Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմիկների եւ աղանդավորների շահերը պաշտպանող Սահմանադրություն»

Դեկտեմբեր 16,2015 16:00

Սոս Գիմիշյանը մեղադրում է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին,
եւ Րաֆֆի Հովհաննիսյանին

Որքան էլ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «ոչ»-ի ճակատի ուժերը խոսեցին հանրաքվեի ընթացքում եղած կեղծիքների մասին, լրատվամիջոցները տարբեր փաստեր արձանագրեցին, այնուհանդերձ, կիրակի օրն ամփոփվեցին սահմանադրական բարեփոխումների վերջնական արդյունքները, եւ արձանագրության տակ ստորագրել են ԿԸՀ բոլոր անդամները, հատուկ կարծիք չի ներկայացվել` «Առավոտի» այս դիտարկմանը Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, «Հայաստան» նախաձեռնության անդամ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ինչ էլ ներկայացնեին, ոչ մի նշանակություն չուներ: Քաղաքական որոշում էր` կեղծել, անպայմանորեն անցկացնել: Անիմաստ էր նման բաներով զբաղվել. ոչ դատական համակարգ, ոչ ընտրական հանձնաժողով… ի սկզբանե մենք դրա մասին խոսում էինք, առաջարկում էինք չմասնակցել այդ գործընթացին: Հայաստանում ընտրությունների միջոցով ոչինչ չի կարող լուծվել, ու սա ոչ միայն մեր իշխանության դիրքորոշումն է: Այս հարցում մեր իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն: Երկրում կառավարում է Վենետիկի հանձնաժողովը: Այսպես ասած` վենետիկյան պոռնիկը»: Սոս Գիմիշյանը շարունակում է պնդել, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանին պարտադրվեցին Եվրոպայի կողմից: Գիմիշյանի հաշվարկներով՝ մոտ 15 տարի է, որ «Արեւմուտքը Հայաստանում ակտիվ գործում է», ու ոչ մարդու իրավունքներ կան, ոչ ժողովրդավարություն, միայն` «ալան-թալան, ստրկացում, այլասերում»: Նրան զարմացնում է, որ մարդու իրավունքներից խոսող եվրոպական առաջատար պետությունների ղեկավարների հեռախոսները գաղտնալսվում են:

Մեր զրուցակցին բնավ դուր չի գալիս, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքում այդպես էլ բովանդակային բանավեճ չեղավ, ու հանրությունը հնարավորություն չստացավ իմանալ ներկայացված նախագծի իրական վտանգների մասին: Կառավարման համակարգի վերաբերյալ ծավալված վեճ-բանավեճը նա լուրջ չի համարում. «Նույնն է, որ ասես` տա՞նձն է լավ, թե՞ խնձորը: Այս փաստաթղթի հիմնական խնդիրն արժեհամակարգային փոփոխություններն էին: Ամբողջ քաղաքական դաշտին ես կմեղադրեի մի բանում, որ մեր ժողովրդին չներկայացրեցին, որ այս Սահմանադրությունն այլասերման, մեր արժեքները ոչնչացնելուն ուղղված, գոմիկների եւ աղանդավորների շահեր պաշտպանող Սահմանադրություն է: Չներկայացվեց: Եթե ժողովուրդն իմանար, թե ինչ է այս նախագիծը, կարող է ոտքի կանգներ: Ոչ նրա համար, որ լավ է վերաբերվում ընդդիմությանը… Եթե մարդն իմանար, որ վաղն իր երեխային կարող են տնից տանել` յուվենալ օրենսդրությամբ, ամեն ինչ անելու են, որ թոռին էլ այլասերված դարձնեն, դա ժողովրդին կարող էր ոտքի բարձրացնել: Մենք ոչ իշխանություն ունենք, ոչ ընդդիմություն: Ունենք ծնկի բերված իշխանություն, նրա հայելային պատկերն էլ ընդդիմությունն է: Դրա համար էլ երկրում վիճակը սա է»:

Սոս Գիմիշյանը «ծնունդով անօրինական» է համարում «նորընտիր» Սահմանադրությունը, քանի որ գործող Սահմանադրության 114 հոդվածի համաձայն՝ փոփոխության ենթակա չեն 1, 2 եւ 114 հոդվածները: Նա համամիտ չէ հակափաստարկների հետ, որ միայն համարն է փոխվել. «Բացի նրանից, որ 203 է դարձել, նաեւ բովանդակային փոփոխության է ենթարկվել: Ավելացված կետերով ինչ ասես՝ կարելի է ավելացնել. օրինակ՝ որ ՀՀԿ-ն հավերժ պետք է իշխանության լինի, կամ Վենետիկի հանձնաժողովը մեր երկրի գերագույն իշխանությունն է»: Քանի որ այսպիսով խախտվել է նաեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը, մեր զրուցակիցն այս փաստաթուղթն իրավական առումով էլ ի սկզբանե հակաօրինական է համարում: «Վենետիկյան պոռնիկից ազատվելուց հետո մեր ժողովրդի հիմնական խնդիրը պետք է լինի այս Սահմանադրությունից ազատվելը»,- ասաց Սոս Գիմիշյանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ մանիպուլյացիաներով էին զբաղված այն մարդիկ, ովքեր կոչ էին անում ժողովրդին գնալ եւ ասել` «ոչ». «Ոչ» իմաստ ունի ասել այն պարագայում, երբ դու վստահում ես ընտրական համակարգին»: Մեր հիշեցմանը, որ հենց հանրաքվեի օրն էլ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել եւ «ոչ» ասել, Սոս Գիմիշյանը հակադարձեց. «Առաջին նախագահը, գտնում եմ, սխալ բան է արել: Ես մեծ կասկածներ ունեմ, որ ինքը իբր չէր գիտակցում, թե ինչ է ասել: Ինքը հստակ գիտեր, որ չարժե վստահել այդ ընտրական համակարգին, եւ կոչ անելով մասնակցել՝ ինքը հստակ գիտակցում էր, որ դա փաստացի նշանակում է ապահովել այն նվազագույն թիվը` 650 հազար մասնակցությունը: 2005-ին Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ ապահովել այդ թիվը. ժողովուրդը չգնաց, անտեսեց, տեր կանգնեց իշխանությանն այդպիսով, բայց էլի կեղծեցին: Բայց ժողովուրդը նաեւ չպարտվեց: Իսկ հիմա` ինչո՞ւ ժողովրդին տարան տեղամաս եւ պարտության: Օրինակ՝ ի տարբերություն մյուս ուժերի, «Նոր Հայաստանը» մինչեւ վերջ իր դիրքերը պահպանեց»: Մեր հաջորդ դիտարկմանը, որ «Նոր Հայաստան» միավորման լիդերներից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ գնաց տեղամաս եւ պատռեց ընտրաթերթիկը, մեր զրուցակիցն ասաց. «Դա ավելի վատ: Եթե ստորագրել ես, պատռել-թափել ես, իրենց ընդամենը «այո»-ով մեկ քվեաթերթիկ է մնացել ավելացնել: Գնացել էիր, գոնե «ոչդ» ասեիր»:

Ունենք իրողություն` ի՞նչ անել, մանավանդ, որ հանրությունն այլեւս պայքարելուց հոգնել է` հարցի պատասխանն էլ եղավ. «Տարբերակ չկա, պիտի պայքարենք` իբրեւ ծնող, պապ, որ թույլ չտանք մեր երեխաներին այլասերեն: Ես պայքարելու եմ նաեւ Սերժ Սարգսյանի թոռան համար: Հազար տարի թուրք սուլթանները չկարողացան մեր ժողովրդին պարտադրել հրաժարվել մեր արժեքներից, սկզբունքներից, ուր մնաց՝ այս եվրոգոմիկները գան ու ինչ-որ բան կարողանան մեզ պարտադրել: Եթե ժողովուրդն ամբողջությամբ հասկանա, թե իրեն ինչ են ուզում պարտադրել, ոտքի կկանգնի»:

Սոս Գիմիշյանին դուր չի գալիս, որ հանրաքվեի արձանագրված արդյունքների վրա օտարերկրյա դեսպաններն էլ են աչք փակում: Ուստի «Հայաստան» նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր հանրաքվեին չեն մասնակցել, նամակներով դիմեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ որպես ամենաժողովրդավար երկրի դիվանագետի: «Թիվը, որը վերջում կհավաքվի, հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանը կհրապարակի եւ կասի իր ծանրակշիռ խոսքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ այս պահին մեր երկրում փաստացի այդքան ընտրող չկա: Սա որոշ իմաստով նաեւ երեւի պետական գաղտնիքի տարր է, բայց ես խոսում եմ դեկտեմբերի 6-ին Հայաստանում ներկա ընտրողների թվի մասին: Ակնհայտ է, որ այդ թիվն ավելի քիչ է: Եթե ժողովուրդը չգնար` ավելի ակնհայտ կլիներ»,- ասաց նա` քմծիծաղով վերաբերվելով մեր հիշեցմանը, որ եվրոպացի դիտորդները բավական կոշտ գնահատականներ էին հնչեցրել հանրաքվեի քարոզարշավի եւ ընթացքի մասին. «Հերթական անգամ լիքը խախտումներ են եղել, բայց չեն ազդել արդյունքների վրա, մի քայլ առաջ են: Դե, թող մեկը մեր իշխանություններին ասի` իրավունք չունես վավերացնել: Միայն Ռուսաստանից եկած չուրկաներն են միանգամից ասում` ամեն ինչ լավ էր: Եթե մինչեւ հիմա հայ ժողովրդի որոշ մասը եվրոպական ուղու հետ ինչ-որ հույսեր կապում էր, հիմա ամբողջովին վարկաբեկվել, զզվելի է դարձել այդ ուղղությունը: Իբր ինքը ճշմարտության կողմնակից է, բայց ինքն է նախագիծը բերել, հրամանն էլ տվել` անպայման անցկացնել: Հայ մարդիկ դեռ մի չնչին կարողացել են տեսքի բերել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031