Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Ներե՛ք մեզ, եթե կարող եք»

Դեկտեմբեր 19,2015 22:28

Երկրապահ կամավորականների միությունում միջոցառում էր կազմակերպվել 2015 թվականին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հարազատների համար: Ներկա էին զոհվածների ընտանիքի անդամները, եռասերունդ երկրապահը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, «Ֆաստ կրեդիտ» ընկերության նախագահ Վահե Բադալյանը: Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:
Ոգեկոչման եւ աջակցման միջոցառումը սկսեց հոգեւոր հոր աղոթքով:
Բարերար Վահե Բադալյանը, ինչպես 2014-ին, այնպես էլ այս տարի մեկական միլիոն դրամ հատկացրեց 2 015 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին: Հայրենասիրական այս նախաձեռնության կարևորության մասին խոսեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Վահե Բադալյանը եւս ազատամարտիկ է, լինելով բժշկական համալսարանի ուսանող, պատերազմի տարիներին մեկնել է առաջնագիծ՝ կյանքեր փրկելու նպատակով: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Թեպետ շատ ավելի կցանկանար, որ խաղաղություն լիներ, որ կորուստներ այլևս չունենայինք: Բայց քանի դեռ չավարտված պատերազմ ունենք, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ զինվորին ու նրանց ընտանիքի անդամներին:

Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ Վահե Բադալյանի ծնողները պարգեւատրվեցին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Զորավարը ոգեկոչման, հպարտության խոսքեր ասաց ներկաներին, այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները համալրելով հայրենիքը պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շարքերը անմահացան եւ ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը այսօր նրանց հոգիները սավառնում են երկնքում, եւ այնտեղից են հսկում մեր անդորրը:
Նախաձեռնությունը ողջունեց նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ի դեպ, վերջին օրերին թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը խափանելիս նահատակված հայորդիների հարազատներին ուղղված ցավակցական խոսք է տարածել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ.
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՆԽՎԵԼԻՍ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր: Ներե՛ք, որ չենք կարողանում ի սպառ բացառել նման ցավալի դեպքերը: Դուք, հայ ազգի հերոս մայրեր, հպարտ եւ գլուխներդ բարձր պետք է քայլեք Հայաստանում՝ համոզված, որ ձեր զավակները չեն մահացել, այլ, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Ձեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում: Ձեր զավակները պատանիների, երիտասարդների համար օրինակ են լինելու: Հենց նրանց օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանեկան, երիտասարդական երկրապահական կառույցների սաներին: Ձեր զավակների հոգիներն այսօր էլ սավառնում են երկնքում եւ նույնիսկ երկնքից երաշխավորում են ձեր, մեր, ամենքիս՝ հայ ազգի անվտանգությունը:
Հավատացած եղե՛ք, ոսոխը հազարապատիկ է հատուցելու իր չարության համար, իր տգեղ արարքների համար: Այսօր էլ հայոց բանակը, ՀՀ եւ Արցախի զինված ուժերը կարողանում են համարժեք հակահարված տալ թուրք ազերուն, կարողանում են ամուր ու անառիկ պահել հայրենյաց սահմանները, բայց նենգաբարո ոսոխի համար գալու է հատուցման դաժան պահը:
Մեր հերոս զավակների զոհվելու կապակցությամբ ես ցավակցում եմ ամբողջ հայ ազգին, ցավակցում եմ ՀՀ եւ Արցախի զինված ուժերին՝ շարքայինից, նահատակված հերոսների մարտընկերներից մինչեւ Արցախի ՊԲ հրամանատար եւ Արցախի նախագահ, մինչեւ ՀՀ պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահ: Նաեւ հավաստիացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, Արցախյան ազատամարտի բոլոր վետերանների անունից, որ պատրաստ ենք ցանկացած պահի, զենքը ձեռքներիս կանգնել պատերազմական առաջնագծում:

Երկրապահների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031