Լրահոս
Օրվա լրահոսը

«Օխայ, օխայ անելով»՝ տղայիս բռնաբարության մեջ մեղադրի՞, որ վեց տարի տա՞ն»

Դեկտեմբեր 16,2015 14:30

Լարված ավարտ ունեցավ Արմավիրի մարզի Էջմիածնի դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթացած դատական նիստը:

Մեղադրական ճառից հետո, նիստերի դահլիճից դուրս գալով՝ երիտասարդ ամբաստանյալի մայրը փորձ արեց մոտենալ դատախազին, որը միջնորդել էր ազատազրկել որդուն վեց տարի ժամկետով, ապա անեծք ուղղեց նրան, ասելով՝ «Աստծո դատաստանից վախեցեք»:

Մինչ այս դռնբաց նիստը, դատական նիստերը ընթացել են դռնփակ ընթացակարգով:
Մեղադրական ճառում դատախազը հիմնավորված հաստատեց այն, որ ամբաստանյալը «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթացել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, անչափահաս երեխայի մոր հետ: Երբ վերջինը գտնվել է Հայաստանում, ամբաստանյալը նրան հրավիրել է նախ բար, ապա հյուրանոցային համալիր: Ըստ մեղադրողի, նա տուժողի կամքին հակառակ՝ բռնաբարել է նրան, ապա հափշտակել նրա մոտ գտնվող ոսկե զարդերը:

Տուժողն իր ցուցմունքը տալուց հետո հեռացել է Հայաստանից, ներկայումս Ռուսաստանում է: Նա գրություն էր ուղարկել դատարան, խնդրել էր իրեն չանհանգստացնել, քանի որ ունի ընտանիք: Ի դեպ, ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Նարինե Ռշտունին մի միջնորդություն արեց, որպեսզի իրենց կողմին տրամադրվի տուժողի ռուսաստանյան հասցեն, քանի որ գործի հետ կապված որոշ փաստաթղթեր պետք է ուղարկվեին նրան: Սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը, քանի որ տուժողի՝ իրեն «չանհանգստացնելու գրության մեջ» հասցեն նշված չէր: Մենք տուժողի եւ ամբաստանյալի, որը նույնպես ամուսնացած է, նրա կինը մասնակցում էր դատական նիստին, անձնական տվյալները չենք հրապարակում, քանի որ բռնաբարության մասին մեղադրանքին ծանոթ են միայն տուժողի սկեսուրն ու սկեսրայրը, իսկ Ռուսաստանում գտնվող ամուսինը նույնպես տեղյակ չի այս գործից:

Նարինե Ռշտունին դռնբաց դատական նիստի ժամանակ միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի հյուրանոցային համալիրի տնօրենը: Սակայն դատարանը մասամբ բավարարեց այս միջնորդությունը, գործին կցեց այն բացատրությունը, որը տվել էր իքս-հյուրանոցի տնօրենը:

Ըստ տնօրենի, ինքը դեպքի օրը չի եղել հյուրանոցում, սակայն նրա աշխատակիցները պատմել էին, որ իրենց մոտ է եկել զույգ, որը սիրահարվածի տպավորություն է թողել, կամ՝ նշանվածի: Նրանք եղել են երեքով, տղայի ընկերն էլ է եղել նրանց հետ, ապա հեռացել է՝ թողնելով երկուսին առանձին:

Տուժողի այն հայտարարությանը, թե ինքը փորձել է հյուրանոցի պատուհանի մետաղյա ցանցը բացել, հյուրանոցի տերը չի հաստատել, քանի որ, ըստ նրա՝ «որեւէ արտառոց բան չի նկատել»:

Տնօրենը նաեւ ասել էր. «Բացառված էր, որ վնասված լիներ, ու ինքը նկատած չլիներ»: Ի դեպ, մետատղյա ցանցը չէր կարող ձեռքով պատռվել:

Հյուրանոցի մատուցողուհու բացատրությունը նույնպես դատարանը կցեց գործի նյութերին: Այս կինը հայտնել էր, որ մի ռուս աղջիկ է եղել իրենց մոտ, «խունջիկ-մունջիկ» լինելուց այնպես է տպավորվել, որ նրանք նշանվածներ են:

Դատախազը դեմ առարկեց, որպեսզի մատուցողուհին նույնպես գա դատարան՝ որպես վկա, իսկ նրա բացատրությունը գործի նյութերին կցելու միջնորդության բավարարումը թողեց դատարանի հայեցողության վրա:

Դատարանին պաշտպանական կողմը ներկայացրեց «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը՝ տուժողի՝ ամբաստանյալին ուղարկված «պաչիկներով» ու «love» գրություններով: Պաշտպանական կողմը փորձում էր ապացուցել, որ ամեն բան զույգի միջեւ եղել է փոխադարձ համաձայնությամբ, եւ բռնաբարության ու սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող: Տուժողը ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալը սպառնացել է՝ «Մատերդ կկտրեմ»:

Չնայած դատախազն առարկեց «պաչիկներն» ու արտատպված «love»-ները կցել գործի նյութերին, սակայն դատարանը սա նույնպես կցեց, հետագայում գնահատական տալու նպատակով:

Սկեսուրին երկրորդ անգամ դատարան կանչել չի լինի: Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի նա մի հանգամանքի մասին խոսեր. երբ հարսը ուշ ժամին հյուրանոցից տուն է գնացել, արդյոք, նա ապտակե՞լ է, թե՞ ոչ: «Նպատակահարմար չի» պատճառաբանությամբ պաշտպանական կողմի այս միջնորդությունը նույնպես մերժվեց:
Փաստաբանը պաշտպանական ճառով հանդես կգա դեկտեմբերի 22-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Ի՜նչ էլ մի ամենայն մանրամասնությամբ նկարագրեցիք… «Առավոտ» -ին սազական չի սենց էժանագին հոդվածները, իսկ վերնագիրն ընդհանրապես Բլոգնյուզի ու Շամշյանի ժանրիցա:

  2. Գեւորգ says:

    Անանուն,,տուժող,, անանուն,,վկա,, ,,պաչիկներով բռնաբարություն,, մնում է նաեւ ,,անհայտ մեղադրյալ,, եւ կունենանք ,,հայկական դատարան,, որը կարող է փոխարինել ,,հայկական ռադիոյին,, ! Բա ի՜նչ անեն, լիքը դատավոր, բան ու գործ էլ չկա, իսկ էս ձեւով կարելի է բոլորին աշխատանք ապահովել: Կարելի է խորհուրդ տալ որ ,,մեղավորներ,, ու ,,տուժողներ,, բռնեն ֆայլաբազարից, հետաձգվող երկար նիստեր սարքեն – ու առաջ գնան! Ականջը կանչած միամիտ լոռեցին ոնց արեց: Ի՜նչ տաղանդավոր դատեր ցուցադրեց մարդը եւ տեսաք վերջն ու՜ր հասավ:

    • Ռուզան says:

      Հարգարժան Գեւորգ. Բռնաբարության, սեռական ոտնձգության գործերով անուններ չեն հրապարկվում:Այս կարգի գործերը սովորաբար դատական դռնփակ նիստերով են լինում:Երբ դատարանը որոշում է կայացրել,որ դռնբաց լինի, ներկա եմ գտնվել դռնբաց նիստին:Սակայն էլի չեմ հրապարակել տվյալները, հարգելով ինչպես «ԶԼՄ» օրենքը, այնպես էլ քրեական դատավարության:Եւ վերջապես, քանի մարդը դատված չի, անմեղ է, սկզբունքը դուք էլ հարգեք:Կլինի դատավճիռ, կլինեն անուններ:

  3. Ռուզան says:

    Հարգարժան Նվեր.Մեզանում բավական շատացել են սոցիալական ցանցերի միջոցով կատարված ծանոթություններն ու հետագայում՝ քրեական գործերը:Կարծում եմ սազական էր ինձ բացի մականունավորներից, ընթերցողների համար լուսաբանել մի իրական հայ ընտանիքում կատարվածը, իսկ վերնագիրը, ամբաստանյալի մոր ասածն էր, որը մեջ եմ բերել բառացի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031