Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի «խաթեր համար»

Դեկտեմբեր 11,2015 15:30

Վերջին հնգամյակի ամենաշատ «կողմ» ձայներ հավաքած բյուջեն

Խորհրդարանը երեկ ընդունեց 2016 թվականի պետական բյուջեն: Դեռեւս նախագիծը խորհրդարան ներկայացնելիս կառավարությունը չէր թաքցնում` եթե հաջողվի եղածը պահել, արդեն լավ է: Բյուջեն, սակայն, ի հեճուկս հնչած բազում քննադատությունների՝ ընդունվեց ընդամենը 12 «դեմ»-ով: 97 պատգամավոր` ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները, «կողմ» քվեարկեցին: ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը` «կողմ», ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը` «ձեռնպահ»: «Դեմ» քվեարկած պատգամավորներն են ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը եւ Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: ՀՅԴ-ն եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը չեն մասնակցել քվեարկությանը: Նիստերը բոյկոտելու պատճառով քվեարկությանը չէին մասնակցում նաեւ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Դահլիճում նստած վարչապետ Հովիկ Աբրահամյանը ակնհայտորեն գոհ էր քվեարկության արդյունքներից: «Պարտավորեցնող է»,- քվեարկությունից հետո ասաց վարչապետը: Մինչ այդ վարչապետը նաեւ Չերչիլին էր մեջբերել` յուրաքանչուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով՝ եթե ինքը չի այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն. «Ես այս խոսքերը հիշեցի, երբ բյուջեն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում»: Վարչապետն այդպիսով պատասխանեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով կարծիք էր հայտնում` ավելի հավակնոտ պետք է լինել, 2,2-ի փոխարեն 8-9 տոկոս աճ պետք է գրել: «Քանի որ լինելու են հերոսաբար «դեմ» եւ «կողմ» քվեարկողներ, այս բյուջեի քվեարկությանը ՀՅԴ-ն ուղղակի չի մասնակցի»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հիշեցնելով`բյուջեում աննախադեպ համեստ ցուցանիշներ են, պետք է կառավարության արդյունավետությունը բարձրացնել: «Այստեղ հերոսության դրսեւորման շքահանդես չէ: ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ քվեարկում է «կողմ»,- դաշնակցական գործընկերոջը հակադարձեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս ամենով հանդերձ՝ 2016-ի բյուջեն դարձավ գոնե վերջին հինգ տարիների ամենաշատ «կողմ» ձայներ ստացած բյուջեն:

2012 թվականի բյուջեն, որով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէր, որակվեց «գոյատեւման»: Գնահատականի հեղինակային իրավունքը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանինն է: 2012-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվեց անհրաժեշտ ձայների նվազագույն շեմով` 66 «կողմ»: «Դեմ» էր քվեարկել երկու պատգամավոր, իսկ «ձեռնպահ» չկար: ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Հաջորդ` 2013 թվականի բյուջեի նախագիծը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակեց «սողալու», ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «կոնսերվացման»: Նա բավական պատկերավոր էր արտահայտվել` ասելով, որ կարդալով այդ փաստաթուղթը՝ տպավորություն է ստացել, թե այն «փակվող օբյեկտի բյուջե է»: 2013-ի բյուջեն ընդունվեց 71 «կողմ» եւ 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Դեմ» էին քվեարկել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին՝ 2014 թվականի բյուջեն էլ կյանք ստացավ 70 «կողմ», 40 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ` դարձյալ բավական լարված մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության առաջին` 2015 թվականի բյուջեն պահպանեց իր նախորդների ձայների մոտավոր համամասնությունը` 71 «կողմ», 46 «դեմ»: «Դեմ» քվեարկած խմբակցություններն էին կրկին ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:

Ուշագրավ է մի բան` Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության առաջին բյուջեն՝ 4, իսկ 2016-ի բյուջեն ընդամենը 2,2 տոկոս աճ է սահմանում, բայց ավելի մեծ վստահության է արժանանում: Ինչո՞ւ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանն այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բյուջեն իրատեսական էր: Ուղերձում ներառված են նաեւ այն հարցերը, որոնք մենք առաջ ենք քաշել: Մենք ասել ենք` սա կայունության բյուջե է, Հայաստանն այսօր այլ հնարավորություն չունի: Շանս չտալ, չսատարել, մի կողմ կանգնել պատասխանատվությունից` ԲՀԿ-ի կողմից անլրջություն կլիներ»: «Քվեարկությունն արդեն իսկ նշանակում է որոշակի վերաբերմունք, եւ ես իմ քվեարկությամբ արտահայտել եմ: Այլ մեկնաբանություններ չեմ անում»,- մեզ հետ զրույցում ասաց «ձեռնպահ» քվեարկած Էլինար Վարդանյանը:

Ստեփան Մարգարյանն ընդհանրապես հրաժարվեց խոսել այս թեմայով, բայց, մեր տեղեկություններով, մտերիմների շրջապատում նա ասել է, որ «վարչապետի խաթր» են «ձեռնպահ» քվեարկել: Երեկ խորհրդարանական կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀԱԿ-ն օգտագործելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւ բոյկոտելով խորհրդարանի այս նստաշրջանի աշխատանքները՝ ըստ էության, խուսափեց բյուջեի նման կարեւորագույն փաստաթղթի քվեարկությունից: Շատ ավելի լավ է ներկա չլինել դահլիճում, չմասնակցել քվեարկությանը, քան «դեմ» քվեարկել: Մանավանդ, որ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀԱԿ-ում ջանում են Հովիկ Աբրահամյանի հետ լավ հարաբերությունները, համենայնդեպս, պահպանել:

«Իհարկե, այս բյուջեն կատարելություն չի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բյուջեի նախագծին «կողմ» քվեարկած միակ ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Իհարկե, այն սոցիալական ուղղվածության չէ, ինչպես կառավարությունը փորձեց ներկայացնել: Իմ ելույթում էլ ես բազմաթիվ փաստեր եմ բերել, բայց օբյեկտիվ փաստաթղթին օբյեկտիվ գնահատական եմ տվել»: Ընդդիմադիր պատգամավորը հետեւելու է կատարողականի ընթացքին, մեր կյանքի որակի փոփոխությանը, քննադատելու է ամենայն խստությամբ. «Բայց ես չեմ պատկանում այն ընդդիմության դասին, որը նախօրոք ձախողում է իրատեսական մոտեցումները»: Ընդդիմադիր պատգամավորի քվեարկության համար խթան է հանդիսացել վարչապետի եզրափակիչ ելույթը: Ի՞նչն է հուզել տիկին Սարգսյանին՝ մեր հարցի պատասխանը եղավ. «Ոչինչ էլ չի հուզել: Որովհետեւ իրատեսական բյուջե է: Բյուջե, որը հնարավոր է կատարել: Վագրային թռիչքներ, անիրագործելի ծրագրեր չկան: Ես ուզում եմ, որ ինչ-որ պահից բոլորս իրատես լինենք եւ հավատանք` ինչ ասվում է, պետք է արվի: Ես այս քվեարկությամբ ուզում եմ հավատալ` 2016 թվականի բյուջեն կկատարվի: Ակնկալում եմ, որ քիչ խոստանալով՝ կառավարությունն ավելին կանի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031