Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը՝ Աշոտյանի չքննադատելու կոչի մասին. «Եթե չի ուզում լսել քննադատություն, ուրեմն չի ուզում բարեփոխվել»

Դեկտեմբեր 21,2015 13:39

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարարի ամփոփիչ ասուլիսում արված այն կոչը, թե լրագրողները թող երկու տարի չքննադատեն իրեն, երկու տարվա քարտ-բլանշ տան նախարարությանը, որպեսզի իրականացնեն կրթության ոլորտի ամենացավոտ ու ամենաանհրաժեշտ բարեփոխումները, այլապես քննադատելու դեպքում նախարարությունն ու կառավարությունը ավելի խորամանկ ու դանդաղ կգործեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց: «Զարմանում եմ, որ պարոն Աշոտյանն այդպիսի միտք է հայտնել՝ լինելով ամենաբաց նախարարներից մեկը, եթե ոչ միակը: Նրա առաջին չափորոշիչը պետք է լիներ քննադատությունը հաճույքով լսելը, որովհետեւ եթե պետական մարմնի ղեկավարը չի ուզում լսել քննադատություն, ուրեմն ինքը չի ուզում բարեփոխվել:

Եթե ինքն ասում է՝ մի քննադատեք, թողեք բարեփոխվեմ, նշանակում է իր բարեփոխումների տեսլականն ու հասարակության տեսլականը իրարից տարբեր են, դա չի կարող օգտակար բարեփոխում լինել: Նախարարը մինչեւ չլսի քննադատությունը, իր բարեփոխումը նպատակին եւ հասարակությանը չի ծառայի»,- վստահ է կրթության փորձագետը:

Անահիտ Բախշյանը ցանկություն հայտնեց, որ ԿԳ նախարարը, լինելով սոցցանցերում ակտիվ մարդ, իր տեսադաշտում ակտիվ խմբեր ունենա եւ ամեն խմբի հետ նստի, լսի նրանց քննադատությունը եւ այդ խմբի հետ արդյունարար գաղափարներ ծնվեն եւ դրանք ինքը իրականացնի: «Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), որը կառավարությանն առընթեր մարմին է, իր կայքում  դնում է շատ արժեքավոր վերլուծություններ, որտեղ տարբեր դասարանների, բնակավայրերի դպրոցներում սովորող աշակերտների գիտելիքների արտաքին գնահատումներ եւ դրանց հիման վրա վերլուծություններ են արվել: Այդ վերլուծություններում կարեւոր դիտարկումներ, առաջարկներ կան, բացեր կան, որոնք բացահայտել է ԳԹԿ-ն, եւ դրա մասին ես միայն այստեղ եմ կարդում:

Շատ ուշադիր լսել եմ Ազգային ժողովում պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը նախարարին եւ իր պատասխանը, որտեղ մեջբերվեցին միջազգային կազմակերպությունների կողմից արված ինչ-ինչ վերլուծությունների արդյունքներ, բայց ԳԹԿ-ի վերլուծության մասին այդպես էլ ոչինչ չասվեց: Այնտեղ գրված է, որ օրինակ 4-րդ դասարաններում աշակերտները դժվարությամբ են նյութը կարդում եւ ընկալում, նրանց մի մասը չի ընկալում առաջադրանքի պահանջը, հետեւաբար ոչ համարժեք պատասխան է տալիս: Մի ուրիշ կարեւոր դիտարկում էլ են արել՝ այնտեղ, որտեղ գիտելիք ստուգող հարցադրումներ են, 60 %-ը ճիշտ է պատասխանում, իսկ ստեղծագործական ունակություններ ունեցող առաջադրանքներին 30%-ն են ճիշտ պատասխանում:

Լավ կլիներ, որ այս բաները պարոն նախարարը ամբիոնից հնչեցներ, նաեւ հանձնարարական տար դպրոցների տնօրեններին՝ ուշադիր կարդացե՛ք ԳԹԿ-ի վերլուծությունները, որոնք ձե՛զ են վերաբերում, արե՛ք եզրակացություններ, մտածե՛ք՝ ինչպե՞ս երեխաները ստեղծագործաբար մոտենան իրենց սովորածին, ինչպե՞ս ընկալեն, ինչպե՞ս կիրառեն գիտելիքը: Շատ կուզենայի, որ մեր նախարարը հենվեր այս վերլուծությունների վրա, որոնց որակն այս տարի ավելի լավն էր, ավելի հետաքրքիր էին դրանք:

Սա եւս քննադատություն է, եթե այդ քննադատությունը ուսուցիչները, տնօրենները, նախարարը չեն կարդալու եւ քննարկելու, ուրեմն ԳԹԿ-ն ինքնանպատակ վերլուծություններ է արել, ինչը այդպես չէ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031