Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը պատվով դուրս եկավ, ծանր վիճակում հայտնվեց Սամվել Նիկոյանի սանիկը

Դեկտեմբեր 09,2015 21:25

Շիրակի մարզի 6 վարչական շրջաններից  4-ում՝ Արթիկում, Անիում, Աշոցքում ու Ամասիայում հաղթել է «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին «ոչ» են ասել երկու վարչական շրջաններ՝ Գյումրին ու Ախուրյանը:

Նկատենք, սակայն, որ Շիրակի մարզի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Մարալիկը, որը Անիի վարչական տարածքի մեջ  է, նույնպես «ոչ» է ասել: Մարալիկում գրանցվել է հետեւյալ պատկերը. քվեարկությանը մասնակցել են 2203 հոգի, այսինքն` բնակչության 40, 30 տոկոսը, «այո» են ասել 862 հոգի, այսինքն` 33 տոկոսը, «ոչ»՝1233 հոգի՝ 55,97 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկները 106-ն են:

Նշենք, որ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը Հանրապետական կուսակցությունից է, Սամվել Նիկոյանի սանիկն է, որը փաստորեն ոչ մի կերպ չի կարողացել ազդել այս քաղաքի բնակչության դիրքորոշման վրա: Անիի վարչական տարածքում բացի երեք համայնքներից, մնացածում հաղթել է «այո» -ն, իսկ Անին բաղկացած է 17 համայնքից:

artak-gevorgyan

Վերջին հաշվով այս վարչական տարածքում «այո» քվեարկածների թիվը կազմում է 4385 հոգի՝ 56,09 տոկոս, «ոչ» քվեարկածների թիվը 3203՝40,96 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկները 228-ն են՝ 1,45 տոկոս, հանրաքվեի մասնակիցների թիվը 7818 է՝  բնակչության 46,0 տոկոս, որը  բավական ցածր է:

Սահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել Ախուրյանի վարչական տարածքում, Ախուրյանն ունի 33 բնակավայր, իհարկե, Ախուրյանի շրջանի այն գյուղերում, որոնք մտնում են թիվ 35 ընտրատարածքի մեջ, «այո»–ի օգտին բավական ակտիվ աշխատել է հենց այդտեղից պատգամավոր ընտրված, ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Որոշ գյուղերում «այո»-ն նույնիսկ ցնցող ցուցանիշներ է արձանագրել, օրինակ՝ Ջաջուռում՝ 82,4 տոկոս, Այգաբացում՝ 91, 4 տոկոս: Իհարկե, վերջին հաշվով այստեղ հաղթել է «ոչ»-ը՝ 570 ձայնով  առաջ անցնելով «այո»-ից:

Նշենք, որ Ախուրյանի վարչական տարածքում հանրաքվեի մասնակիցների թիվը եւս ցածր է. մասնակցել են՝ 15 732 հոգի, որը կազմում է բնակչության թվի 45,8 տոկոսը: «Այո»  քվեարկածների թիվը 7 213 է կամ 45,8 տոկոս, «ոչ»  քվեարկածների թիվը  7783 է՝ 49,4 տոկոս: Անվավեր բյուլետենների թիվը 592 է՝ 3,76 տոկոս:  Ախուրյան գյուղում, որտեղ գյուղապետը սահմանադրական փոփոխությունների ջատագով ՀՅԴ կուսակցության  ներկայացուցիչն է՝ Արծրուն  Իգիթյանը, ասել են «ոչ»: Երկու ընտրատեղամասերում միասին վերցված 231 հոգի «այո»  է ասել, 564 հոգի՝ «ոչ»:

Ամասիայում ու Աշոցքում, որտեղ բնակիչները մշտապես դժգոհ են իշխանություններից,  հատկապես կաթնամթերման ցածր գների հետ կապված անընդմեջ բողոքի ակցիաներ են կազմակերպում, այստեղ վերջնարդյունքում հաղթել է «այո»-ն: Նշենք, որ այստեղ «այո» -ի օգտին աշխատանքներ էր տանում այս տարածաշրջանից ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Իհարկե, կան գյուղեր, օրինակ՝ Ամասիայի տարածաշրջանի Ղազանչին, Մեղրաշատը, Արեգնադեմը, Շաղիկը, որտեղ հաղթել է «ոչ»-ը, սակայն  ընդհանուր ձայների հաշվարկով հաղթանակը «այո»-ինն է:

Axababyan

Ավելին, Ամասիան Արթիկից հետո  Շիրակի մարզի երկրորդ վարչական տարածքն է, որտեղ  «այո»-ն առավելագույն ձայներ է հավաքել: Այստեղ հանրաքվեի մասնակիցների թիվը 2792 հոգի է, բնակչության թվի  44,9 տոկոսը: «Այո» քվեարկածների թիվը 1860 է՝ 66,61 տոկոս, «ոչ» քվեարկածներինը՝ 799 է՝ 28,6 տոկոս: Իսկ անվավեր բյուլետենների թիվը 133 է՝ 4,76 տոկոս:

Աշոցքի վարչական շրջանում մասնակիցների թիվը 4080 է՝ բնակչության 49,8 տոկոսը, «այո» են  ասել 2490 քաղաքացի՝ 61,03 տոկոսը, «ոչ» են ասել 1465 հոգի՝ 35,9 տոկոսը: Անվավեր բյուլետենների թիվը 125 է՝ 3.07 տոկոս:

Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ  «այո» -ն խայտառակ պարտություն կրել է Գյումրիում. «ոչ»-ը 5117 ձայնով  առաջ է անցել «այո»-ից: Ընդ որում, գրանցված տվյալներից նկատելի է, որ մասնակիցների թիվը չափազանց քիչ է, սա նշանակում է, որ գյումրեցիները կամ անտարբեր են կամ արհամարհել են հանրաքվեն կամ էլ  այս ցուցանիշը ուղղակի դատարկվող քաղաքի պատկերն է: Նույնիսկ մահացածների ու արտագաղթածների անվան տակ կատարված քվեարկություններն ու լցոնումները չեն օգնել այստեղ:

Հանրաքվեի մասնակիցների թիվը Գյումրիում եղել է 41 577 կամ  բնակչության 33, 08 տոկոսը: «Այո» քվեարկածների թիվը 16 701 է՝ 40,16 տոկոս, «ոչ» քվեարկածների թիվը՝ 21818 է՝ 52.47 տոկոսը: Անվավեր բուլետենների թիվը կազմել է 7 տոկոս, 2913 հատ: Մի խոսքով, Շիրակի մարզում «այո»-ն 52,02 տոկոս ստացավ, իսկ  «ոչ»-ը 42,43 տոկոս: Ընդհանուր առմամբ հանրաքվեին մասնակցել է մարզի բնակչության 41,27 տոկոոսը՝ 95 144 մարդ:

Նշենք, որ Շիրակի մարզում չկա այդպիսի գյուղ, որտեղ «այո»-ն կամ «ոչ»-ը բացարձակ հաղթանակ տանեն, օրինակ՝ Վարդաղբյուրում, ուր կա ընդամենը 50 ընտրող, ձայները համարյա հավասարաչափ են բաշխվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031