Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «2015 թվականին մասսայական ֆիզկուլտուրայի զարգացման ծրագրերը համալրվել են եւս երկուսով»

Դեկտեմբեր 12,2015 12:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ազգային ֆեդերացիաների եւ մարզադպրոցների՝ 2015 թվականին կատարած աշխատանքների լսումների ժամանակափուլն է, որի ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը դեկտեմբերի վերջերին տարին կամփոփի ասուլիսով: «Առավոտը» նախարարին խնդրեց մինչ այդ ընդհանուր գծերով ամփոփել ընթացիկ տարում կատարված աշխատանքները:

– Եվ այսպես, 2015 թվականին նախարարությունը կատարե՞լ է իր իսկ նախանշած ծրագրերը:

– Այո, կատարել է, նաեւ իրականացրել մասսայական երկու լրացուցիչ խոշոր ծրագիր՝ «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» եւ «Լավագույն հաշմանդամ մարզիկ», որոնք մենք շատ կարեւորում ենք այն առումով, որ ֆիզիկական կուլտուրայի եւ առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավվեցին նաեւ երեխաներն ու ֆիզիկական խնդիրներ ունեցող խավը: Այս երկու միջոցառումները, որոնք լրացրին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, դրա նման անցկացվեցին բազմափուլ, Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը հազարներով է հաշվվում: Ընդորում, նոր ծրագրերի համար պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել:

Ինչ վերաբերում է նախանշված ծրագրերին, դրանք բոլորն էլ կարեւոր են: Սակայն կառանձնացնեի քրեակատարողական հիմնարկներում գտնվողների միջեւ անցկացվող մարզական խաղերը, որոնք կազմակերպում ենք արդեն քանի տարի: Ժամանակին հանցանք կամ զանցանք կատարած, ճանապարհից շեղված այդ մարդիկ նույնպես մեր երկրի քաղաքացիներ են, որոնց նույնպես մենք ուշադրությունից դուրս չենք թողնում: Ի դեպ, գույքը, որ տրամադրում ենք, մնում է քրեակատարողական հիմնարկներում եւ ծառայում նրանց: Ծրագրերը շատ են ու միայն դրանց թվարկումը շատ ժամանակ կխլի: Ես դրանք հանգամանորեն կներկայացնեմ տարեվերջի ամփոփիչ ասուլիսում:

– Անցած տարի նախարարությունը մի լավ նախաձեռնություն էլ էր հանդես բերել: Հանգստյան օրերին մայրաքաղաքի կենտրոնում տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ էր կազմակերպում, ինչը, որքան տեղյակ եմ, բավականին դրական ազդեցություն ունեցավ աճող սերնդին ֆիզիկական կուլտուրայի ոլորտ ներգրավվելու եւ մարզաձեւերի ընտրության հարցում կողմնորոշվելու գործում: Բայց այս տարի մի տեսակ պասիվություն նկատվեց:

– Ճիշտ եք նկատել: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացվող ծրագիրը այս տարի կատարվեց մասամբ: Դա կապված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի, Համահայկական խաղերի, ինչպես նաեւ եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Բայց մարզական ցուցադրական մրցելույթները որոշ չափով փոխհատուցվել են ՀԱՕԿ-ի 25-ամյակի եւ Համահայկական խաղերի շրջանակներում:

– Միջազգային համագործակցության մասին ի՞նչ կասեք:

– Արդեն եղած կապերը խորանում ու նյութական են դառնում, նորերը ստեղծվում ու ընդլայնվում են: Մասնավորապես, Բելառուսի հետ ձեռք բերված համագործակցության արդյունքում մեր ջրացատկորդները  հիմա ուսումնամարզական հավաքներ են անցկացնում այնտեղ, հունվարին մեր մի լողորդ նույնպես մեկնելու է Բելառուս՝ ուսումնամարզական հավաքի, որից հետո մասնակցելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Գործնական համագործակցություններ ենք հաստատել նաեւ բազմաթիվ երկրների սպորտի պետական կառույցների եւ տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների հետ: Վերջերս նախարարության, Հայաստանի աթլետիկայի ու միջազգային ֆեդերացիայի համատեղ ջանքերով Երեւանում առաջին անգամ անցկացվեց միջազգային կիսամարաթոն, որին մասնակցեցին Հայաստանի եւ շուրջ 30 երկրների չորս հազարից ավելի տարբեր տարիքի ու պատրաստվածության աստիճանի վազորդներ եւ վազքասերներ: Դա առաջին քայլն էր այդ ուղղությամբ: Ապագայում մտադիր ենք կիսամարաթոնը դարձնել մարաթոն:

– Մեծ սպորտում գործերն ինչպե՞ս են ընթանում:

– Հիմա նախարարությունում դեռ շարունակվում են ազգային ֆեդերացիաների հաշվետվությունները, ուստի այդ հարցի պատասխանը եկեք թողնենք տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031