Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների վերջին քաղաքական անեկդոտը՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին

Դեկտեմբեր 30,2015 11:40

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ տարի է 2015 թվականը գյումրեցիների համար, որին ի պատասխան՝ նա քաղաքական մի անկեդոտ պատմեց: «Վերջին անեկդոտը ճիշտ է՝ տխուր է, բայց ինչպես ասում են՝ ամեն անեկդոտում ընդամենը մի փոքր բան կա, որ իրականությանը չի համապատասխանում, մեծ մասամբ իրական է: Ասում են՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւն անընդհատ պահանջում է, թե Արցախը տվեք մեզ, Արցախը տվեք մեզ, Սերժ Սարգսյանը դժգոհելով ասում է՝ իսկ կարո՞ղ է Շիրակը մարզը տանք, պրծնենք ձեզանից: Այս անեկդոտով ամբողջությամբ երեւում է, թե իրականում ինչպիսի վիճակ է Շիրակի մարզում եւ ինչպիսի տրամադրություններ կան թե՛ իշխանությունների կողմից մեր մարզի նկատմամբ, եւ թե՛ մարզի բնակչության կողմից իշխանությունների նկատմամբ: Շիրակի մարզը, առավել եւս՝ Գյումրի քաղաքն այսօրվա դրությամբ համարվում է ընդդիմադիր կեցվածք ունեցող համայնքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում»:

Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան

Մեր ճշտող հարցին՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղա՞ք է, թե՞ ճշմարտախոս, օբյեկտիվ քաղաք է Գյումրին, քաղաքագետն ասաց. «Ավելի ճիշտ կլինի ասել ճշմարտախոս է, ընդդիմադիր կեցվածքը իշխանությունների պրիզմայի ներքո է: Իրականում մեր քաղաքի բնակչությունն ավելի ճշմարիտ է, ավելի պահանջկոտ է, ավելի խիստ է իշխանությունների նկատմամբ, երեւի թե դա է պատճառը, որ մեր իշխանությունների դուրը մի քիչ չի գալիս: Ի՞նչ արած, իշխանությունները պարտավոր են ժողովրդին ծառայել, եւ եթե որեւէ իշխանություն փորձի ժողովրդից նեղանալ, իր ապագան շատ տխուր կլինի, որովհետեւ դեմ գնալ ժողովրդին եւ պահպանել իշխանությունը, ոչ մեկին դա չի հաջողվել, նույնիսկ Ադոլֆ Հիտլերին ու Բենիտո Մուսոլինիին»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ գյումրեցին իրավունք ունի նեղանալու իշխանություններից այս քաղաքին լավ աչքով չնայելու համար, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Գյումրեցին այնքանով իրավունք ունի նեղանալու, որ գյումրեցին տեսնում է՝ Վանում 4 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետք չի մնացել, ովքեր եղել են Արեւմտյան Հայաստանում ու Վանում, չեն պատկերացնում, որ այդ քաղաքն ահռելի մեծ վնասներ է կրել երկրաշարժից: Հիշում եք Ճապոնիայում 4 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը, ասում են՝ այդ երկրաշարժից հետքեր չեն մնացել, 11 տարի առաջ ցունամի եղավ Թաիլանդի հարավում, որը մաքրեց, տարավ, ավերեց Փհուկետ կղզին, աշխարհի ամենազբոսաշրջային կենտրոններից մեկը, 100 հազարից ավելի մարդ մահացավ, բայց ցունամիից հետք չի մնացել: Ամոթ է էլի, այս տարի երկրաշարժի 27-րդ տարին լրացավ, Գյումրին մինչեւ հիմա 4000 տնակ ունի, իսկ Գյումրիի կենտրոնում կարել է տեսնել սարսափելի ավերակ շենքեր, որը աչք չի շոյում:

Գոնե միայն այս պարագայում գյումրեցին իրավունք ունի նեղանալու, էլ չեմ ասում, որ Լենինական-Գյումրին համարել է Խորհրդային Հայաստանի երկրորդ արդյունաբերական կենտրոններից մեկը, չորս տասնյակից ավելի գործարաններ, այդ գործարաններից ոչ մի հետք… Գյումրին դարձել է ընդամենը չարչիների եւ առեւտրականների քաղաք, իսկ առեւտրականների քաղաք լինելով՝ Գյումրին շատ երկար չի կարող գոյատեւել:

Դրա ծանր հետեւանքներից մեկն այն է, որ Հայաստանի հյուսիսային դարբաս Գյումրին 250 հազար բնակչություն ունեցող քաղաքից վերածվել է 70-80 հազար բնակչություն ունեցող քաղաքի: Ես չեմ զարմանա, եթե վաղը մյուս օր իջնի 50 հազար ու դառնա սովորական Աբովյան, Հրազդան, վերածվի այդ «մակարդակի» քաղաքների: Ես, իհարկե, չեմ ուզում վիրավորել այդ քաղաքներին, բայց Գյումրին 5 անգամ ավելի մեծ է, քան այդ քաղաքները, իսկ հիմա ի՞նչ ենք տեսնում. կատաստրոֆիկ վիճակ: Գյումրեցին, իհարկե, իրավունք ունի իշխանություններից նեղանալու, լինի դա Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին նախագահը, թե Սերժ Սարգսյանը՝ վերջին նախագահը ու բոլոր վարչապետերից: Ու եթե որեւէ մեկը գյումրեցիներից նեղանա, ինչպես ասում են՝ ղալաթ է արել, նեղացել է, թո՛ղ գործով ցույց տա, ապացուցի, որ գործ է արել Գյումրիի համար, հետո նոր նեղանա»,- ասում է քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը 2015 թվականն անհաջող տարի է որակում գյումրեցիների համար, քանի որ այն սկսվեց Ավետիսյանների սպանդով, ու ողջ տարին Գյումրին ապրեց այդ իրադարձության քողի տակ: Ըստ նրա, Գյումրին մինչեւ հիմա չի կարողացել թոթափել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության ծանրությունը, քաղաքը վշտի մեջ է. տարին սկսվեց Ավետիսյանների սպանությամբ ու ավարտվեց Պերմյակով ճիվաղի դատավարությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Atshak says:

    տեսքիցդ էրևում ա, շաաաատ վատ վիճակում ես- Գագիկ Համբարյան
    իսկ ճշմարտախոսի համար… էնքան ճշմարտախոս եք ու հայրենասեր, որ ձեր էությունը արցախյան պատերազմում երևաց

    • Գագիկ Համբարյան says:

      Հարգելի Atshak իմ տեսքը ի՞նչ կապ ունի Գյումրու հետ…Եթե քո տրամաբանությամբ շարժվեմ,ապա լաթից ավել բան հագս պետք է չլինի…Այդ խորհուրդտ գնա իշխանություններին տուր…Երկրորդ՝ի՞նչ կապ ունեմ ես Արցախյան պատերազմի հետ,եթե այդ տարիներին եղել եմ ընդամենը դպրոցական…Շատ հետաքրքիր է,թե ի՞նչ գիտես իմ Արցախյան պատերազմին մասնակցությունից և հայրենասիրությունից,որ այսպիսի անտրամաբանական մեկնաբանություն ես գրում…Թե՞ կարևորը գրելն է…

      • Հայ says:

        Որ քաղաքը մեծա մակարդակն ավելի բարձրա? կոռեկտ եղեք

        • German says:

          Մակարդակ բառը չակերթների մեջ է.սխալ պետք չէ հասկանալ ու մեկնաբանել.

          • Հայ says:

            Ես տենում եմ ինչի մեջա, որ մինչև հիմա հայերին բաժանում եք աբովյանցիների հրազդանցիների գյումրեցիների և այլն, ետ գրած սովորական «մակարդակի» աբովյանցին կամ հրազդանցին ինչովա պակաս կամ ավել գյումրեցուց

  2. Գագիկ Համբարյան says:

    Ինձ մի բան է զարմացնում…Ինչու՞ եք ամեն ինչի մեջ վատը փնտրում ու,ըստ ձեզ,գտնում…Նախ ասեմ,որ պետք չէ դեմագոգիայով զբաղվել ու հայտարարել,որ ես ազգին բաժանում եմ գյումրեցիների,հրազդանցիների և այլն…Երբեք այդպիսի բան չեմ արել ու չեմ էլ անի…Աշխարհի բոլոր երկրներում էլ մարդկանց “բաժանում” են ըստ ապրելավայրի…Օրինակ՝մոսկվացի,պետերբուրժցի,վոլգոգրադցի,օդեսացի,խարկովցի,բեռլինեցի և այլն…Բայց դա չի նշանակում,որ այդ ազգերին բաժանում են…Ինչ վերաբերում է ձեր նշած՝”ետ գրած սովորական «մակարդակի» աբովյանցին կամ հրազդանցին ինչովա պակաս կամ ավել գյումրեցուց”, ապա ասեմ,որ ես չեմ ասել աբովյանցի կամ հրազդանցի,այլ ասել եմ ԱԲՈՎՅԱՆ և Հրազդան…Ձեր ասածը լրիվ այլ բան է… Շատ ուրախ կլինեի,եթե Աբովյանը և Հրազդանը դառնային ԳՅՈՒՄՐԻ,այլ ոչ թե հակառակը…Ի նկատի ունեմ քաղաքի բնակչության թիվը,արդյունաբերական կենտրոն լինելը և շատ այլ բաներ…
    Խնդրում եմ այսուհետ իմ մտքերը չաղավաղեք և չներկայացնեք այնպես,ինչպես դուք եք հասկացել…

  3. Ժողովուրդ says:

    Հեղինակին է վերաբերվում, համամաձայն եմ Գյումրու բոլոր խնդիրների հետ, օրեր առաջ ինքս այդ քաղաքում էի ու իրոք շատ տխուր պատկեր էր, բայց հանկարծ չմտածեք, որ ինչ որ առավելություն պիտի ունենա Գյումրին Հայաստանի մյուս հեռավոր քաղաքների նկատմամբ, բոլորն ունեն խնդիրներ ու տիրող անարդարության հետևանքով ամբողջ ազգն է տուժել, իշխանություն ժողովուրդ հարաբերությունը գնալով ավելի է վատանում, հեռավոր Սյունիքում գյուղեր են դատակվել, դա հենց այդ նույն սոցալական անարդարության հետևանք է, այնպես որ ցավը բոլորինս է:

  4. Ս. Պետրոսյան says:

    “սովորական Աբովյան, Հրազդան վերածվի…”
    Եվ նման խոսքեր օգտագործելով ասում եք ոչ մի վիրավորական խոսք?: Հնարավոր է խոսքում այլ բան եք ցանկացել ասել, բայց եթե հանրությունը հասկացել է այնպես ինչպես որ հասկացել է, ամոթ չէ ներեղություն խնդրել “եղած” խոսքերի համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031