Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնածառը՝ Ազատության հրապարակում բախումների և ձերբակալությունների պատճառ

Հունվար 01,2016 21:07

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում անցել է բռնություններով, քաղաքացիներին բերման ենթարկելով ու ձերբակալություններով: Պատճառը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակցիան էր Ազատության հրապարակում:

Ճակատը ցանկանում էր անցկացնել այլընտրանքային Ամանոր՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, տոնածառն էլ Ձմեռ պապի ձեռքին, սակայն ոստիկանությունը թույլ չէր տալիս տոնածառը բերել և տեղադրել Ազատության հրապարակում:

Aravot.am-ը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ փաստորեն ոստիկանության հետ բախման պատճառը տոնածա՞ռն էր, նա պատասխանեց. «Տոնածառը որևէ բանի էլ չէր կարող խանգարել: Մեկ մետրանոց տոնածառ էր, բացի այդ Օսիպյանը քաղաքապետարանի որոշմանն էր հղում կատարում, իբր տոնածառ տեղադրելն արգելվում է, որը ևս ապօրինի էր: Ազատության հրապարակում  հսկայական տոնածառ կարելի է տեղադրել, ասֆալտի վրա մեկ մետրանոց տոնածառ չի՞ կարելի տեղադրել: Երկակի ստանդարտներ են կիրառվում, ինչը չի թույլատրվում»:

Արմեն Մարտիրոսյանը պատմեց. «Օսիպյանին բացատրեցի, թե տոնածառը չենք տեղադրում, ձեռքս եմ պահում, բայց կարմիր բերետներով, հրեշտակներով, հրեշներով բոլորը միանգամից հարձակվեցին ու ապօրինի գործողություններ կատարեցին: Տոնածառը կտոր-կտոր արեցին, բայց հետաքրքիրն այն է, որ այն հատվածը, որը չէր ջարդվել ու մեր ձեռքին էինք պահել, հետո խնդիր չառաջացրեց»:

Արմեն Մարտիրոսյանը նաև պատմեց, թե մի տղայի վրա են հարձակվել, որի վրա փայլփլուն զարդեր կար, այնուհետև մեկնաբանեց. «Իշխանություններն իրենց կորցրել են: Չգիտեն՝ ինչի վրա խոսեն, ինչպես ապօրինություններ իրականացնեն: Ցանկացած մարդ իրավունք ունի զարդ կրելու,  դրա համար պետք է բռնությո՞ւն կիրառեն»:

Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն քաղաքացիների կարծիքը, համաձայն որի՝ մեղադրում են իրենց Ամանորի գիշերը Ազատության հրապարակում անցկացնելու մեջ, պարոն Մարտիրոսյանը նրանց բնութագրեց որպես «իշխանության հասարակություն», որը կարող է իրենց նման հարցերում մեղադրել, սակայն մատնանշեց նաև այնպիսի մարդկանց, որոնք այդ գիշեր իրենց հետ պայքարել էին Ազատության հրապարակում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հինգ բերման ենթարկվածներից չորսին լուսադեմին ազատ են արձակել. «Բերման են ենթարկել իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կասկածանքով: Դա իրավական կատեգորիա չէ, բայց ոստիկանությունն օգտագործում է:

Իսկ Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են: Նա այժմ Կենտրոնի բաժնում իր դեմ կատարված բռնության վերաբերյալ ցուցմունք է տալիս»: Դառնալով տոնածառի պատճառով բախման փաստին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց. «Մենք մեր նախորդ հայտարարության մեջ նշել էինք, որ ռեժիմն ամեն ինչ անում է, որ այլընտրանքային ոչինչ չլինի այս պետությունում, անգամ այլընտրանքային Նոր տարի, ամանորյա միջոցառում: Եվ պատահական չէ, որ հրեշտակների հրամանատար Գեղամ Խաչատրյանը տարբերակել Հանրապետության և Ազատության հրապարակի քաղաքացիներին, ոստիկանապետի խորհրդականն էլ հավանել է այդ արտահայտությունը»:

Մեր այն դիտարկմանը, թե Վալերի Օսիպյանն անընդհատ հղում էր կատարում Վարուժան Ավետիսյանին, որ նա նախօրոք տեղյակ է եղել, որ տոնածառ տեղադրելու թույլտվություն չունեն, պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Ես դիմել եմ ոչ թե տոնածառ տեղադրելու խնդրանքով կամ թույլտվության համար, ոստիկաններն ամեն ինչ կապում են թույլտվության հետ, իրենց իրավագիտակցությունը խորհրդային միությունից այս կողմ չի եկել, այլ խոսքը իրազեկման լրացման մասին էր: Տեղեկացրել ենք, որ տոնածառ ենք տեղադրելու, բայց անհեթեթ պատճառաբանություն բերելով, թե դրանով վերածում են մշակութային միջոցառման, մերժել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031