ սթեյքի համար նախատեսված 12 կտորից բաղկացած պողպատե դանակ-պատառաքաղի եւ կոկտեյլի մետաղյա 6 գդալների համար, այսինքն՝ ընդհանուր այդ հավաքածուի համար վճարվել է 9,7 միլիոն դրամ:

15 միլիոն դրամ էլ ֆիննախը ծախսել է, մեր՝ հարկատուների հաշվին, տարատեսակ պարագաներով հավաքածուի համար. այդ գումարը վճարվել է, ինչպես նշված է պայմանագրում՝  ոտիկով ապակյա մրգամանի, մետաղյա հացամանի, սիգարի մետաղյա կտրիչի, ճենապակյա մոխրամանի եւ աղամանի, ձեթի ապակյա տարայի, քացախի ապակյա տարայի, սառույցի մետաղյա բռնակի ու նման մի շարք թիթիզությունների համար:

Իսկ ահա 16,5 միլիոն դրամ էլ պետբյուջեից վճարվել է խոհանոցային սպասքի մեկ այլ հավաքածուի համար՝ ճենապակյա տարբեր չափսերի ու ձեւերի ափսեների համար:
Կրկին խոհանոցային սպասքի ու պարագաների գնումներ ֆիննախը կատարել է այս տարվա հոկտեմբերին՝ կրկին ուսումնական կենտրոնի համար: Հոկտեմբերի այդ պարագաների ձեռք բերման գինը կազմել է 56 միլիոն դրամ:

Ֆիննախը քիչ գումար չի ծախսել այդ կենտրոնի վարագույրների, բարձերի, սավանների, ներքնակների, վերմակների ու ծածկոցների համար՝ 30 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներից մեկը  գրել էր, որ այդ կենտրոնի վրա մինչեւ նոյեմբերի առաջին կիսամյակը ծախսվել է 19 միլիարդ դրամ, կամ 45 միլիոն դոլար: Նույն աղբյուրը նշել է, որ որոշ տեղեկություններով՝  ընդհանուր ծախսը մոտ 70 միլիոն դոլար է:
Երբ ուսումնասիրում էինք պայմանագրերը, պարզեցինք որ ապրանքների մատակարարման վերջնաժամկետը դեկտեմբերի 10 է: Այսինքն, ֆինանսների նախարարությունը բավականին ժամանակ ուներ, որպեսզի այս գնումները կատարեր բաց մրցութային միջոցով, որի դեպքում մրցույթին կարող էին մասնակցել բազմաթիվ մատակարարներ եւ ավելի մատչելի գներ առաջարկել: Մեկ անձից գնումները, ինչպես մշտապես նշում են փորձագետները, կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031